Հունիսի 19-28-ը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում կկայանա ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան։ Այդ մասին հեղինակները տեղեկացրին «Առավոտին», նաեւ հիշեցրին, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Կալկաթայի միջազգային կինոփառատոնում։ Օգոստոսի 21-ից 30-ն էլ «Ապակե կախազարդը» կմասնակցի Մոնրեալի համաշխարհային կինոփառատոնին։ Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը բացի բեմադրող ռեժիսորներից, նաեւ սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։ Նրանց ֆիլմերը մասնակցել են ավելի քան 50 միջազգային կինոփառատոների, այդ թվում՝ Բեռլինի, Մոսկվայի, Լոկառնոյի, Մոնրեալի, Ռոտտերդամի, Էդինբուրգի, Սիդնեյի, Պուսանի, Գոթեբուրգի, Տոարմինայի, Օդենսեի, Կոտբուսի, Կալկաթայի, Տարագոնայի եւ այլն, ստացել մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում:
Հավելենք, որ «Ապակե կախազարդը» իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրությունում, աշխատանքներին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպություններ: Ֆիլմը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է, Նարինե Մկրտչյանի բնորոշմամբ՝ «սիրո եւ կյանքի արժեւորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու»։ Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։ Նկարահանվել են նաեւ Կարեն Ջանիբեկյանը, Վահագն Սիմոնյանը, Կոնստանս Միշելեն, Ռոմեին Սիզանան, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ ուրիշներ: Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին։ Այն դիտելուց հետո, ավստրիացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլն ասել է. «Ֆիլմը շատ հավանեցի։ Սա սիրո պատմություն է՝ առանց գունազարդումների, նաեւ ճշմարտացի հայացք է հայ հասարակությանը։ Գերազանց է»:
Սեփ. լր.
Լուսանկարում՝ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը:
«Առավոտ» օրաթերթ
21.06.2014