Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը Վոլոդյա Ավետիսյանի գործով կարեւոր տեղեկություննե՞ր ունի

Հունիս 23,2014 20:40

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը այսօր իր պաշտպանյալի հեռախոսազրույցների ձայնագրությունները դատարանում լսելուց հետո հայտարարեց, որ նման խոսակցություններ իր պաշտպանյալը չի ունեցել, դրանք հատուկ ծրագրով սարքած զրույցներ են:

«Լազերային սկավառակներն էլ հետազոտվեցին, բայց դրանց հետազոտումից պաշտպանական կողմի համար ակնհայտ դարձավ, որ չի կարելի լսելուց ասել Վոլոդյան խոսում էր սրա կամ նրա հետ, ինչպես անում էր դատախազը: Այս արձանագրությունները, որ քննիչը կազմել է, սոսկ լսելով հնարավոր չէ ասել՝ ովքեր են խոսում այդ ամենի մասին: Այս զննում կատարելու մասին արձանագրությունների տակ քննիչը նշել է, թե ովքեր են խոսում, ընթերականներն էլ իրենց ստորագրություններով հաստատել են: Այս արձանագրությունները ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ: Դեռ նախաքննության ընթացքում էլ պաշտպանական կողմը կասկածի տակ էր դրել  այս սկավառակների պարունակություն ունեցող նյութի արժանահավատությունը, պահանջել, որ կատարվեն անհրաժեշտ փորձաքննություններ: Իրականում նման խոսակցություններ տեղի չեն ունեցել, մեծ հավանականություն կա, որ ծրագրի միջոցով են ստացել այս ամենը»,- այսօր Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Զաքարյանը:

Փաստաբանը նաեւ  միջնորդություն ներկայացրեց ՝ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին դատարան հարցաքննության կանչելու մասին. « Քանի որ վերջինս լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ընդունել է, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ երկու հանդիպում է տեղի ունեցել ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Վոլոդյա Ավետիսյանը խախտել է: Պաշտպանական կողմը գտնում է, որ այդ հանդիպումների արդյունքում տեղի ունեցածն է հիմք հանդիսացել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ դիտարկումներ ու գաղտնալսումներ իրականացնելու եւ քրեական հետապնդում հարուցելու: Մեր խորին համոզմամբ, պաշտպանության նախարարին հայտնի են այնպիսի տեղեկություններ, որոնք էական նշանակություն ունեն այս գործի համար»:

Փաստաբան Զաքարյանը նաեւ պնդեց, որ գործով ընդգրկված վկաներին բերեն դատարան հարցաքննության՝ պնդելով, որ նրանց ցուցմունքները հակասական են եղել:

Դատարանը մերժեց երկու միջնորդություններն էլ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց վաղը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30