Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ հավաքի մասնակիցների նկատմամբ նոր սահմանափակումներ են մշակվում

Հունիս 23,2014 13:36

Շանթ Հարությունյանի հետ անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը մտավախություն ունի, որ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարող է վատ նախադեպ դառնալ ազատ հավաքի մասնակիցների համար:

«Առաջին անգամ ոտնձգությունը ոստիկանի նկատմամբ դիտվում է որպես խուլիգանություն: Հանրային միջոցառումների նկատմամբ երբեք քրեական վարույթ իրականացնող մարմինները նման կոնֆլիկտներին նման գնահատականներ չեն տվել: Ըստ խուլիգանության հոդվածի, որը առաջադրվել է այս գործով բոլոր ամբաստանյալների նկատմամբ, ամբաստանյալները իբրեւ թե բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, բայց նման բան չի եղել, իսկ բռնությունը, որը իբր թե կիրառվել է ոստիկանների նկատմամբ, դիտվում է բռնություն քաղաքացու նկատմամբ: Փաստորեն քաղաքացու ու ոստիկանի միջեւ տարբերությունը վերացված է, նույնացված են: Որեւէ ժողովրդավարական երկրում նման բան չկա»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց փաստաբան Քոչարյանը:

Նրա խոսքով, եթե դատավարությունից հետո մեղադրանքները հաստատվեցին Հայաստանում քաղաքական, հասարակական ակտիվը անցնելու է խուլիգանացման մի փուլ. «Ցանկացած կոնֆլիկտ ոստիկանության հետ բերելու է այդ հոդվածների կիրառմանը, կիրառվելու է որպես ազատ հավաքներ անցկացնելու սահմանափակում»:

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ դժգոհեց, որ ոստիկանները խոչընդոտում են ամբաստանյալների մասնակցությունը դատական նիստերին: Նրա պատմելով, նախորդ դատական նիստին նույնիսկ ամբաստանյալների հարազատները չկարողացան մտնել նիստերի դահլիճ. «Մուտքերը փակված էին մինչեւ դատական նիստը… Հրապարակայանության խախտում եմ համարում, մուտքը փակ է, փակ մուտքից առաջ էլ պատնեշ է դրված, քաղաքացին իրավունք չունի մտնել դատարանի շենք, սա արդեն խնդիր եմ համարում»:

Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ ասաց, որ իշխանությունները պետք է ապահովեն հասարակության մասնակցությունը այս գործին. «Մեր պահանջն է՝ նորմալ պայմաններ ապահովել դատավարության մասնակիցների համար, պաշտպանը պետք է ունենա սեղան, նստի պաշտպանյալի հետ, կարողանա շփվել նրա հետ… ինչու դատարանը չի ապահովում, ավելի մեծ դահլիճ ապահովելու համար քայլեր չեն ձեռնարկվում, հուսով ենք՝ միտումնավոր չէ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ «ռեժիմի ապօրինի գործողությունների դրսեւորման շարունակություն» որակեց Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների դատավարության անցկացումը. «Անհիմն է նման պայմաններում դատական գործընթացի անցկացումը նման սահմանափակ հնարավորություններով: Պնդում եմ՝ հրապարակայանության սահմանափակում է, երբ քաղաքացիների եւ լրատվամիջոցների համար ոչ պատշաճ ու միտումնավոր նման պայմաններով են անցկացնում դատական գործընթացը: Այդ կերպ էլ փորձում են դրսեւորել իրենց կանխակալ վերաբերմունքը Շանթի ու նրա համախոհների գործողությունների նկատմամբ»:

Նրա խոսքով, հաջորդ դատական նիստին մեծ թափով կհավաքվեն դատարանի դիմաց, նա չբացառեց, որ քաղաքական բանտարկյալները կբոյկոտեն նիստերը, մինչեւ չապահովվեն նորմալ պայմաններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30