Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավոր պատճառները իմանալու համար նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմին, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացել:
«Երբ մենք Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին հարց ենք տալիս, թե ինչո՞ւ աուդիտ չեն անում, որպեսզի այն կայանների վիճակը հասկանան, որոնք իբրեւ վնասով են աշխատում, մեզ պատասխանում են, որ անում են աուդիտ»:
Պրն Սարգսյանի խոսքով՝ եթե անում են աուդիտ, ապա ինչո՞ւ անցյալ տարվա 8 դրամով թանկացման դեպքում, որը նախատեսված էր ճեղքերը փակելու համար, մեկ տարի հետո նորից ճեղքվածք առաջացավ:
Պրն Սարգսյանը այսօր նաեւ անդրադարձավ այն փաստարկին, որ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, որովհետեւ ատոմակայանը 4 ամիս եղել է կանգնած. «Եթե դրա պատճառով է թանկանում գինը, ապա այս դեպքում կան համապատասխան ամորտիզացիոն ֆոնդեր: Եթե ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվում, պետք է ունենալ գումար, որով հնարավոր կլինի մինչեւ կարգավորում կատարելը վճարել»:
Կարդացեք նաև
Պրն Սարգսյանի պնդմամբ՝ Հայաստանում երբեք էլ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի եղել. «Եթե ատոմակայանը 4 ամիս չի աշխատել, եւ մենք չենք զգացել դա, նշանակում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ հաստատ չկա»:
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի կարծիքով էլ՝ Հայաստանում այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ չկա կազմակերպված ընդդիմություն, որը կկարողանա ժողովրդին հուզող հարցերը առաջ քաշել:
Պրն Սադոյանը նույնպես տեղեկացրեց, որ հանրային խորհուրդը հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ներկայացուցիչների հետ քննարկել է էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման խնդիրը, սակայն նորից հիմնավոր փաստարկներ չեն ներկայացվել:
Պրն Սադոյանը ներկայացրեց, որ ատոմակայանից բաշխիչ ցանցերը գնում են էժան էներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկից, որը նույնպես ռուսական է, գնում են 5 անգամ թանկ էներգիա: «Հարց է առաջանում, ինչո՞ւ, երբ ատոմակայանը կանգնած է, ՀԷԿ-երից Էլեկտրաէներգիա չեն գնում, այն դեպքում, երբ Երեւանի ՀԷԿ-ը 2-3 անգամ ավելի էժան է վաճառում: Այստեղ հարց է ծագում, ինչպե՞ս եղավ, որ այդ բացը լրացվեց ամենաթանկ վաճառողի կողմից: Որովհետեւ 2-ն էլ ռուսական են»:
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ