Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հասցեին կշտամբանքներ են հնչել»

Հունիս 23,2014 21:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր առանձին լսումներ են եղել` նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ իրականացվող վերջին շրջանի ճնշումներին: Լսումների նախաձեռնողը Նիդեռլանդները ներկայացնող պատվիրակ Պիտեր Օմչիկն է եղել: Այդ մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Մինչ լսումները, նման հարցադրումներ են հնչել նաեւ լիագումար նիստում: Ադրբեջանի նկատմամբ կշտամբանքներ են հնչել. «Առաջինը` Բյուրոյի հաշվետվության ժամանակ, երբ հարցն առնչվում էր Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռընե Ռուքեյի Ադրբեջան մուտքի արգելքին: Կշտամբանքներ ու պահանջներ հնչեցին նաեւ Ադրբեջանի արտգործնախարար, պարոն Էլմար Մամեդյարովին հարցեր տալու ժամանակ, նաեւ ազատ բանավեճերի ժամանակ: Այսինքն, առաջին աշխատանքային օրվա երեք կարեւորագույն իրադարձությունների ընթացքում հնչել է Ադրբեջանի անունն ու օրինակը` բացասական ֆոնի վրա»:

Հիշեցնենք, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը:

Ադրբեջանը մոտ 1-1,5 ամիս առաջ ԵԽԽՎ-ում ստանձնել է նախագահությունը: Հերմինե Նաղդալյանը վստահեցնում է, որ  այդ ընթացքում եվրոպացի պատվիրակների զգալի մասի մոտ բավական բացասական վերաբերմունք է ձեւավորվել Ադրբեջանի նկատմամբ, հաշվի առնելով ստացվող այն լայնամասշտաբ տեղեկատվությունը` մեր հարեւան երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նահանջի, ժողովրդավարական հաստատությունների ճնշման հետ կապված: Իսկ լսումները նվիրված են եղել հատկապես Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող ճնշումներին, հրավիրված են եղել ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մանրամասնորեն ներկայացրել են իրավիճակը:

«Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության եւ իրավիճակին» նվիրված զեկույցը ԵԽԽՎ-ի բյուրոյի կողմից ուղղարկվել էր մոնիտորինգային հանձնաժողովին, որպեսզի ներառվեր Ադրբեջանի մոնիտորինգի վերաբերյալ ընդհանուր զեկույցի մեջ, բայց իռլանդացի պատվիրակ Մակնամարն այսօր լիագումար նիստի ժամանակ խնդրեց, որ հարցը դրվի քվեարկության: Պատվիրակները նրան աջակցեցին եւ լիագումար նիստում, մեծամասնության որոշումով, համաձայնություն տրվեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը վերսկսվեր: Սա եւս օրինակ է, թե որքան է եվրոպացիների մոտ դժգոհությունը Ադրբեջանի իշխանությունների եւ նրանց վարած ներքին քաղաքականության նկատմամբ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Aravot.am-ի հարցին, եթե իրավիճակն այդպիսին է, ինչպե՞ս էր ադրբեջանցի պատվիրակ Էլհան Սուլեյմանովին հաջողվել 58 ստորագրություն հավաքել` Հայաստանի պատվիրակության լիազորությունները կասեցնելու եւ պատժամիջոցներ կիրառելու համար, մեր զրուցակիցն ասաց, որ դա ադրբեջանական լոբբիի խավիարային եւ նավթադոլարային քաղաքականության արդյունք է, ինչը շատերի համար պարզ է:

«Այդ առաջարկը նույնպես մի օրինակ է այն քաղաքականության կամ վարքագծի, որը կիրառում են ադրբեջանցիները` իրենց վերաբերվող խոցելի հարցերից շեղելով հանրության ուշադրությունը: Կարծում եմ, որ ուրբաթ օրը Բյուրոյում քննարկվող այս առաջարկը կունենա իր ճիշտ հանգուցալուծումը: Համենայնդեպս, ըստ իս, չի հանգուցալուծվի նախաձեռնողների ցանկալի ուղղությամբ, որովհետեւ դեռ Երեւանում մենք բավականին քայլեր էինք ձեռնարկել այս ուղղությամբ, այս երկու օրերի հանդիպումների ընթացքում էլ մենք բացատրական աշխատում ենք տանում, որպեսզի եվրոպացի պատվիրակները ճիշտ պատկերացնեն այդ առաջարկության հիմնավորման սնանկությունը: Կարծում եմ, դա մեզ կհաջողվի, քանզի շատերը հասկանում են, որ առաջարկը չունի լուրջ հիմնավորում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30