Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության Կենտրոնականի բաժին էին տարվել 20-25 ակտիվիստ: Ոստիկանությունը իր վարչական շենքից հեռացրեց մյուս ակտիվիստներին, որոնք եկել էին իմանալու, թե ինչում են իրենց ընկերները մեղադրվում եւ ինչո՞ւ են բերվել բաժին: Ակտիվիստների ճակատագրին արժանացան նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ մոտեցավ ոստիկանների շղթային, Aravot.am-ը փորձեց իմանալ, թե պատգամավորը ահազանգո՞վ է եկել ոստիկանություն: Նա ասաց, որ իմացել է եւ եկել է:
Նիկոլ Փաշինյանը դուրս գալով հայտնեց, որ իրականում 26 հոգի են բերման ենթարկվածները: Նա հասցրել է տեսնել 20-ին եւ որ տղաների վրա կային վնասվածքներ: Նա նաեւ ասաց, որ վարչական վարույթ է հարուցվելու բերման ենթարկվածների նկատմամբ, իսկ Նարեկ Հակոբյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության աշխատակցի հրահանգներին չենթարկվելու հիմքով: Ըստ նրա, 3 ժամը լրանալուն պես բերման ենթարկվածները ազատ կարձակվեն:
Կարդացեք նաև
Ոստիկանության բաժին փորձեց մտնել նաեւ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա էլ մեր հարցին պատասխանեց, որ ահազանգով չի եկել, իրենց աշխատակիցներն են բերման ենթարկվածները, եկել է տեսնի ինչ է կատարվում նրանց հետ:
«Դեմ եմ» շարժման, ինչպես նաեւ ՀԱԿ ակտիվիստները մի քանի անգամ փորձեցին «բացել» ոստիկանության շղթան: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, երկուստեք կասկածում էին միմյանց՝ սադրանքների մեջ ներքաշելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ ակտիվիստներին են այցելել նաեւ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: