Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Զվարթնոցի տաճարի կերուխումի եւ թանգարանի աշխատակցի աշխատանքից ազատվելու մասին

Հունիս 23,2014 22:11

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որոշումը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին համարում է ճիշտ ու տեղին:

Հիշեցնենք, որ պարոն Գրիգորյանը աշխատանքից ազատվեց տաճարի տարածքում վերջերս տեղի ունեցած կերուխումից հետո, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել:

«Որոշ կետեր չեմ կատարել, աշխատանքից հեռացրել է: Սխալ եմ եղել, նախարարը մոտեցում է ցույց տվել, ընդունում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում իրեն աշխատանքից ազատելու որոշման մասին այսպես արտահայտվեց «Զվարթնոց» թանգարանի արդեն նախկին վարիչը:

Մեր հարցին, թե ի՞նչ կետեր եք խախտել, պարոն Գրիգորյանը պատմեց, որ կերուխումի ժամանակ տարածքում շորտիկով իրենց աշխատակիցներն են աշխատել. «Ուղղակի աշխատողներ են շորտիկներով երեւացել, որ պետք է չերեւային, բայց դե ես ի վիճակի չեմ բոլորին կարգի բերել, իմ գործը հուշարձան պահպանելն է: Ճիշտ է դրանց շպրտել եմ դուրս, բայց դե մարդ են էլի շոգ է, զբոսաշրջիկներն էլ են շորտիկով գալիս»:

Մեր հարցին, թե տարածքը վարձակալած կերուխումի կազմակերպիչնե՞րն են նախարարին դժգոհել շորտիկով աշխատակիցներից, նախկին վարիչը չցանկացավ պատմել, միայն ասաց. «Ոչ ոք չի տեսել շորտիկով աշխատակիցներին, ուղղակի նկարել են, կադրում երեւացել է ու իրենց դուր չի եկել»:

Մեր հարցին՝ ում դուր չի եկել, ասաց՝«ինձ» ու պնդեց, որ չի ցանկանում այլեւս խոսել:
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե կերուխումից մասնակիցները հուշարձանը չե՞ն վնասել, պարոն Գրիգորյանն ասաց՝ առանձնապես չէ ու էլի պնդեց, որ իրեն հարմար չէ խոսել ու հավելեց, որ պետք է ուշադիր լիներ, որ տաճարի որոշ հատվածներ չցուցադրվեր, օրինակ՝ Զվարթնոցի պատկերը: Ըստ նրա, հյուրերը շրջել են ու 3D –ով դիտել Զվարթնոցի ավերակները:

Մեր հարցին, իսկ 700.000 դրամով կարելի՞ է պատմամշակութային արժեք համարվող հուշարձանը հանձնել կերուխումի, նա ասաց.«Գինը վերեւում են մուծում, գալիս են, մենք կապ չունենք, բայց շատ էժան է, ավելի թանկ պետք է լինի, որ որոշ չափով հուշարձանին նպաստի, ոռոգման համակարգ չկա, ցանկապատ չկա, ահռելի մեծ աշխատանքներ կան անելու»:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը տաճարի տարածքում անցկացված կերուխումից հետո հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով՝ հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30