Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ առողջապահության նախարարությունում մասնակցեց Հայաստանում սիրիահայ բժիշկների պարգևատրման հանդիսությանը:
Բուժաշխատողի օրվա առթիվ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի և սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար Թալինի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Պողոս Աղոյանը, առողջապահության համակարգում նվիրված աշխատանքի համար՝ Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկ Գրիգոր Ալոզյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ Վարանդ Կիրակոսյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի բժիշկ Ավետիս Մալաքյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Ճորճ Բարսեղյանը, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկ Բյուզանդ Քահկեջյանը պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով:
Շնորհավորելով բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց սիրիահայ բժիշկների մասնագիտական գործունեությունը՝ նվիրումի, գթասրտության և պատասխանատվության բացառիկ դրսևորումների, Հայրենիքի հանդեպ ջերմ սիրո համար: Տիկին Հակոբյանն առանձնահատուկ շեշտեց այն հանգամանքը, որ պարգևատրվող սիրիահայ բժիշկները, հիմնականում Հալեպից և Դամասկոսից, հաստատվել են Հայաստանի մարզերում ու իրենց մասնագիտական գիտելիքներով, պատրաստվածությամբ ու անսահման ուշադրությամբ առողջություն են պարգևում մարզերի բնակիչներին: Նախարար Հ. Հակոբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ սիրիական պատերազմի հետևանքով Հայրենիքում վերահաստատված մեր հայրենակիցների խնդիրները ՀՀ սփյուռքի նախարարության ամենօրյա հոգածության ներքո են:
Իր հերթին, շնորհավորելով բուժաշխատողներին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը ևս հնարավորինս աջակցում է սիրիահայ բուժաշխատողներին՝ Հայաստանում մասնագիտական կարողությունները դրսևորելու համար: Պարոն Մուրադյանը տեղեկացրեց նաև, որ պարգևատրվող սիրիահայ բժիշկներից մեկն այս պահին ՀՀ առողջապահության նախարարության միջոցներով մասնակցում է արտերկրում անցկացվող վերապատրաստման դասընթացներին:
ՀՀ սփյուռքի և ՀՀ առողջապահության նախարարները հավաստիացրին, որ պետական աջակցությամբ և համատեղ ջանքերով կփորձեն կարգավորել սիրիահայերի, մասնավորապես բուժաշխատողների դեռևս գոյություն ունեցող տարատեսակ խնդիրները:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ