Ազգային ժողովում այսօր կայացած հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի հերթական՝ վեցերորդ նիստը նախորդ՝ աղմկահարույց նիստից, որին մասնակցում էր տխրահռչակ Դմիտրի Կիսելյովը, շահեկանորեն տարբերվում էր գոնե նրանով, որ այսօրվա հյուրերին՝ Պետդումայի պատգամավորներ, Եվրասիական կառույցների չինովնիկներ, «Համմերով» չէին հասցրել ԱԺ աստիճանների մոտ:
Ավելին, այս անգամ մեր հյուրերը դաս տալու կամ մատ թափ տալու գայթակղություն չունեցան: Նիստը վարում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նիստը նվիրված էր «Եվրասիական տնտեսական միություն. Առավելություն եւ հեռանկարներ» թեմային: Բացման խոսքի ժամանակ Վ. Կովալենկոն անդրադարձավ այն հարցին, թե որքան ձեռնտու է Հայաստանին մտնել Եվրասիական տնտեսական միություն (ԵվրասՏՄ), ինչի արդյունքում գազն ու հացահատիկն ավելի էժան կլինեն, ՀՆԱ-ն կբարձրանա 4-5%-ով, «Նաիրիտը» կվերագործարկվի, ատոմակայանը կմոդեռնիզացվի եւ այլն: Հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության մեջ դրսի ներդրումների 45%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Որպես խնդիրներ շեշտվեց ընդհանուր սահմանի բացակայությունը եւ որոշ ապրանքների մաքսատուրքերի տարբերությունը»:
Դրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, ով կոչ արեց ԵվրասՏՄ-ին չառնչվող թեմաներ չքննարկել, չմոռանալ, որ ԵվրասՏՄ-ն միայն տնտեսական միություն է, եւ պետք չի հիմիկվանից խոսել հետագա ավելի խորը համագործակցության , ավելի բարձր մակարդակի ինտեգրացիոն պրոցեսների մասին, եւ պետք է չմոռանալ եւ շեշտել, որ դա անկախ եւ սուվերեն պետությունների միություն է:
Կարդացեք նաև
Այս նկատառումները ՀՀԿ-ական պատգամավորը պատճառաբանեց նրանով, որ դրսից, հատկապես Արեւմուտքից, շատերն են հետեւում այս տեսակի քննարկումներին եւ երբ թեմայից դուրս այլ հարցեր են քննարկվում, ԵվրասՏՄ-ի օպոնենտներն ասում են՝ այ, տեսաք, որ ասում էինք, թե ԵվրասՏՄ-ն ՍՍՀՄ-ը վերականգնելու փորձ է, իսկ Եվրամիությունը, որի հետ դուք չասոցացվեցիք, անկախ պետությունների համագործակցություն էր:
Պատգամավորը նաեւ կոչ արեց ոչ թե անընդհատ խոսել այն մասին, թե ինչ կստանա Հայաստանը ԵվրասՏՄ-ին միանալով, այլեւ անդրադառնալ Հայաստանի դերին՝ այդ միության մեջ, ու նկատեց, որ իր զուսպ եւ կայուն կեցվածքով Հայաստանը ամրություն է տալիս ԵվրասՏՄ-ին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ