Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 11 դեպք, որոնցից 3 դեպքով արդեն իսկ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քանդման դեպքերից մեկը մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն է եղել, որի ապամոնտաժումից հետո տարածքը սահմանազատվել է թիթեղյա ցանկապատով, տեղում ընթանում են մաքրման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել գործընթացը՝ հիմնական շեշտը դնելով ապօրինաշինությունների կանխարգելման վրա:
«Ապօրինի շինությունների հայտնաբերման և քանդման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքներն իսկապես նկատելի են, սակայն այս ուղղությամբ անելիքներ դեռ կան: Այդ ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական: Բազմիցս եմ նշել, որ այս երևույթը մեզ համար անընդունելի է, և ապօրինության ցանկացած փորձ կանխվելու է, իսկ այն կատարողներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Ամենափոքր խախտման դեպքում անգամ օրենքի ամբողջ խստությամբ ձեռնարկեք համապատասխան քայլերը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով օրեր առաջ մայրաքաղաքի աղբավայրերից մեկում բռնկված հրդեհին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աղբավայրերի վարձակալների կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման նկատմամբ:
«Պարբերաբար աշխատանքներ տարեք և վերահսկեք աղբավայրերի վարձակալների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքը: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու համար խզեք վարձակալության պայմանագիրը: Հեռանկարային մեր ծրագրերում, անշուշտ, մենք նախատեսել ենք աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, ինչն, ըստ էության, առավելագույնս կնպաստի աղբավայրերի արդյունավետ կառավարման, աղբի կուտակումներից ձերբազատվելու, ինչպես նաև դրա հետևանքով անցանկալի երևույթներից խուսափելու հարցում: Սակայն մինչ այդ պետք է խստորեն հետևեք, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Աղբամուղների մաքրման աշխատանքների հետ կապված էլ հանձնարարվել է, հաշվի առնելով ամռան այս շրջանում ջերմաստիճանի բարձրացումը, սահմանված հստակ ժամանակացույցով պարբերաբար կազմակերպել դրանց ախտահանման աշխատանքներն ու տարածքները պահել մշտական հսկողության տակ:
Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում մայրաքաղաքում առկա մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և առողջապահական պետական տեսչության մասնագետների հետ համատեղ պարբերաբար կատարվում են շրջայցեր, խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ առավել ակտիվացնել աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական խիստ հսկողության ներքո:
Անդրադառնալով մայրաքաղաքում որոշակի շենք-շինությունների նպատակային օգտագործմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել և համապատասխան քայլեր ձեռնարկել ոչ նպատակային օգտագործման դեպքերի մասով: Հաշվի առնելով բնակիչների կողմից պարբերաբար հնչեցվող ահազանգերը՝ հանձնարարվել է խստորեն նախազգուշացնել բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված հատվածներում առկա օբյեկտների սեփականատերերին տվյալ տարածքները մասնավորապես հոգեհանգստյան արարողությունների կազմակերպման նպատակով տրամադրելու անթույլատրելիության մասին և քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործունեությունը կանխարգելելու ուղղությամբ: Այն սեփականատերերը, ովքեր չեն կատարի առաջադրվող պահանջը՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ հայտնաբերվել է վարորդների ծխելու 5 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Դժգոհություն հայտնելով իրականացվող աշխատանքների արդյունքներից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև մեքենաների արտաքին և ներքին սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, մեքենաներում հնչող երաժշտությանը, ինչպես նաև ընթացքի ժամանակ բջջային հեռախոսներով վարորդների խոսելուն:
«Ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվում են հազարավոր երևանցիներ, և շատ կարևոր է, որ մեքենաներում ապահովված լինեն պատշաճ պայմաններ: Մեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս են բարձրացվել մեքենաներում հնչող երաժշտության մասին դժգոհություններ, ինչպես նաև ընթացքի ժամանակ վարորդների ծխելու կամ բջջային հեռախոսով խոսելու հետ կապված: Նման անթույլատրելի երևույթները բացառելու նպատակով անձամբ երթևեկեք երթուղայիններով: Միայն վերջնականգառներում լինելով հնարավոր չէ ամբողջությամբ տիրապետել տիրող վիճակին, ինչն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս ներկայացնել իրական պատկերը: Ձևավորեք առանձին աշխատանքային խմբեր ու անձամբ շրջեք երթուղայիններով, տեղում ծանոթացեք իրավիճակին, որ ձեզ համար էլ տեսանելի լինի իրական պատկերը, ինչից և արդարացիորեն դժգոհում են մեր քաղաքացիները: Համոզված եղեք, որ եթե հենց տեղում, օրենքով սահմանված կարգով կկիրառեք համապատասխան պատժամիջոցները, ապա կարճ ժամանակահատվածում թե՛ դուք և թե՛ մեր համաքաղաքացիները կնկատեն ու կզգան դրական փոփոխությունները»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ արդեն իսկ տեղափոխվել է 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի մուտքերում իրականացվող կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներին: Բացի այդ, հանձնարարվել է նաև պարբերաբար զեկուցել լանդշաֆտային դիզայնի, ինչպես նաև շենքերի գունավորման ու բակերի նկարազարդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
Զեկուցվել է, որ ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող գույքի գույքագրումը: Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքների ընթացքը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պարբերաբար հանրությանը իրազեկել բակերի բարեկարգման, խաղերի տեղադրման, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն