Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է, բայց վերջին խոսքը Հայաստանինն ու Թուրքիայինն է

Հունիս 23,2014 13:58

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, բայց հիմնական խոսքն առաջին հերթին այն երկրներինն է, որոնք ստորագրել են արձանագրությունները»,-ռուս լրագրողի հարցին` հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-թուրքական լավ հարաբերությունները` արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այսպես պատասխանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա ընդգծեց ռուսական կողմի պատրաստակամությունը, որը արտահայտվել է արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո, աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Լավրովը նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցել ենթակառուցվածքների կարգավորմանը:

Այս առիթով Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց. «Ժամանակին Լավրովը Ցյուրիխում ներկա է եղել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ռուսաստանի դիրքորոշումը արտացոլված է բազմաթիվ հայտարարություններում»:

Հարց հնչեց նաև Ֆրանսիայի նախագահի` Փարիզում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկության մասին, որին ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե իրենք կոնկրետության են սպասում: Հարցին՝ ի՞նչ կոնկրետության է սպասում Ադրբեջանը, պարոն Նալբանդյանը պատասխանեց.

«Ֆրանսիայի նախագահը իր տարածաշրջանային այցի ժամանակ կոնկրետ միտք հայտնեց Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Գուցե այդ կոնկրետությունը Բաքվի սրտո՞վ չէ, և նրանք այլ հստակությա՞ն են սպասում: Վերջին շրջանում, չգիտես ինչու, Բաքվի սրտով չեն նաև այն առաջարկությունները, որոնք վերաբերում են երկու երկրների վստահության ամրապնդմանը, դիպուկահարներին շփման գծից հետ կանչելուն, զենքի կիրառման դադարեցմանը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթում տեղ գտած առաջարկությունները»:

Սերգեյ Լավրովը հավելեց, որ ՌԴ-ն պատրաստակամ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այնուհետև կարծիք հայտնեց, թե որքան հաճախ ու պարբերական լինեն նախագահների հանդիպումները, այնքան մեծ թափ կստանա հակամարտության կարգավորման գործընթացը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30