Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մեր առաքելական եկեղեցին ժամանակակից չդառնա, կկորցնի իր հավատացյալներին». սոցիոլոգ

Հունիս 23,2014 19:40

«Կրոնական բոլոր կառույցները փողերի լվացման նպատակ են հետապնդում և ոչ թե հոգևոր սնունդ մատակարարելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և հավելեց, որ արտասահմանից ղեկավարվող ու ֆինանսավորվող կրոնական կառույցները Հայաստանում գործելու իրավունք չունեն. «Որպես կրոնական կառույցներ գրանցված Հայ ավետարանական եկեղեցին և Հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում զբաղվում են աղանդավորական գործունեությամբ: Եվ մենք փաստեր ունենք, որ Ավետարանական եկեղեցին ֆինանսավորվում է արտասահմանից, որն օրենքի կոպիտ խախտում է»:

Հարցին, թե որքանով են հավաստի խոսակցություններն այն մասին, որ «Կյանքի խոսք» աղանդը չկործանվելու համար միանալու է «Աստծո ժողովներ» նոր աղանդին, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց. «Այդ խոսակցությունները նոր չեն: Երբ ժողովուրդն ակտիվորեն սկսեց խոսել «Կյանքի խոսքի» մասին, և այն շատ արագ հայտնվեց ուշադրության կենտրոնում, այդ ժամանակ էլ որոշվեց, որ «Կյանքի խոսքը» պետք է փոխարինվի այլ կառույցով, որն էլ հենց «Աստծո ժողովներ» կառույցն է: Միանշանակ, այդ քանակը տեղափոխվելու է այնտեղ, ոչ մի բան չի փոխվելու»:

Բանախոսը համաձայնեց դիտարկմանը, որ ամառային հանգստի շրջանը կարող է նպաստել աղանդավորների թվի աճին, և հավելեց. «Հատկապես ամռանը աղանդավորները շատ են ակտիվանում: Դրան իրենց հերթին խթանում են նաև ամառային ճամբարները, որոնց 70-80%-ը աղանդավորների հովանավորության տակ են»:

Ա. Ամարյանը խորհուրդ է տալիս երեխաներին չուղարկել այս կամ այն ճամբարը, առանց վերջինիս մասին մանրամասն և հավաստի տեղեկատվություն հավաքելու. «Երեխային ճամբար ուղարկելը քիչ ծախս չէ,- ասում է նա,- և եթե նրանք շատ քիչ գումար են պահանջում դրա համար կամ ընդհանրապես չեն պահանջում, դա արդեն կասկածելի է, այնպես որ, պետք չէ երեխային կուրորեն տանել ու կանգնեցնել փաստի առաջ»:

Պարոն Ամարյանը կարծում է, որ աղանդների տարածման հարցում մեր եկեղեցու գլխավոր բացը նրա ոչ այնքան ակտիվ լինելն է. «Նա հիմա այնքանով պետք է ակտիվ լինի, որ սկսի իր աշխատանքով ցույց տալ, որ ճիշտն ինքն է,- ասում է Ա. Ամարյանը,- այնպես չէ, որ ակտիվ չէ: Վերջերս դասընթացներ են սկսել, հանդիպումներ են կազմակերպում երիտասարդության, ուսանողների հետ, բայց դա քիչ է: Ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու, որտեղ քարոզիչները միայն սպասավորներն են (մոտ 700 մարդ), աղանդավորներից ամեն մեկը քարոզիչ է: Աղանդավորները քարոզիչներ են պատրաստում և ոչ թե հավատացյալներ»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ աղանդների լայն տարածումը կապում է ժամանակակից մարդուն տրված գրեթե անսահմանափակ ազատությամբ. «Մենք ապրում ենք պոստմոդեռնի դարաշրջանում, և անհատն ունի խոսքի, խղճի, գաղափարների, ցավոք նաև սեռի ու կրոնի ազատություն,- ասում է սոցիոլոգը,- դա է պատճառը, որ զարգացած երկրներում եկեղեցական կազմակերպություններն ու ուղղությունները բազմանում են: ԱՄՆ-ում, օրինակ, հազար հինգ հարյուր եկեղեցական ուղղություն կա»:

Ա. Ադիբեկյանն ասում է, որ Միացյալ Նահանգների սոցիոլոգների տվյալները ցույց են տալիս, որ կրոնամոլությունն աճում է թոշակի անցնելու տարիքում. «ԱՄՆ-ում մարդն այնքան էլ «համայնքային» չէ, անհատական է, այսինքն՝ հարևանական-բարեկամական կապերը թույլ են, և ծերունիների համար հանդիպելու, խոսելու, մտորելու միակ հավաքատեղին դառնում է եկեղեցին, բայց ոչ ավանդականը, որն իր էությամբ «մենախոսական» է,- ասում է Ա. Ադիբեկյանը:- Ես կարիք ունեմ քննարկելու այս կամ այն խնդիրը: Ո՞ւմ հետ քննարկեմ: Այստեղից էլ առաջանում է կրոնական ժողովների կամ կենտրոնների ձևավորման խնդիրը: Եվ եթե մեր առաքելական եկեղեցին չփորձի մի քիչ ժամանակակից դառնալ, այսինքն՝ չդառնա «երկխոսական», չգնա համայնքներ, տներ, կսկսի աստիճանաբար կորցնել իր հավատացյալներին»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30