Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Առավոտը» պարզապես թռցնում էին կրպակներից»

Հունիս 23,2014 14:12

Օրաթերթի հիմնադրման մասին պատմում է առաջին
պատասխանատու քարտուղար Հենրի Առուշանյանը

«Գիշերը ժամը երկուսին Իգնատ Մամյանը ինձ զանգահարեց, ասաց՝ թերթ ենք բացում՝ «Առավոտը», արի, Վանոյի հետ պիտի հանդիպենք, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարն էր: Մյուս օրը գնացինք, հանդիպեցինք, խոսեցինք թերթի մասին, բայց մենք, ըստ էության, չէինք պատկերացնում, թե ինչ ենք անելու, ասաց՝ դե «Առավոտ» պիտի լինի, որպես նոր կյանքի, նոր, ավելի ազատ մամուլի խորհրդանիշ: Մի կես ժամ խոսեցինք: Գնացինք: Անցավ 3-4 օր, Իգնատը զանգեց, թե գնանք, տեսնենք գրասենյակը: Սուքիասյանների գրասենյակ գնացինք: Մենք դեռ չգիտեինք, թե ինչպես պիտի աշխատեցնեինք համակարգիչը, տեխնիկան եւ այլն, բայց բերեցինք, կահավորեցինք սենյակը»,- «Առավոտի» հիմնադրումն այսպես է հիշում առաջին «առավոտցի», օրաթերթի առաջին պատասխանատու քարտուղար Հենրի Առուշանյանը:

Մինչ «Առավոտ» օրաթերթի հիմնադրումը՝ պարոն Առուշանյանն աշխատել է իրավական ուղղվածություն ունեցող պարբերականում, եղել է «Գրական թերթի» սրբագրիչ, այնուհետեւ նույն լրատվամիջոցի թողարկիչը:

Վերհիշելով «Առավոտի» ստեղծման օրերը՝ Հենրի Առուշանյանը նշում է, որ լրատվամիջոցի ստեղծման «հեղինակը»՝ Վանո Սիրադեղյանը, ներկայացրել էր իր պատկերացումները «Առավոտի» մասին եւ պատվիրել՝ ստեղծել օբյեկտիվ, հավասարակշռված լրատվամիջոց: «Համենայնդեպս, իմ եւ Իգնատ Մամյանի ներկայությամբ այդպես է ասել»,- ասում է Հենրի Առուշանյանը:

Նա հիշում է. «Սկզբնական շրջանում՝ հստակ պատկերացում չունենալով օրաթերթի աշխատանքի ուղղվածության մասին, այդքան էլ ազատ չէինք, դա պայմանավորում է աշխատակազմի խառնվածքով. օրաթերթի խմբագիրը բանաստեղծ էր, նրանք էլ գրական աշխարհից, հրապարակումները նույնպես «պոետիկ էին» ստացվում»: «Բայց արդեն ճանապարհ էինք գնում, համարից համար սկսեցինք ճանաչվել, կայանալ: Հիշում եմ՝ մի անգամ գրեցի մի փոքրիկ նյութ՝ «Երկուշաբթին վատ լուրի օր է» վերնագրով, եկան բողոքողները՝ «մաֆիոզները», մենք ահագին վախեցանք: Հիմա ուզում ես՝ հայհոյի, ոչ մեկը ոչինչ չի անի»,- ասում է նա: Պատմում է, որ սկզբնական շրջանում թերթում աշխատում էին «հոյակապ աշխատակազմով», առաջին լրագրողներն էին Աննա Իսրայելյանը, Հրաչուհի Փալանդուզյանը, Վասակ Դարբինյանը, Սարո Գյոդակյանը, Աշոտ Հակոբյանը, Վոլոդյա Պետրոսյանը, Սարմեն Ղահրամանյանը, Արտակ Ճաղարյանը, Արթուր Ղարագյոզյանը, հետո եկան այլ շնորհալի լրագրողներ: Ասում է, որ բոլորն էլ շատ հարգալից էին միմյանց նկատմամբ, վստահելի մարդիկ էին:

«Թերթը կայացավ Արամ Աբրահամյանի խմբագիր լինելու ժամանակ: Արամը եկավ, հայերեն լավ չգիտեր, ռուսախոս էր, խելացի էր, ճկուն մտքի տեր, արդեն լուրջ դպրոց էր անցել, թերթը կարողացավ ոտքի կանգնեցնել, ամեն ինչ կանոնավորեց, կարգավորեց»,- ասում է պարոն Առուշանյանը: Խոսելով թերթի առաջին տարիների մասին՝ նշում է. «Այն ժամանակ ցանկացած սուր հրապարակում սվիններով էին դիմավորում: «Առավոտը» հավասարակշռված էր, բայց մեկ է, հասարակությունն էլ դեռ ընտելացած չէր սուր ինֆորմացիային»:

Հիշում է, որ որոշ ժամանակ հետո որոշվեց թերթում հավելվածներ տպագրել՝ տնտեսական, մշակութային, իրավաբանական, երիտասարդական եւ այլ թեմաներով:
«Մի ժամանակ եկավ, որ արդեն «Առավոտը» պարզապես թռցնում էին կրպակներից»,- ասում է օրաթերթի առաջին պատասխանատու քարտուղարը: Ինքը լրատվամիջոցում գրում էր մշակութային թեմաներով:

Պարոն Առուշանյանը սիրով է հիշում նաեւ խմբագրության ամենօրյա ժողովները՝ առավոտյան 11-ին, երբ խմբագիր Արամ Աբրահամյանին էին ներկայացնում թերթի թեմաները, խմբագիրն էլ՝ իր դժգոհությունները: Պարոն Առուշանյանը հիշում է, որ Արամ Աբրահամյանը պահանջել էր, որ ժողովներին բոլորը ներկայացնեին իրենց զեկույցները, քննարկեին միմյանց նյութերը. «Բայց էլի գոհ չէր: Արամը գտավ ձեւը. որոշեց պատիժներ սահմանել, ինքն էր ներկայացնում թերությունները, պատժում, օրինակ, ինձ մի անգամ՝ աշխատանքի սխալ կազմակերպման համար: Պատժում էր բոլորին, նույնիսկ իրեն: Հիշում եմ իր հրամանը՝ «Ես դժգոհ եմ այս շաբաթվա հինգ համարներից, որոնց համար նկատողություն եմ անում Արամ Աբրահամյանին», փակցնում էր միջանցքի ցուցատախտակին»:

«Առավոտը» պարոն Առուշանյանի ամենասիրելի օրաթերթն է, ոչ միայն այն պատճառով, որ ինքը եղել է լրատվամիջոցի համահիմնադիրներից, այլ որովհետեւ տեսնում է թերթի աշխատանքը: «Սկսած տառատեսակից, վերնագրի ձեւից, դիզայնից եւ իհարկե՝ բովանդակությունից, ամեն ինչ ճիշտ է: Նյութերը խցկված չեն: «Առավոտը»՝ քաղաքական, հասարակական, տնտեսական հրապարակախոսության առաջնեկ լինելով, ավանդույթ է ստեղծել՝ սուր հրապարակումներով, բայց ոչ անձնական վիրավորանքներ հասցնելով»,- ասում է նա:

Պարոն Առուշանյանը պատմում է՝ «Առավոտում» աշխատել է մինչեւ 1998 թվականը, հետո վերադարձել է Արցախ: «Չլդրան գյուղում տուն ունեինք, գնացի, վերանորոգեցի,- ասում է նա,- խնդրեմ, կարող ենք մեր գյուղ գնալ»: «Առավոտի» 20-ամյակի առիթով շնորհավորում է. «Ցանկանում եմ՝ ավելի բարգավաճի: Գիտեմ՝ ժամանակները դժվար են, բայց «Առավոտը» կգոյատեւի, երբեք իր իմիջը չի գցել: Ճիշտ է, հիմա շատ հայհոյողներ կան, բայց «Առավոտը» իր ճանապարհը ճիշտ է ընտրել, իր նշաձողի տիրույթում է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30