Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի երկրորդ փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Ուրախ եմ, որ կատարվեց ձեր երազանքը և այսօր Հայաստանում եք, ոտք եք դրել հայրենի հողի վրա և ավելի եք ուժեղացել: Հայաստանը համայն հայության հայրենիքն է Բարով եք եկել Հայրենիք: Եկել եք, որ հիանաք Արարատով ու Սևանով, այցելեք Մատենադարան, խոնարհվեք Ցեղասպանության զոհերի հուշարձանին, մոմեր վառեք Սուրբ Էջմիածնում, լինեք Խոր Վիրապում, Գառնի Գեղարդում, Նորավանքում, Սարդարապատում: Բայց ամենակարևորն այն է, որ սովորելու եք հայերեն, խոսելու եք հայերեն: Համոզված եմ, որ հեռանալու եք Հայաստանից այն հաստատ համոզմամբ, որ ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին զուգահեռ պետք է իմանաք մայրենի լեզուն»: Նախարարը շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, հյուրընկալ ընտանիքներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Հրանուշ Հակոբյանը ն ծրագրի մասնակիցներին սիրով հրավիրեց մասնակցելու հուլիսի 1-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցելու են պարախմբեր աշխարհի 34 երկրներից:
Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաև ԱՄՆ-ից բարերարներ Վարդգես և Մերի Նավասարդյանները:
Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «Տավուշ» հայրենակցական միության նախագահի տեղակալ Լավրենտի Միրզոյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին, կարևորեց «Արի տուն» ծրագիրը, նրա դերը հայրենաճանաչության գործում: Նա նշեց, որ ինքը հյուրընկալել է ծրագրի երեք մասնակցի և պատրաստ է հյուրընկալել ծրագրի ևս 15 մասնակիցների: Լ. Միրզոյանը հավելեց, որ «Տավուշ» հայրենակցական միությունը հանդես է եկել ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու պատրաստակամությամբ և կոչ արեց մյուս հ/կներին և հայրենակցական միություններին միանալ այդ նախաձեռնությանը:
Ելույթով հանդես եկավ և ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Երևանի թիվ 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը, ով իր տանը հյուրընկալել է ծրագրի երկու մասնակցի:
Ելույթ ունեցան նաև ծրագրի մասնակիցները՝ «Հայաստանի ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանը՝ Թբիլիսիից, Ալեքսան Հնչեյանը՝ Փարիզից, Նաիրա Եփրեմյանը՝ Ռիգայից, Վիոլետա Ղարագյոզյանը՝ Նինոծմինդայից:
Մասնակիցներն ըստ ծրագրի 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:
Նշենք, որ «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում են 130 պատանիներ և աղջիկներ 8 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Լատվիայից, Սիրիայից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ