«Ժողովուրդը նստեց ավտոմեքենայի դիմաց՝ թույլ չտալու համար այդ մարդկանց տանել: Ոստիկանները հավաքվեցին, քաշում էին մարդկանց, տանում, պոկում, ով հեռախոսով փորձում էր նկարել հեռախոսը ձեռքից վերցնում շպրտում էին»,- անդրադառնալով այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց քաղաքացի Արեւիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրենց բողոքն արտահայտեն, արդյունքում՝ տեղի ունեցան բախումներ՝ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ:
Տիկին Հայրապետյանը նշեց, որ իրեն էլ են վնասել՝ պայուսակն են կոտրել, համակարգիչը վնասել, իսկ իրեն քաշքշել են. «Ես ոստիկանին ասում էի՝ վատ եմ, չեմ կարող գնալ այն կողմ, ասում էր՝ գնա այն կողմ, փողոցից դուրս արի»:
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի՝ Նարինե Պողոսյանի խոսքերով՝ մոտ երեսուն քաղաքացու բերման են ենթարկել, իսկ երկուսին՝ հոսպիտալացրել: Նա հայտարարեց, որ նրանցից մեկը Արա Կարագյոզյանն է.
«Երբ որ եկա տեսա Արա Կարագյոզյանը ճաղերին է հենված եւ լաց է լինում շատ վատ վիճակում, հարցրեցինք, թե ի՞նչ է եղել, ասաց՝ գլխին էլ են հարվածել, սրտին էլ: Այդ նույն հարվածող ոստիկանը եկել էր կողքը կանգնել ու լացում էր, ասում էր՝ եկեք Ձեզ տանեմ հիվանդանոց, բայց մինչեւ հարվածելը պետք է մտածեր»:
Իսկ մյուս հոսպիտալացված ակտիվիստին Նարինե Պողոսյանը նշեց, որ չի ճանաչում, ուղղակի լսել է, որ գլուխը պատռված է եղել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ