Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբխազական երկաթգծի բացումը օրերի հարց է» (Տեսանյութ) 

Հունիս 23,2014 15:04

«Եթե Ռուսաստանը հետեւողականորեն ճնշում գործադրի Վրաստանի վրա, ապա աբխազական երկաթգծի բացումը օրերի հարց է»,-վստահ է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց, որ Հայաստանից Ռուսաստան եւ Ռուսաստանից Հայաստան ապրանքաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ, հաշվի առնելով բնակչության թիվն ու մեր տարածքը, սակայն, Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգիծը Ռուսաստանն ու Իրանը պետք է ձգտեն բացել, որովհետեւ երկու պետություններին էլ ձեռնտու է:

Շաքարյանցը վստահ է, որ Ռուսաստանին ու Պարսկաստանին ձեռնտու է, որ մեր երկրում գործի կայուն եւ հստակ աշխատող երկաթգիծ, որով բավական արագ կարելի է տեղափոխել շատ մեծ քանակությամբ զրահատեխնիկա. «Թե ինչո՞ւ համար պետք է Ռուսաստանին եւ Պարսկաստանին այդպիսի հստակ ճանապարհ զրահատեխնիկայի տեղափոխման համար, ես չեմ կարող ասել, բնական է, դուք հասկանում եք` ես ո’չ ռուսական, ո’չ պարսկական գենշտաբի ներկայացուցիչ չեմ, բայց ես տեսնում եմ՝ միայն դրա համար նրանց ձեռնտու է երկաթգիծը բացել: Նրանք հույսները կտրել են Ադրբեջանից»:

Մանրամասն`  տեսանյութում

 

 

Aravot.am-ը փորձեց հարց ուղղել պարոն Շաքարյանցին, որը հարցը ամբողջությամբ չլսելով, ընդհատեց մեզ, երբ լսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը: Իսկ մենք ուզում էինք ճշտել, թե ինչո՞ւ է վստահ քաղաքագետը, որ երկաթգիծը կբացվի, եթե վերջերս ՀՀ նախագահը Վրաստանում պաշտոնական հանդիպումների էր, աբխազական երկաթգծի բացման մասին քննարկում չի եղել, Սերժ Սարգսյանն ընդամենն ասել էր, որ այն Հայաստանի համար շատ կարեւոր է: Ընդ որում, ըստ միջազգային վերլուծաբանների, Վրաստանն ավելի շատ հետաքրքրված է Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող ճանապարհային միջանցքով, որը կտուժի աբխազական երկաթգծի բացումից հետո:
«Դուք այնտեղ ներկա՞ եք եղել, անձամբ լսե՞լ եք Սերժ Սարգսյանին, մի հավատացեք միջազգային լրատվամիջոցներին, պաշտոնական բանակցություններն ու լրատվամիջոցներին ինչ-որ բան ասելը, տարբեր բաներ են»,-ասաց Շաքարյանցը՝ պատասխանելով մեր դիտարկմանը:

Ուշագրավ էր, որ մեզ պարոն Շաքարյանցը հորդորեց չհավատալ միջազգային լրատվամիջոցներին, իսկ ինքը, իր խոսքը հաստատելու համար, մեջբերում արեց «Եվրոնյուզ» միջազգային լրատվականից:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Վրաստանը պետք է ենթարկվի ռուսական ճնշումներին, որովհետեւ իշխանություն է փոխվել, թե այլ պատճառ կա, Շաքարյանցն ասաց. «Վրաստանը զրկված է ամերիկյան դրամական օժանդակությունից, վաղը մյուս օրը սոցիալական պայթյունն այնտեղ անխուսափելի է: Եվ ո՞վ է ձեզ խաբել, որ Ադրբեջանը մեծ շուկա է, այնտեղ ապրում է Հայաստանից 2 անգամ շատ բնակչություն, բայց չքավոր բնակչություն, իսկ չքավոր բնակչությունը վճարել չի կարող, դրա համար գնում են Ռուսաստան: Ձեզ թվում է պաշտոնական լրատվությունը, որ ասում է բարգավաճ Ադրբեջան, բարգավաճ Վրաստան…Վրաստանն Ադրբեջանի պես չգիտի, ուր գնա, ումից օգնություն խնդրի, չի ջոկում ի՞նչ է կատարվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30