Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց եկել էին «Անկուշտ հարուստը աղքատներից աղքատ է», «Կներեք, բայց մենք էլ բանկերին ենք պարտք» եւ այլ գրությամբ պաստառներով:
Այսօր՝ հունիսի 23-ին, մի խումբ ակտիվիստներ, դժգոհելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքից, հավաքվել էին Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց:
Քաղաքացիական ակտիվիստ Հայկ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները լուրջ չի համարում, քանի որ նրա կարծիքով՝ պետք չէ ֆինանսական ծախսերը հոգալ ժողովրդի հաշվին: Նա հայտարարեց, որ համաձայն այդ հիմնավորումների՝ էլեկտրաէներգիայի սակագինը միշտ պետք է բարձրանա. «Այս պահին մարդկանց վրա որեւէ սոցիալական բեռ պետք է չավելանա՝ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը հաշվի առնելով, նամանավանդ, որ այդ հիմնավորումները լուրջ չեն: Ի՞նչ է նշանակում ֆինանսական անկայունություն, ի՞նչ է նշանակում ծախսերը հոգալու համար սակագինը բարձրացնել, որպեսզի կարողանան այդ ամենն անել՝ գնացե՛ք դուք ձեր հաշվով արեք»:
Կարդացեք նաև
Ակտիվիստի կանխատեսմամբ, եթե հասարակությունը թույլ տա էլեկտրաէներգիայի սակագինը հիմա բարձրանա, այն հետագայում կդառնա հազար դրամ եւ կշարունակի բարձրանալ: Հայկ Ավետիսյանը այդ քայլն առնվազն համարում է հանցագործություն, իսկ որպես այլընտրանք, նա առաջարկում է ճիշտ կառավարել բիզնեսը.
«Այլընտրանքային էներգիայի ստացման շատ ձեւեր կան, կան արեւային էլեկտրակայաններ, կան քամով աշխատող, եւ մենք ունենք նաեւ շատ հէկեր, ջէկեր՝ էլեկտրաէներգիա արտադրող երկիր ենք: Այդ պայմաններում էլեկտրաէներգիայի սակագինը անգամ ինքնարժեքից՝ միջին հաշվով մեծ է, որքանո՞վ է դա արդարացի»:
Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ էր պայքարում նաեւ «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Թումանյանը, նա հայտարարեց, որ համարում է՝ այսպիսի նախադեպ նախկինում չի եղել եւ դա նոր նախադեպ է դառնալու մյուս ոլորտներում սակագների բարձրացման համար: Նա կոչ արեց բոլոր հասարակական կազմակերպություններին պայքարել այս երեւույթի դեմ: Անդրադառնալով պատճառաբանությանը՝ թե ճեղքվածք է առաջացել՝ նա հայտարարեց, որ ճեղքվածք առաջանում է միմիայն վատ կառավարման պայմաններում.
«Եթե մենք այսօր դա չարեցինք, եթե մենք օգոստոսի մեկին գոնե 1 դրամ մուծեցինք, ուրեմն՝ իմացե՛ք՝ բոլոր ոլորտներում մենք ունենալու ենք այսպիսի վիճակ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ