Ձեւավորվում է հիմնադիր խորհրդարանը
Նախախորհրդարանի անդամ, Նախախորհրդարանի կողմից ձեւավորվող հիմնադիր խորհրդարանի պատգամավորի ինքնառաջադրված թեկնածու, վանաձորցի Հովհաննես Ղազարյանը նախ համառոտ ներկայացնում է հիմնադիր խորհրդարանի ստեղծման նպատակն ու գործառույթները: Նախատեսվում է արդեն մինչեւ սեպտեմբերի կեսերը ձեւավորել խորհրդարանը: Այն լինելու է 65 հոգանոց կազմով, ըստ էության, ժամանակավոր այլընտրանքային կառավարման մարմին, որի առաքելությունը, նրա խոսքով, ռեժիմի՝ վարչախմբի հեռացումն է լինելու, իսկ մինչ այդ՝ միջանկյալ ժամանակահատվածում՝ երկրի կառավարման ստանձնումը, որին հաջորդելու է արդար ընտրությունների անցկացումն ու հիմնական իշխանության ձեւավորումը: Համաձայն ընթացակարգի, հիմնադիր խորհրդարանի յուրաքանչյուր ինքնառաջադրվող թեկնածու դիմում է ներկայացնում ընտրական հանձնաժողովին, որի դրական եզրակացության դեպքում նրան տրվում է համապատասխան թերթիկ՝ իր թեկնածուական համարով, որի մեջ նա հավաքելու է 300 եւ ավելի քաղաքացիների ստորագրություններ՝ վստահության քվեներ: Այսկերպ քաղաքացիները թեկնածուին լիազորում են իրենց անունից գործառույթներ իրականացնելու հիմնադիր խորհրդարանում: Վերջում վարկանիշային քվեարկությամբ առավելագույն ձայներ հավաքած 65 թեկնածուները ձեւավորելու են հիմնադիր խորհրդարանը, մյուսները, սակայն, չեն լքելու շարժումը եւ մնալու են պայքարի մեջ: Գործընթացն արդեն սկսված է, մի քանի տասնյակ ինքնառաջադրումներ են եղել, եւ մեկնարկել է ստորագրահավաքի փուլը: Վանաձորից թեկնածություն են առաջադրել Նախախորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանն ու քարտուղարության անդամ Տիգրան Սիմոնյանը, երկուսի դիմումներն էլ ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվել են:
Մի քանի ամիս է՝ Վանաձորում գործում է Նախախորհրդարանի գրասենյակը, բայց վանաձորցիներն այնքան էլ իրազեկված չեն Նախախորհրդարանի նպատակներից, չնայած Հովհաննես Ղազարյանի համոզմամբ՝ առաջիկա ամիսներին վանաձորցիների ակտիվությունն էլ կաճի, եւ նրանք հնարավորություն կունենան ավելի գործնական մասնակցություն ունենալու շարժմանը: Ընտրությունների ընթացքում տեղեկատվական վահանակներ, սեղանիկներ են տեղադրվելու քաղաքի տարբեր հատվածներում, հանդիպումներ են նախատեսվում քաղաքի եւ շրջակա բնակավայրերի ազգաբնակչության հետ, որովհետեւ չկա սահմանափակում, որ վանաձորցին միայն իր քաղաքից ինքնառաջադրված թեկնածուին պետք է լիազորի ստորագրությամբ, պարտադիր պայմանը միայն մեկն է, որ քաղաքացու ստորագրությունը երկու տարբեր թեկնածուների մոտ չկրկնվի: Հիմնադիր խորհրդարանի ձեւավորման այս փուլում հայտարարվել է Նախախորհրդարանի առաջնորդի՝ Ժիրայր Սեֆիլյանի անունը, թե ում կվստահվի շարժման պատասխանատվությունը Վանաձորում, հայտնի չէ, բայց, Հովհաննես Ղազարյանի խոսքով, այդ ընտրությունը չի էլ կարեւորվում, քանի որ հավակնությունների խնդիր չկա, թիմային աշխատանք է, առաջնային նպատակն էլ՝ համակարգի հեռացումն ու ազատ, անկախ պետության ստեղծումը: «Շատերի կողմից կա սխալ ընկալում Նախախորհրդարանի ծրագրային դրույթների վերաբերյալ. որ ասում ենք` մենք մնալու ենք ու հեռացնելու ենք համակարգը, շատերի մոտ այդ խոսքերը տպավորություն են ստեղծում, որ պատրաստվում ենք բախումային իրավիճակի: Նման իրավիճակի պատրաստ ենք, բայց չի նշանակում, որ ինքներս պիտի հրահրենք: Ուժային կառույցներն էլ, լավ գիտենք, որ այսօր դարձյալ խոցելի դաշտում են գտնվում իրենց ֆինանսական, սոցիալական վիճակով, ոստիկաններն էլ լավ օրի կամ լավ ապրելակերպի չեն, նրանք էլ մերն են, մեր հասարակության մի հատվածն են, բայց ռեժիմը նրանց եւս օգտագործում է, եւ չի բացառվում, որ կհանի ժողովրդի դեմ: Մենք կանգնելու ենք առաջին շարքում, ժողովրդի եւ ուժայինների միջանկյալ գծում՝ մեզ վրա ընդունելով (եթե կլինի) այդ հատվածը: Ակնկալում ենք, որ ոստիկանները եւս խելամիտ կգտնվեն, կհասկանան, որ իրենց օգտագործում են, բայց եթե ամեն դեպքում ռեժիմը որոշի ուժի դիմել, միանշանակ կստանա ուժին ուժով պատասխան: Չկա հայրենիքից ավելի բարձր արժեք, ու այդ արժեքի համար գնալու ենք մինչեւ վերջ: Այսօր մեր տեսակը՝ որպես հազարամյա քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ, նվաստացվում է ամբողջ աշխարհով: Տեսնում ենք՝ ինչ է կատարվում. միջազգային հարթություններում մարդիկ, որոնք չլինելով լեգիտիմ, ներկայացնում են մեր պետությունը, եւ ոչինչ չունենալով ընդհանուր հայի ու Հայաստանի հետ, գնում ինչ-որ տեղեր ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերում, որի իրավունքը չունեն, չունեն իրավունք հանդես գալու ժողովրդի անունից, որոշումներ ընդունելու, փաստաթղթեր ստորագրելու, բայց անում են: Եվ երկրորդը, որ ծիծաղելի է, որտեղ խոսել է պետք, չկա այդ խոսքը, իսկ երկրի ներսում հոխորտանքներ, մեծամիտ խոսքեր են հնչում իրենց կողմից»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:
Այս պահին Վանաձորում Նախախորհրդարանի հետեւորդների, աջակիցների թիվը 200-ից ավելի է, բայց տեղեկատվության տարածման հետ համակիրներն էլ են ավելանում: Վանաձորում Նախախորհրդարանը հույսեր է կապում հատկապես ազատամարտիկների եւ երիտասարդության հետ: Չի բացառվում, որ հետագա շարժմանը միանան նաեւ պետական համակարգի ծառայողներ ու աշխատակիցներ: «Երբ հիմնադիր խորհրդարանը ստեղծվի, ուժերի վերադասավորում կլինի, համակարգից առողջ ուժերի պոկվելով՝ այն կսկսի թուլանալ, սա բնական գործընթաց է, որ պետք է կատարվի, եւ կգա մի պահ, երբ որ ուժերը սկսեն հավասարվել, բալանսը կփոխվի, եւ մեր թեւր կսկսի ուժեղանալ: Դա տեղի կունենա, երբ առողջ ուժերը պոկվեն համակարգից ու գան դեպի իրական ազգայինը, քաղաքացիականը՝ հիմնադիր խորհրդարան: Կգա մի պահ, որ ռեժիմն ուղղակի մենակ կմնա իր մի քանի ընտանիքներով»,- համոզված է Նախախորհրդարանի անդամը:
Իսկ ինչպե՞ս է Հովհաննես Ղազարյանը գնահատում ընդդիմության պոտենցիալ ռեսուրսը Վանաձորում՝ նկատի ունենալով վարչական մեխանիզմների կիրառման առավել լայն հնարավորությունները փոքր քաղաքում, ինչի արդյունքում սակավամարդ հանրահավաքների ու ցույցերի ականատեսն ենք դառնում: Նախախորհրդարանի անդամը կարծում է՝ վանաձորցիները կմիանան շարժմանն ու փողոց դուրս կգան պայքարի՞: «Առաջին հերթին ուշադրություն դարձնենք՝ հանրահավաքներն ովքեր են կազմակերպում, որովհետեւ կուսակցություններին հավատալը այլեւս մանկամտություն է: Ժողովուրդն իմաստուն է, գիտի ում հետեւից գնա: Այսինքն՝ երբ որ գալիս է կուսակցությունը, ասում է՝ ես իշխանություն եմ վերցնում, կարելի է ուղղակի նայել-անցնել, բաց երբ որ գալիս է մի ուժ, որն ասում է՝ ես ուզում եմ ազատագրել Հայաստանը, հետո կազմակերպենք նորմալ ընտրություններ, ում ազգը կընտրի, թող նա էլ լինի վերեւում՝ որպես ծառայություն մատուցող, բեռի տակ՝ հանձին նախագահի, այս դեպքում հարցը փոխվում է: Ժողովրդի նկատմամբ ժամանակ առ ժամանակ կեղտոտ խաղեր են արվում, հույս են տալիս, այնուհետեւ հուսախաբության տանում, կոտրում ողնաշարը: Մի քանի անգամ ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը դա արեցին: Հավատում եմ, որ վանաձորցիները իրենց մեջ ուժ գտնելու են՝ դուրս գալու ու քշելու համակարգը, այլ տարբերակ մենք չունենք: Բոլորը չէ, որ դուրս կգան, բայց այն հատվածը, որը որ իր մեջ կգտնի այդ արժանապատվությունը, ցանկությունը, կլինի հոծ զանգված հենց մեր քաղաքում: Վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին վանաձորցիների տրամադրվածությունը, համբերության սպառումը: Մարդիկ ձայն տվեցին Րաֆֆուն՝ չընտրելով ուղղակի Սերժին: Մեր քաղաքացիները հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել, արտագաղթն էլ չի փրկելու, սա էլ հարցի լուծում չէ, մյուս կողմից՝ թշնամին մտել է քո տուն, քո տարածքը գրավել է: Մայրաքաղաքում է հիմնականում ամեն ինչ որոշվելու, սակայն, որ Վանաձորը մեծ դերակատարում կունենա, սա միանշանակ է: Ամեն դեպքում Վանաձորը իրենը կասի, վաղուց է ասել ընտրությունների արդյունքներով: Պարզապես պետք է ժողովրդին հասկանալ, եթե ընդդիմադիր հատվածը, ով առաջին շարքում կանգնում է, իսկապես սիրում է իր տեսակին, իր երկիրը, ժողովուրդը հեշտ կհայտնաբերի նրան, եթե այդ սերը տեսնի: Չեմ կասկածում մեր քաղաքացիների իմաստնության վրա»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:
Կարդացեք նաև
ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.06.2014