Երեկվա օրը շատ երկար կմնա ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Տաճատ Վարդապետյանի, Լյովա Խաչատրյանի եւ Արայիկ Հովհաննիսյանի հիշողության մեջ:
Նրանք մեկ երեկոյի ընթացքում շախմատի խաղատախտակի առջեւ հաջորդաբար հանդիպեցին դասական, արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի թիմային չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հետ: Տաճատ Վարդապետյանը Կարլսենին հաղթելուց հետո չկարողացավ մասնակցել Արոնյանի հետ միաժամանակյա խաղի սեանսին, քանի որ նախ շատ հուզված էր նորվեգացուն հաղթելուց հետո, ապա լուրը շատ արագ տարածվել էր ու նա անընդհատ պատասխանում էր լրատվամիջոցների զանգերին: Մագնուս Կարլսենի հետ ամենից երկարը պայքարեց Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ճիշտ է, չնայած համառ դիմադրությանը, նա պարտվեց, բայց տրամադրությունը բարձր էր: Պարտիայից հետո Սամվել Ֆարմանյանը Aravot.am-ին ասաց. «Առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ցանկացած մարզաձեւում գործ ունենալ Լեւոն Արոնյանի կամ Մագնուս Կարլսենի նման մեծությունների հետ:
Ճնշումը ահավոր մեծ էր: Նույնիսկ հասարակ քայլը, որ հավասար այլ պայմաններում թվում է տրիվիալ, բարդությամբ էր տրվում: Ինձ համար հպարտություն էր, անմոռանալի պահ իմ կյանքում»: Ավելի ուշ Սամվել Ֆարմանյանը նաեւ ասաց, որ գուցե չափից ավելի պահանջկոտ է եղել մեր հավաքականի ֆուտբոլիստներին քննադատելիս, որոնք չեն կարողացել ցանկալի արդյունքների հասնել Եվրոպայի ու աշխարհի ուժեղագույն ընտրանիների հետ հանդիպումներում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ պատգամավորները ցուցաբերեցին թիմային մոտեցում և գրանցեցին հաղթանակ: Նույնը նրանց ցանկանում ենք քաղաքականության մեջ: