«Աշխատանքները սկսել են եւ այսօր ժամը 9:30-ից շարունակաբար հանվում են շենքից քարերը»,- այսօր՝ հունիսի 23-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքներին, հայտարարեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
Հիշեցնենք ՝ շաբաթ՝ հունիսի 21-ին, Մշակույթի նախարարության ներկայացուցիչն, այցելելով Աֆրիկյանների ակումբի շենքի տարածք, հայտարարել էր, որ Մշակույթի նախարարությունը թույլ չի տվել ապամոնտաժել շենքը եւ պահանջել է դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները:
Սարհատ Պողոսյանը նշեց, որ մոտ երեսուն քար արդեն հանված է, եւ առավոտից, ինչ պարզել են, որ ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, ահազանգում են Մշակույթի նախարարություն, սակայն այդպես էլ տեղեկատվություն չեն ստանում: Սակայն, նա տեխնիկապես անհնար է համարում, որ նախարարությունը որեւէ նոր փաստաթուղթ կարող էր տալ. «Տեղում կառուցվում է ինչ-որ հյուրանոց, բայց մենք վիճարկում ենք տեղափոխման օրինականության հարցը: Մեզ չի հետաքրքրում՝ տեղում ի՞նչ է կառուցվում, մեզ չի հետաքրքրում՝ այդ քարերն ի՞նչ են լինում: Այսօր շենքի ապամոնտաժումն անօրինական է»:
Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Անի Վարդանյանը հայտարարեց, որ ուրբաթ օրը դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել կառավարության 2007 թվականի եւ Երեւանի քաղաքապետարանի 2005 թվականի որոշումները, ըստ որոնց՝ հնարավոր է տվյալ հուշարձանի տեղափոխման հարցը: Նա նշեց, որ հարցի հետ նաեւ ներկայացրել են միջնորդություն՝ դատարանից խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին՝ կառավարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին, դադարեցնել շինարարական գործողությունները մինչեւ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը. «Հիմա սպասում ենք, թե ի՞նչ պատասխան կտա դատարանը, ըստ դատարանի որոշման, հնարավոր է նաեւ դիմենք Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու այս որոշումները, քանի որ Հայաստանի Հանրապետությունն արդեն վավերացրել է միջազգային կոնվենցիան, որը ավելի գերակա է, քան մեր պետական օրենսդրությունը»:
Կարդացեք նաև
Աննա Վարդանյանը նշեց, որ գրություններ են ուղարկելու Երեւանի քաղաքապետարան եւ մշակույթի նախարարություն՝ որպես ի գիտություն, որ հայցերն արդեն դատարանում են: Նրա խոսքերով՝ այդ գրությամբ նաեւ առաջարկում են՝ որպես միջոց կասեցնել գործընթացները մինչեւ դատարանի որոշման կայացումը:
Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Արմեն Ափրոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կիրակի օրն արտահերթ քննարկում է լինելու, որի ընթացքում նոր որոշում կկայացնեն: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե բանախոսները տեղյա՞կ են, քննարկում եղե՞լ է եւ եթե եղել է որեւէ որոշում կայացվե՞լ է, Սարհատ Պետրոսյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունեն. «Ենթադրում եմ՝ այդ հայտարարության շրջանակներում երեկ դադարեցվել են աշխատանքները շինհրապարակում, այսինքն՝ երեկ աշխատանքներ չեն կատարվել: Ենթադրում ենք, որ Մշակույթի նախարարությունը կապ չունի այսօրվա աշխատանքների հետ, ենթադրում ենք, որ կառուցապատողը փորձում է անամոթաբար շարունակել, քանի որ Մշակույթի նախարարությունը մի անգամ գրավոր թույլ տվել է, հիմա բանավոր թույլ չի տալիս: Փորձում են դա շահարկելով ինչքան հնարավոր է շենքը քանդել»:
Իսկ մեր հարցին, թե Աֆրիկյանների շենքի տարածքում ապրող երկու ընտանիքների ճակատագիրն ի՞նչ է լինելու, նրանց ինչ-որ առաջարկություններ արվե՞լ են, Սարհատ Պետրոսյանը պատասխանեց, որ բնակիչների հետ բանակցելու որեւէ խնդիրներ չունեն եւ Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է իրենց խնդրով. «Ենթադրում եմ՝ նրանք իրենց նախկին աշխատաոճով բուլդոզերը վերցնելու են եւ այդ մարդկանց անտուն են թողելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ