Հարգելի հայրենակիցներ,
Մենք, Բելգիայի հայ ուսանողներս ու երիտասարդներս, ինչպես նաև համայն հայությունը, վերջին օրերին ականատեսն ենք մեր բոլորիս պատմամշակութային ժառանգության նկատմամբ աննախադեպ անհարգալից վերաբերմունքին: Եվ եթե այդ ամենը կատարվեր մեր թշնամու կամ օտարի ձեռքով, ապա ինչ-որ տեղ բացատրելի կլիներ: Սակայն ապշեցուցիչ է, երբ հայոց հողում, հայ պետականության հովանու ներքո այդ աստիճանի ոտնձգություն է թույլ տրվում մեր ազգի կերտած համամարդկային արժեքների նկատմամբ:
Այն փաստը, որ փորձ է արվում Գառնու հրաշք տաճարը վերածել խնջույքի վայրի` այն փակելով մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների առջև, խոսում է միայն մեր իշխանավորների հանցավոր վարքագծի մասին: Բացարձակապես ապշեցուցիչ էր մեզ համար ականատեսը լինել նաև Զվարթնոցի տաճարի տարածքում այդ սրբապղծությանը: Սա արդեն բացահայտ մարտահրավեր է նետված հայ մարդուն իր իսկ միջի սրիկայի կողմից:
Քաջ գիտակցում ենք նաև, որ այս ամենը պատմամշակութային արժեքների պահպանման հարցում պետական քաղաքականության բացարձակ ձախողման հետևանք է: Մեր աչքի առջև են Փակ Շուկայի, Հին Երևանի, Աֆրիկյանների տան և շատ այլ օրինակներ:
Կարդացեք նաև
Իրավիճակը իսկապես տագնապալի է և պահանջում ենք այս ամենին վճռական պատասխան տալ: Ակնհայտ է դառնում, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները բոլորովին ձախողել են իրենց աշխատանքը և պետք է անհապաղ հեռացվեն իրենց զբաղեցրած դիրքերից: Կոչ ենք անում նաև օրենսդրորեն պաշտպանել մեր ժառանգությունը նման ոտնձգություններից:
Լինելով հեռու հայրենիքից` մենք միևնույնն է շարունակում ենք մնալ հայ և այսուհետ ևս շարունակելու ենք տերը լինել մեր ժառանգությանը:
Սթափվե´ք քանի դեռ ուշ չէ:
«Հայասա» Բելգիայի Հայ Ուսանողական Միություն