ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուս վերլուծաբան, քարոզիչ Դմիտրի Կիսելյովի (լուսանկարում) այցի հետ կապված աղմուկի մասին, մասնավորապես՝ «Լեզվի մասին» օրենքի խախտման վերաբերյալ, հունիսի 17-ին «Առավոտին» տված հարցազրույցում ասաց հետեւյալը. «Խորհրդարանում «Լեզվի մասին» օրենքի պահանջները մշտապես կատարվում են, թարգմանչի ներկայությունը հանդիպումներին պարտադիր է թե՛ հայ-ռուսական միջխորհրդարանական նիստերի, թե՛ այլ հանդիպումների ժամանակ, եւ այդ հանդիպման սկզբում եւս այդ մասին հայտարարել եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրեն ազգային արժեքների ջատագով հորջորջել՝ ընդամենը թարգմանչի ներկայությունն ապահովելու մակարդակում, ասեմ՝ ե՛ւ նախորդ, ե՛ւ այս, ե՛ւ հաջորդ նիստերին եղել ու լինելու է, որովհետեւ օրենքն է պահանջում: Ճշտեմ, որ ո՛չ այս հանդիպմանը, ո՛չ էլ նախորդներին թարգմանչի ծառայություններին չեն դիմել, արտահայտվել են՝ ինչպես իրենց հարմար է եղել»:
«Առավոտը» այս կապակցությամբ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք «Լեզվի մասին» օրենքը պահանջում է, որ հանդիպումներին ընդամենը թարգմանիչը ներկա լինի, թե՞ պահանջում է համաժամանակյա թարգմանություն: Ա. Դավթյանը այդ հարցին պատասխանեց այսպես. «Ես համակարծիք եմ տիկին Նաղդալյանի հետ՝ «Լեզվի մասին» օրենքի որեւէ խախտում չի եղել, բայց ավելի մտահոգիչ է, որ կարծես թե մեր ռուս եղբայրները, բարեկամները լավ իրազեկված չեն, երբ գալիս են Հայաստան եւ Հայաստանի ու հայոց լեզվի մասին այս կամ այն հայտարարությունն են անում: Ես կարծում եմ, որ այստեղ լուրջ աշխատանք ունի կատարելու ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, նրանք պիտի տեղեկացնեն նաեւ ռուսաստանցի քիչ թե շատ հայտնի գործիչներին, որ ձեռնպահ մնան նմանատիպ հայտարարություններից: Լեզուն նրա համար չի տրված, որ ինչ կա ենթագիտակցությանդ մեջ, լեզվիդ ծայրին լինի եւ միանգամից դուրս թռնի:
Նմանատիպ արտահայտությունները որեւէ դրական բան չեն բերում հայ-ռուսական բարեկամությանը, ռուսերենի զարգացմանը, այլ ճիշտ հակառակը՝ հակազդեցություն են առաջացնում: Շատ դժվար է պատկերացնել, որ անգլախոս, ֆրանսախոս որեւէ պաշտոնյա, գործիչ իրեն թույլ տա պահել այն ձեւով, ինչ այդ ռուս լրագրողը: Ի վերջո՝ նա «Ռոսիա 2»-ի տաղավարում չէր գտնվում, եւ հայերն էլ Ուկրաինայի ազգայնամոլները չեն, որ ռուսաց լեզուն, ըստ Կիսելյովի, հայտարարել են որպես թշնամու լեզու: Եթե այստեղ նմանատիպ հայտարարություններ է անում, հավանաբար, դրանից առաջ Սերվանտեսի «Դոն Քիշոտն» է կարդացել եւ փորձում էր ինչ-ինչ թվացյալ հողմաղացների դեմ պայքարել»:
Մեր հակադարձմանը՝ անգլախոս կամ ֆրանսախոս պատվիրակությունների դեպքում մշտապես լինում է համաժամանակյա թարգմանություն, եւ գուցե մեր չափից դուրս «հյուրընկալությունը» ռուսալեզու հյուրերի հանդեպ, երբ առանց թարգմանչի ենք շփվում, նման ազդեցություն է թողնում, իրենք կորցնո՞ւմ են զգոնությունը, գուցե Ռուսաստանի դեսպանատանը խորհուրդներ տալու փոխարեն մեզնի՞ց սկսենք եւ չափից դուրս հյուրասեր չլինե՞նք՝ ապահովենք համաժամանակյա թարգմանությունը՝ օրենքի համաձայն, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած դեսպանատան առաքելությունն է, որպեսզի բարեկամական կապերն ամրապնդի: Բնականաբար, երբ խոսում ենք էդ հայտարարությունների մասին, դրանց հետեւանքները հաղթահարելու համար բավականին երկար ժամանակ եւ մեծ ջանքեր են պետք, որովհետեւ, անկախ ամեն ինչից, երբ խոսքը գնում է քո ազգային արժանապատվության մասին, որը վիրավորվել է, շատ դժվար է հոգեբանորեն հաղթահարել այդ պատնեշը: Ինչ վերաբերում է թարգմանությանը, հենց այն, որ ռուսերենով, առանց թարգմանության է եղել շփումը, արդեն իսկ նշանակում է, որ բարձրացված հարցը շինծու է, արհեստական է, նման հարց գոյություն չունի՝ ռուսերենի չիմացության, այլապես ձեւաչափ կապահովվեր: Երկրորդը՝ մենք հյուրընկալող կողմ ենք եւ, բնականաբար, ուզում ենք, որ մեր հյուրին ավելի հարմարավետ լինի»:
Կարդացեք նաև
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.06.2014