Դուբայում ավարտված արագ եւ կայծակնային շախմատների աշխարհի առաջնությունից Լեւոն Արոնյանը, մեր մյուս գրոսմայստերները եւ Մագնուս Կարլսենը երեկ երեկոյան նույն ինքնաթիռով են ժամանել Երեւան:
Կեսգիշերից առաջ Aravot.am-ը զրուցեց Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանի հետ:
– Ինչպե՞ս ես գնահատում մրցելույթներդ Դուբայում:
– Ռապիդում լավ էի խաղում, բլիցում` այնքան էլ չէ: Բայց արդյունքը, այնպես, վատ չէր:
Կարդացեք նաև
– Շախմատային աշխարհում քո գրաված դիրքը եւ շախմատային տաղանդը պարտադրում են, որ պաշտոնական առաջնություններում ու միջազգային մրցաշարերում կայուն բարձրակարգ շախմատ խաղաս ու բարձր, եթե չասենք` առաջնային տեղեր զբաղեցնես: Բայց վերջին շրջանում նկատվում է, որ անգամ հաղթած դիրքերում վրիպումներ ես թույլ տալիս ու հաղթանակը ձեռքից բաց թողնում…
– Դա բոլորի հետ էլ լինում է: Չեմ կարծում, թե միայն ինձ է բնորոշ: Դա կոնցենտրացիայի պակասն է:
– Երբեմն, թվում է, թե պահի տակ քեզ համար հաղթանակն այնքան էլ կարեւոր չէ ու ավելի շատ հետաքրքրում է ստեղծագործելը:
– Այդ խնդիրը կա: Լինում է, որ ինձ հետաքրքիր է, երբ հակառակորդս ուժեղ է խաղում: Իսկ երբ շատ սխալներ է թույլ տալիս, պահի տակ հետաքրքրությունս կորչում է: Այս խնդիրը դեռ փոքր տարիքից ունեմ:
– Ասում ես` բոլորի հետ էլ լինում է: Բայց Լեւոն Արոնյանը շախմատային աշխարհի ու հատկապես` հայերիս համար, «բոլոր» չի: Երկրպագուները Լեւոն Արոնյանից հաղթանակ են պահանջում: Օրինակ, Մագնուս Կարլսենը, որպես կանոն, նման պահերը ձեռքից բաց չի թողնում: Դա ինչո՞վ կբացատրես:
– Բացատրել, երեւի, իմաստ չունի: Ինձ վրա դեռ պետք է աշխատեմ: Բացատրությունը իմ քայլերը, արդյունքները պիտի լինեն:
– Կա՞ ինչ-որ կոնկրետ բան, ասենք` հոգեբանական, ֆիզիկական պատրաստվածության աստիճանի կամ առողջական, որը խանգարում է քեզ:
– Չէ, այդպիսի բաներ չկան: Վերջին երկու ամսում առողջական փոքր խնդիրներ ունեի:
– Մրսածությո՞ւն…
– Չէ: Վիրահատություն էի տարել:
– Լո՞ւրջ վիրահատություն էր:
– Չէ:
– Հիմա ինչպե՞ս ես:
– Ամեն բան արդեն նորմալ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ