Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցներ. «Ամեն ինչ կանենք, որպեսզի վերադառնանք մեր հին գործին»

Հունիս 23,2014 17:14

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների ՝ Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Գեւորգյանի՝ ընդդեմ Մետրոպոլիտենի դատավարության շարունակությունը, որը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 26-ը, քանի որ դատաքննությանը ներկա չէր հայցվոր կողմի պաշտպան Քրիստինե Գեւորգյանը:

Դատավոր Սիմիզար Հովսեփյանը տեղեկացրեց, որ դատապաշտպան Քրիստինե Գեւորգյանը հանդես է եկել միջնորդությամբ ՝ հետաձգել դատական նիստը, քանի որ գտնվում է գործուղման մեջ, ինչին հայցվոր կողմը համաձայնել է:

Դատապաշտպանը նաեւ հանդես էր եկել միջնորդությամբ՝ դատավարության ընթացքում քննարկել երկու վկաների ներգրավման հարցը, սակայն նշված վկաները այդպես էլ չներկայացան դատավարությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները նշեցին, որ նախատեսվում էր, որ վկաները պետք է ներկա լինեին դատավարությանը եւ վկայություն տային այն մասին, որ իրենք չեն եղել անվստահելի աշխատակիցներ. «Նրանք դատավորին ներկայացնելու էին այն ամենը, ինչ կա, որ մենք օրինապահ աշխատողներ ենք եղել, որ Մետրոպոլիտենը երբեք մեր պատճառով վնասներ եւ տույժեր չի կրել»:

Մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ չներկայացան, աշխատակիցներից Անդրանիկ Գեւորգյանը չժխտեց այն փաստը, որ կարող է եւ ճնշումներ են գործադրվել նրանց վրա ղեկավարության կողմից. «Մինչ այս նրանք ասում էին, որ ներկա կլինեն եւ վկայություն կտան: Սակայն վերջին պահին հրաժարվեցին»:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները Aravot.am-ին պատմեցին, որ ներկայումս իրենց համար դժվար է աշխատանք գտնելը, քանի որ իրենց աշխատանքային գրքույկում գրված է, որ հեռացվել են աշխատանքից անվստահության պատճառով. «Այնուամենայնիվ ցանկանում ենք վերադառնալ մեր հին աշխատանքին: Հենց սկզբից այնտեղ ենք ընդունվել՝ որպես փականագործ եւ դարձել ենք մեքենավար: Հեշտ չի մոռանալը դա: Ամեն ինչ կանենք, որպեսզի վերադառնանք մեր հին գործին: Մենք սիրում ենք մեր աշխատանքը»:

Նշենք, որ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը Մետրոպոլիտենի ղեկավարության կողմից աշխատանքից հեռացվել էին այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին մասնակցել էին ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ցույցերին:

Այսօրվա դատավարության ընթացքում, Մետրոպոլիտենի ներկայացուցիչներ՝ Արտակ Երեմյանը եւ Սամվել Մնացականյանը դատավորին պետք է ներկայացնեին հիմնավոր փաստարկներ, թե ինչու են նրանց հեռացրել աշխատանքից:

Հաջորդ դատավարությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին, ժամը 15-ին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30