ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Yerkir.am-ի՝ օրերս ուղարկած գրավոր հարցերին:
-Պարո’ն Քոչարյան, մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Կարծում ենք՝ ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսին Դուք այս կամ այն կերպ արդեն անդրադարձել եք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին: Թերեւս սկսենք «Որոտան» ՀԷԿՀ-ի սեփականաշնորհումից: Այս «գործարքի» վերաբերյալ բաց հարցերն այնքան շատ են, (նաեւ Yerkir.am-ի բացահայտումները), որ դժվար է սկսել կոնկրետ ինչ-որ հարցից, ուստի կխնդրեմ Ձեր ընդհանուր գնահատականն այս ամենին:
-Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները /շրջանցելով խորհրդարանը/: Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ /հայկական/ դարպասի ուղղությամբ: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից: Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի /գնման ձևի իմաստով/ ձեռքբերում է:
-Վերջին շրջանում հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ նաեւ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի կապակցությամբ: Քառյակի պահանջներից մեկն է՝ վերանայել գործող համակարգերը: Ինչպիսի՞ն է այդ համակարգերի վերաբերյալ Ձեր կարծիքը:
Կարդացեք նաև
– Այս գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում: Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա: 1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերազանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի, որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵՓ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում: 2. ՃԵՓ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը: Ավելին` ստացված միջոցները, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, պետք է ծառայեն բացառապես հանրությանը, մասնավորապես` ապահովեն ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացումը: 3. Փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով: Ի դեպ, շատ եվրոպական քաղաքներում այդ միջոցները ծախսվում են հենց քաղաքացիների հարմարավետության մակարդակի բարձրացման վրա` բարեկարգվում են փողոցները, պուրակները, կառուցվում են նոր քաղաքային կայանատեղեր և այլն: Օպերատորը հավաքված գումարից կարող է ընդամենը մի փոքր տոկոս ստանալ՝ կառավարման համար: Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքացիական տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային և մասնավոր գործընկերության բուն բանաձևը՝ տուգանքների չափից մինչև դրանց բաշխման կարգը: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը: Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որևէ գերմանական քաղաքից:
Նյութի մանրամասները կարդացեք yerkir.am-ի կայքում