Լրահոս
Օրվա լրահոսը

Էլմար Մամեդյարովը ԵԽԽՎ-ում փորձեց արդարանալ

Հունիս 23,2014 18:31

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը:
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ներկայացրեց նախագահության առաջնահերթությունները` մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև նախագահության շրջանակներում սպասվող իրադարձությունների օրակարգը:
Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հարցեր հղեցին Էլմար Մամեդյարովին, որոնք հիմնականում վերաբերում էին Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատությունների, խոսքի ազատության սահմանափակումներին, քաղաքական դրդապատճառներով ազատազրկմանը և ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Հակամարտության կարգավորման հարցին պատասխանելով` Մամեդյարովը կրկին հղում կատարեց 1993-ին` ԵԽԽՎ-ի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բանաձևին: Հիշեցնենք, որ 1993-ին ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել էր նախկին խորհրդային երկրների միջեւ բնակչության տեղաշարժերի մասին 996 բանաձեւի շրջանակում: Այստեղ Վեհաժողովը ԽՍՀՄ նախկին պետություններին կոչ էր արել հրատապ կարգավորման խնդիր համարել մասնավորապես «այդ պետությունների ներսում եւ միմյանց միջեւ անընդհատ աճող էթնիկ բախումները եւ լիովին օգտագործել հակասությունների խաղաղ կարգավորման ու հակամարտությունների կանխման ԵԱՀԽ մեխանիզմները», նաեւ՝ «ճանաչել Ստալինի օրոք տեղահանված անձանց՝ իրենց ծագման երկրներ վերադառնալու իրավունքը»:

Էլմար Մամեդյարովը նաև հավելեց. «Այս բանաձևը պահանջում է դուրս բերել բանակը օկուպացված տարածքներից, և բանաձևի կիրառումը, ըստ էության բխում է Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքներից: Որքան արագ դա տեղի ունենա, այնքան դա օգտակար կլինի այդ տարածաշրջանում ապրող անձանց համար»: Այնուհետև ԱԳ նախարարը շեշտեց, որ հակամարտության կարգավորումը պետք է բխի երկրների տարածքային ամբողջականության սկզբունքից` հղում անելով Հելսիկյան եզրափակիչ ակտին:

Պատվիրակները հարց բարձրացրին նաև այն մասին, թե ինչու է Ադրբեջանը խոչընդոտում փորձագետների մուտքը Ադրբեջան: Հիշեցնենք, որ Ադրբեջանը թույլ չէր տվել ԵԽԽՎ փոխնախագահ, Վեհաժողովի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռընե Ռուքեին մուտք գործել Ադրբեջան: Ռուքեի` Բաքու մեկնելու արգելքի պատճառը Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունն է, ինչի համար Ադրբեջանը նրան «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել:

Մամեդյարովը պատասխանեց. «Ադրբեջանը միակը չէ, որ դա անում է, դա ընդունված կարգ է: Մենք հետևում ենք միջազգային համբերությունների օրինակին: Եթե ինչ-որ մեկը օրենք է խախտում, ընդունված է, որ նման մոտեցում կիրառվի նրա հանդեպ»: Հարցին պատասխանելով լոբբինգի համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարը նկատեց. «Լոբբինգը այնպիսի երևույթ չէ, որը հայտնագործել է Ադրբեջանը: Դուք էլ այստեղ` Եվրախորհրդում կիրառում եք դա, լոբբինգն ամենօրյա իրականության բաղկացուցիչ մասն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30