Բուժաշխատողի օրը` հունիսի 21-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էր մեծարման երեկո, որը համախմբել էր հայաստանյան բուժաշխատողներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ։
Բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքին, արժևորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում: Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական և կարևոր ուղղություններից է»,-նշված էր ուղերձում։
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բուժաշխատողներին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց.
«Չափազանց հպարտ եմ, որ այսօր, լինելով ձեզնից մեկը, հնարավորություն ունեմ մշակութային մայր տաճարի բեմից շնորհավորելու ձեզ: Ի խորոց սրտի յուրաքանչյուրիդ ընտանիքին ցանկանում եմ բարեկեցություն: Ձեր այն գթասրտությունը, բարությունը, անսահման ուշադրությունը, որ տրամադրում եք բժշկի կարիքն ունեցողներին, կցանկանայի, որ ի վերուստ փոխանցվեր ձեր ընտանիքներին։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղ երկինք, պաշտպանվածություն և հաջողություններ պատասխանատու ու նվիրական գործում:
Կարդացեք նաև
Առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր տոնական այս օրը ոչ թե մեզ հետ այս դահլիճում են, այլ՝ վիրասրահներում, շտապ օգնության մեքենաներում, հիվանդի կողքին»:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին առողջապահական ամենատարբեր ոլորտների մասին պատմող տեսաֆիլմեր։ Անդրադարձ կատարվեց ռազմական բժշկությանը, մոր և մանկան առողջության պահպանմանը, առողջության առաջնային պահպանման օղակին, սփյուռքի բժիշկներին, հանրային առողջությանը, հայրենիքին մշտապես աջակցող բարերարներին, ինչպես նաև հայկական բժշկական գերդաստաններին: Տեսաֆիլմերի միջոցով ներկայացվեց նաև Հայաստանում բժշկագիտության սկզբնավորման և զարգացման պատմությունը, ներկայացվեցին Երևանի և մարզերի ժամանակակից, արդիականացված բժշկական կենտրոնները:
Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան հայկական երգարվեստի տարբեր սերնդի ներկայացուցիչները:
Ռոբետ Ամիրխանյանը, Վահան Արծրունին, Շուշան Պետրոսյանը, Ֆորշը, Արամ MP3-ին, Հայկոն, Էրիկը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանի պարի թատրոն-ստուդիան, ինչպես նաև երաժշտական և պարային այլ կոլեկտիվներ իրենց կատարումներով ապահովեցին երեկոյի բարձր տրամադրությունը:
ՀՀ առողջապահության նախարարություն