Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյան պլյուս

Հունիս 23,2014 11:45

Մենք շատ ժամանակ այլ բան խոսում ենք և միանգամայն այլ բան գրում: Պատերի տակ ու սեղանների շուրջ այլ բան ենք խոսում, իսկ պաշտոնական վայրերում` միանգամայն այլ բան: Ասածս հիմնականում վերաբերում է քաղաքականությանն ու քաղաքական թեմաներին: Ասածս վերաբերում է գրեթե բոլորիս, բայց առաջին հերթին` քաղաքական ու պետական գործիչներին և քաղաքականության ու պետության հետ ուղղակիորեն առնչվող մարդկանց: Լրագրողներս էլ առանձնապես բացառություն չենք:

Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց և կառավարություն կազմեց, շատերը նկատեցին, որ նոր կառավարության կազմը բաղկացած է հիմնականում Ռոբերտ Քոչարյանի մարդկանցից և վերջինիս համակիր պաշտոնյաներից: Այդ հանգամանքը կռահելու ու գուշակելու համար մեզնից շատերը որոշակի քաղաքական տրամաբանություն ու որոշակի կենսափորձ ունեն, և հատկապես քաղաքական գործիչներն ու մանավանդ ընդդիմության ներկայացուցիչներն էդքան տրամաբանություն ունեն, որպեսզի թացը չորից և Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մարդկանց իրարից տարբերեն: Լավ էլ իրարից տարբերում ու էդ մասին լավ էլ խոսում են, բայց հիմնականում` կուլիսներում ու անդրկուլիսներում, մինչդեռ պաշտոնական ու ԱԺ ամբիոններից այդ թեմայով որևէ բան չեն խոսում:

Ընդդիմությունը պիտի խոսեր, բայց չի խոսում, և միանգամայն տրամաբանական է, որ ընդդիմությունը չի խոսում, որովհետև մանավանդ խորհրդարանական ընդդիմությունը ոչ էնքան Հովիկ Աբրահամյանին ու երկրորդ նախագահին է դեմ, ինչքան` Սերժ Սարգսյանին: Համենայնդեպս, տպավորությունն էդպիսին է:

Բայց սա տպավորություններից ու կարծիքներից ընդամենը մեկն է:

Ըստ այլ տպավորությունների ու այլ կարծիքների, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամենևին էլ հակառակորդներ չեն. ընդհակառակը. նույն խաղի մեջ են և նույն խաղն են խաղում: Այսինքն, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասարակությանն ու մանավանդ քաղաքական ուժերին թյուրիմացության մեջ են գցում` իրար հակառակորդ ներկայանալով: Նման կարծիք ոչ միայն գոյություն ունի, այլև` գոյության իրավունք:

Որ մինչև Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը երկրորդ ու երրորդ նախագահների շահերը գրեթե մեկին մեկ համընկել են, բոլորին է հայտնի: Հայտնի է նաև, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալն առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի կամքի արտահայտությունն է եղել: Բայց հայտնի է նաև, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո նրանց միջև որոշակի տարաձայնություններ են առաջացել: Դրանց մեծ մասն, ըստ ամենայնի, անձնական բնույթի են եղել: Ենթադրում ենք նաև, որ նրանց տարաձայնությունների մի մասն էլ քաղաքական բնույթ են կրում:

Անվիճելի է, որ Հայաստանի ամենառուսամետ նախագահը Ռոբերտ Քոչարյանն է եղել, և չնայած ամենից ավելի Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր կոմպլեմենտարիզմից խոսում, այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությունն անհամեմատ ավելի կոմպլեմենտար է եղել, և անձամբ առաջին նախագահն էլ արևմտամետի համարում ունենալով` Ռուսաստանի և անձամբ Ելցինի հետ էլ էր հրաշալի հարաբերություններ պահպանում:

Նախագահ դառնալուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանն էլ կոմպլեմենտարիզմի ակնհայտ ձգտումներ հանդես բերեց, և որոշ ժամանակ կարծես թե ստացվում էր, բայց կյանքը ցույց տվեց և մանավանդ հիմա է ցույց տալիս, որ մեր կոմպլեմենտարիզմն ավելի շատ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններից է կախված, քան` մեզանից:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններն անհամեմատ բարվոք էին, քան հիմա, և մեր կոմպլեմենտարիզմի դրսևորման համար հրաշալի հնարավորություն ու պայմաններ կային, բայց, այդուհանդերձ, Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի իշխանությունների պրոռուսական կողմնորոշումն ու հակվածությունն ավելի քան ակնհայտ էր և «գույք պարտքի դիմացն» էլ էդ տարիներին առաջացավ ու եղավ, ու էս ասածներս միանգամայն հիմնավոր պատճառներ են, որպեսզի հասարակության որոշակի շրջանակներում Քոչարյանի վերադարձի մասին որոշակի փսփսոցներ առաջանան ու ծավալվեն, և նման փսփսոցների ու խոսակցությունների համար նախ և առաջ Քոչարյանի ու նրա խոսնակի ելույթներն ու մեկնաբանություններն են հիմքեր տալիս, և, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը, իր համակիրներով ու արբանյակներով հանդերձ, բավական ակտիվ է մասնակցում Հայաստանի ներքաղաքական կյանքին ու իրադարձություններին, և, ըստ ամենայնի, նրա դեմն առնելն ամենևին էլ հեշտ չի լինելու` մանավանդ Մաքսային միության լիարժեք ու լիիրավ անդամ դառնալու դեպքում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինե says:

    Իսկ դուք ոնց որ թե սարսափելի ահաբեկված եք Քոչարյանի ակտիվանալու հեռանկարից։ Տեսնես ինչո՞ւ։ Որովհետեւ այն ժամանակ ռուսամետությունից կամ կոմպլեմենտարությունից անկախ՝ երկիրը զարգանո՞ւմ էր։

  2. Maxim says:

    Ոչ լիներ նման զարգացումը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30