Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսեսյան. «Վերեւում մեծերը կռվում են, ներքեւում պիտի սպասենք, թե ինչ կընկնի մեր վրա՝ մե՞ծ բեկոր, թե՞ փոքր բեկոր»

Հունիս 23,2014 14:58

«Եթե կա այլընտրանք, բացի Եվրասիական միությանը միանալը, ՀԱՊԿ-ի շրջանում ապահովել մեր ազգային անվտանգության խնդիրները՝ խնդրեմ: Ասեք, ցույց տվեք ինձ այլ ալտերնատիվ»,- այսօր ՄԱԱ-ում «Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ դիմելով ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Aram Karapetyan

Նրա խոսքերով՝ «Այսօր ես իմացա, արտահոսք է եղել, որ Վրաստանում ոչ մեկը ՆԱՏՕ չի պատրաստվում հրավիրել, որովհետեւ երկրների կեսից ավելին դեմ են: Ցույց տվեք ինձ այլ ալտերնատիվ: Ուզում եմ անդրադառնալ պարոն դեսպանի ամենակարեւոր մտքին:  Ես շատ ուրախ եմ, որ դուք արտահայտեցիք եվրոպական շրջանակների կարծիքը, որոնք տեսնում են Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը՝ Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ Օվկիանոս: Ես կասեմ իմ իմացածը, պարոն դեսպան: Ո՞վ է դեմ գնալու դրան: Առաջինը՝ ԱՄՆ-ն, երկրորդը՝ ՆԱՏՕ-ն, երրորդը՝ Չինաստանը եւ չորրորդը՝ Թուրքիան, որովհետեւ բոլորն ունեն իրենց սեփական գեոքաղաքական կայսրություն կազմելու քաղաքականությունը: Այդպիսի միության կազմավորման դեպքում ՆԱՏՕ-ն կորցնում է իր իմաստը՝ որպես այդպիսի դաշինք եւ հին Եվրոպան առաջին անգամ շանս է ստանում սեփական անվտանգության համակարգ կառուցելու»:

«Ա1 +» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ ինքը բոլոր բանախոսների հետ էլ համաձայն է, որովհետեւ ամեն մեկն ունի իր արգումենտացիան. «Երբ որ բախվում են գերպետությունները, իսկ Հայաստանը Տիգրան Մեծից հետո եղել է փոքր պետություն, պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանը երբեւէ որեւէ կոալիցիայի մեջ որեւէ շահ չի հետապնդել եւ չի ունեցել: Ի՞նչ կունենանք մենք դեպի Եվրոպա գնալու դեպքում՝ չենք ունենա զարգացման այն հեռանկարը, որը բնական եւ ֆինանսական ռեսուրսներով կարող է օգնել ՌԴ-ն: Մի քիչ դժվար է ՌԴ-ի համար, ես հասկանում եմ: Դեպի ՌԴ գնալու դեպքում մենք թաղվելու ենք այն պրոբլեմի մեջ, որի մեջ թաղված են միջինասիական երկրները եւ թաղված է ինքը՝ ՌԴ-ն: Ինքը մեծ սիրով պատրաստ է իր պրոբլեմները փաթաթել նաեւ մեր վզին: Դեպի ՌԴ գնալու դեպքում միանշանակ կկորցնենք Ղարաբաղը, կկորցնենք հարեւանության բոլոր հնարավորությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ ինչպես միշտ, կդառնանք այն խաղաքարտը, որը դարերով եղել է Հայաստանը: Եթե ընտրությունը ինձ մնար, ես արդեն կողմնորոշված եմ, բայց, ցավոք, Հայաստանը հաշվի չի առնում մեր կարծիքը»:

Մեսրոպ Մովսեսյանը վստահ է, որ հուլիսի 1-ին որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, կհետաձգվի անորոշ ժամկետով:

Ըստ նրա, «եւ-եւ» տարբերակը չենք կարող ընտրել, որովհետեւ մեր սեղանին դրված է պուտինյան կոշտ քաղաքականությունը. «Մենք գտնվում ենք կիզակետում, չունենալով որեւէ օգուտ դրանից: Վերեւում մեծերը կռվում են, ներքեւում պիտի սպասենք, թե ինչ կընկնի մեր վրա՝ մե՞ծ բեկոր, թե՞ փոքր բեկոր»:

Anahit Aghekyan

ԱԺՄ կուսակցության վարչության անդամ Անահիտ Աղոյանի խոսքերով՝ «երբ մենք ընտրեցինք եվրոպական արժեքները՝ որպես քաղաքական հենարան, մենք քաղաքական հստակ աջակցություն չստացանք»: Նա խոսեց կեղծված ընտրությունների մասին՝ ասելով, որ Եվրոպայի գնահատականները այդ ընտրությունների մասին մեղմ են եղել. «Մեր տնտեսական բոլոր հզոր կառույցները անկախության տարիներին քանդվեցին, որակական փոփոխություն այդ բնագավառում չունեցանք, այսօր մենք բնականորեն չենք կարող առեւտրի ընդհանուր եզրեր գտնել Եվրոպայի հետ: Մենք մի կողմում ունենք ՌԴ, որի հետ ռազմական եւ առեւտրական գործընկեր ենք, մյուս կողմից ունենք Եվրոպա, որի հետ մենք շարունակում ենք մնալ քաղաքական գործընկերներ: Այն ՌԴ-ից ակնկալել չենք կարող, որովհետեւ իրականում ՌԴ-ում էլ ժողովրդավարության համակարգը չի աշխատում: Մենք գտնվում ենք նույն վիճակում, ինչ սկսել ենք 91-ին: Պարզապես Հայաստանում քաղաքականություն իրականացնողները եւ դիվանագիտական ինստիտուտները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա»:

ՀռիփսիմԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ես՝որքան հասկանում եմ,ՀՀ-ի գոյությամբ շահագրգռված են երկու պետություններ՝ՀՀ-ն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը:Առաջարկում եմ ռազմական դաշինք կնքել ԻԻՀ-ի հետ,որովհետև մենք ընդհանուր շահեր ունենք՝մենք ապահովում ենք մեր գոյությունը,ԻԻՀ-ն կանխում է մեծ թուրանի ստեղծումը,որը իր մեջ կներառի նաև Իրանի տարածքների զգալի մասը:Ռուսաստանի և Եվրոպայի համար մենք ընդամենը խաղաքարտ ենք՝Ադրբեջանին և Թուրքիային իրենց ազդեցության ոլորտներում պահելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30