Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնականացման քարտը

Հունիս 22,2014 12:13

Զվարթ տատի անձնագրի օգտագործման ժամկետն անցել էր: Տներում թոշակ բաժանող Դավիթը խիստ զգուշացրեց.

-Զվարթ տատի, եթե մյուս անգամ անձնագիրդ փոխած չլինես, ինձանից չնեղանաս, թոշակդ չեմ տալու, դրա համար ինձ են պատժելու, եթե իմանան:

-Հա, ասաց Զվարթ տատը, էս անգամ տուր, հաջորդ անգամ մի բան կանենք:

Հետո այդ մասին Զվարթ տատն ասաց իր ավագ որդուն, որը պետք է դիմեր մեր քաղաքի մի այլ վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժնում աշխատող ընկերոջը` նրանից մանրամասն տեղեկատվություն ստանալու` անձնագրի փոխանակման մասին:

Ավագ որդին, խիստ զգուշացրեց մայրիկին, որ առանց իր գիտության` հայրիկի հետ չգնա անձնագրային բաժին, հերթի չկանգնի այդ վիճակում, քանի որ խնդիրներ ուներ իր հենա-շարժողական համակարգի հետ:

Բայց մայրիկը մի փոքր հակաճառեց, ասելով, որ.

-Հեռուստատեսությամբ ցույց են տվել, շատ լավ սպասարկում էր ու շուտ էլ տալիս էին անձնագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը, անունը լավ չեմ հիշում:

-Էդ քո նայած հեռուստաալիքը միշտ էլ լավ բաներ է ցույց տալիս, դու ուրիշ հետուստաալիք դիտիր, տես, թե նրանք ինչպես են մեկնաբանում նույն տեղեկատվությունը,-ասաց որդին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Զվարթ մայրիկը հիմնականում դիտում է Հանրայինի հեռուստաալիքը:

Ավագ որդին երկու օր անց զանգահարեց և ոգևորությամբ հաղորդեց.

-Սիրելի մայրիկ, իմացա, որ անձնագրային բաժինը հիվանդներին ու ծերերին տանը սպասարկող ծառայություն չունի, բայց խնդիր չկա, ընկերս ասում էր, որ անձնագիրը չեն փոխում, այլ փոխարենը նույնականացման կամ  կենսաչափական քարտ են տալիս, նայած թե որն եք ընտրում, մի ժամվա ընթացքում: Չմոռանաք հին անձնագիրը տանեք, ուրիշ բան պետք չի:

Այդ օրը արդեն ուշ էր և Զվարթ մայրիկը որոշեց գործը թողնել հաջորդ օրվան:

Դե, քանի որ նա քայլելու խնդիրներ ուներ, ոտքերը այտուցված էին և ցավում էին, Վազգեն պապը` Զվարթի հարգարժան ամուսինը, փողոցից տաքսի բռնեց, բերեց իրենց շենքի մոտ (զանգահարելու և տաքսի պատվիրելու դեպքում շատ պիտի սպասեր) և կնոջը ուղեկցեց իրենց վարչական շրջանի անձնագրային բաժին: Տեղ հասնելով, նա տաքսու վարորդից հարցրեց, թե ինչքան պետք է վճարի և լսեց նրա կարճ ու կտրուկ պատասխանը.

-Մինիմալ:

-Էդ մինիմալը ո՞րն է,-հետաքրքրվեց Զվարթ տատիկը:

-Մինիմալը նշանակում է,-ասաց Վազգեն պապիկը,-որ եթե տաքսու դուռը բացել ես, նստել և նույնիսկ մեկ մետր ես շարժվել նրանով, ուրեմն բարի եղիր վճարել վեց հարյուր դրամ:

Վազգեն պապը վարորդին պարզեց հազար դրամանոցը, ստացավ չորս հարյուր դրամ մանրը և կնոջ հետ իջան տաքսուց: Հաղթահարելով նաև անձնագրային բաժին տանող թեք արգելքը` տատիկ-պապիկ զույգը մուտք գործեց այն սրահը, որտեղ կատարվելու էր ուժը կորցրած անձնագրի փոխանակման արարողությունը:

Անձնագրային բաժնի տարածքի ընդհանուր տեսարանը և մթնոլորտը իրար հակասող էին: Տարածքը լուսավոր էր, խնամքով կահավորված, բաժանված էր ապակեպատ խցիկներով, որոնցում նստած էին գեղեցկադեմ, խնամված կանայք և աղջիկներ` համապատասխան տեխնիկայով զինված: Բայց… նաև տարածքը բավականին շոգ էր, աղմուկը` չափից ավելի, որոշ խցիկների պատուհանների մոտ էլ` ստվար հերթեր:

Վազգեն պապիկը մոտեցավ իր իմացած պատուհանին, որտեղ հինգ տարի առաջ երկարացրել էին իր անձնագրի պիտանելիության ժամկետը, սիրալիր բարևեց խցիկում նստած աշխատակցուհուն և հարցրեց.

-Մեր տատիկի անձնագրի ժամկետը անցել է, ու՞մ պետք է դիմենք դրա համար:

Աշխատակցուհին բարեհամբույր ժպտաց և պատասխանեց.

-Մոտեցեք իններորդ պատուհանին, ձեզ կասեն, բայց մինչ այդ բանկոմատում մուծեք երեք հազար երեք հարյուր դրամ, եթե նույնականացման քարտ եք ուզում կամ քսանհինգ հազար դրամ, եթե կենսաչափական է:

Վազգեն պապը այդպես էլ արեց: Զվարթ տատիկին հորդորեց նստելու այն երեքտեղանոց նստարանի վրա, որը չգիտես որտեղից էր բերված, որի մասնաբաժիններից մեկի նստատեղի վրայի արհեստական կաշին պատռված էր, իսկ երեք աթոռակները` ինչ-որ ծռմռված երկաթով ամրացված: Բայց, քանի որ նստարանը անվտանգության տեսակետից խիստ կասկածելի տեսք ուներ, ուստի Զվարթ տատը գերադասեց կանգնած մնալ այդ տոթի ու ժխորի մեջ:

Բանկոմատի մոտ կանգնած հարգարժան աշխատակցուհին, որի պարանոցից անձը և պաշտոնը հաստատող  ժապավեն էր կախված, մերժեց գանձում կատարելը, քանի որ պահանջվում էր տատիկի սոցիալական քարտի առկայությունը, որի մասին ավագ որդին չէր հայտնել: Այ, քեզ փորձանք: Վազգեն պապը վարանման մեջ ընկավ, բայց ստիպված այդ մասին հաղորդեց Զվարթ տատիկին, որը տեղ էր գտել պատի տակ դրված մի աթոռակի վրա, երևի սպասարկման նպատակով:

Իրավիճակը բարդացավ, բայց այն ուներ մի քանի լուծում և պետք էր ընտրել առավելագույն շահավետը: Այսպես, կամ պետք է գնային տուն և հաջորդ օրը ներկայանային կամ պետք է Զվարթ տատիկը սպասեր այդտեղ և Վազգեն պապիկը գնար տուն և բերեր սոցիալական քարտը կամ երկուսով միասին պիտի հաղթահարեին արգելքը: Սակայն, Զվարթ տատիկը, որը միշտ էլ գտնում է դժվարությունից դուրս գալու, առավել հարմար ելքը, ասաց.

-Վազգե՚ն, գնա դրանց պետի մոտ, խնդրի, գուցե կընդառաջի, մի բան կանի:

-Բայց, ինչպե՞ս,-հակաճառեց Վազգեն պապը,-հո նա քո փոխարեն չի գնա սոցիալական քարտը տանից բերի:

-Ուրեմն, ինձ տար պետի մոտ, ես կխնդրեմ-համառեց տատիկը:

Վազգեն պապը տեղի տվեց, փնտրեց գտավ այն տարածքը, որի դռան վար գրված էր` ¦Անձնագրային բաժնի պետ§:

Նրանք երկուսով ներս մտան պետի բաց դռնից: Պետը սիրալիր ընդունեց և ծանոթանալով իրողությանը` նրանց հորդորեց մոտենալ թիվ չորս պատուհանին և իր անունից խնդրել աշխատակցուհուն` տրամադրելու սոցիալական քարտի համարը: Պարզվեց, որ տեխնիկայի շնորհիվ այդ այնքան էլ դժվար գործ չէր, բայց պետք էր անպայման պետի կարգադրությունը…

Սպասարկող տիկինը, իհարկե դժկամությամբ ընդունեց տատիկի անձնագիրը, բայց պետին չէր կարող մերժել:

Հաղթահարվեց այս արգելքը, բայց ավելի դժվարինը դեռ առջևում էր: Սոցիալական քարտի համարը թղթի մի կտորի վրա ստանալուց հետո, Վազգեն պապը մոտեցավ նույն բանկոմատի մոտի կանգնած աշխատակցուհուն, որը նրա տված հազար դրամանոցները և մետաղյա մանրը համապատասխան անցքերից մտցրեց բանկոմատի մեջ, մեքենան էլ հաճելիորեն դրանք կուլ տվեց, մի քանի անգամ թարթեց քառանկյուն լույսերը, մի երրորդ անցքից էլ դուրս հանեց կտորոնը, որը պետք է ներկայացվեր համապատասխան պատուհանին` անձնագրի հետ միասին:

Իսկ համապատասխան պատուհանի մոտ նրանք հանդիպեցին մի ստվար բանակի, որը սպասում էր իր հերթին: Գլուխներդ գուցե ցավացրեցի, բայց մինչև վերջը ստիպված եմ պատմելու, թե չէ…

Երկու ժամ պարբերաբար կանգնելուց և նստելուց հետո, որի ընթացքում Զվարթ տատիկը և Վազգեն պապիկը մի քանի անգամ էլ դուրս եկան մաքուր օդ շնչելու, վերջապես հերթը հասավ:

Երբ աշխատակցուհին կարդաց Զվարթ տատիկի անուն-ազգանունը, նա կարմրած և հևասպառ  մոտեցավ պատուհանին: Աշխատակցուհին նրան բացատրեց, որ պետք է տատիկը ուղիղ կանգնի ու երկու ձեռքերի ցուցամատերը ամուր սեղմի իր առջև պատուհանի գոգին դրված ինչ-որ կանաչ լույսով ողողված սարքի վրա: Բայց, քանի որ Զվարթ տատի ցուցամատերը արդեն կորացած էին և նորմալ չէին հպվում այդ սարքի հարթությանը, աշխատակցուհին մի քանի անգամ իր ձեռքերով սեղմեց տատիկի կոշտացած մատներին, որ լավ հպվեն, թե չէ մատնահետքերը լավ չէին դուրս գալու: Հետո տատիկը ինչ-որ անծանոթ, պոչին հաղորդալար կապած գրիչով` իբր ստորագրեց մի այլ սարքի ապակե էկրանին:

Երևի գործողությունը ստացվեց և Զվարթ տատիկը հրավիրվեց կողքի խցիկը` նկարահանվելու: Մի կերպ այս գործողությունն  էլ դրական ավարտ ունեցավ, քանի որ կորացած ողնաշարի պատճառով տատիկը ուղիղ չէր կարողանում դիրքավորվել ֆոտոխցիկի առջև և Զվարթ տատիկը կրկին մոտեցավ նույն պատուհանին, այս անգամ իսկական գրիչով ստորագրեց աշխատակցուհու կողմից իրեն պարզած իսկական թղթի վրա և ստացավ մի գրություն` հին անձնագրի հետ:

-Հիմա ու՞մ ենք մոտենալու,-հարցրեց Զվարթ տատիկին ուղեկող Վազգեն պապիկը, ենթադրելով, որ անձնագիրը ստանալու համար պետք է մոտենալ հաջորդ պատուհանին:

-Ոչ մեկին էլ չեք մոտենալու,-կտրուկ ասաց աշխատակցուհին,-կգնաք տուն և քսան օրից հետո կգաք նույնականացման քարտը ստանալու, այդ թղթի վրա գրված է:

-Բա, հեռուստատեսությամբ ասում էին… մոլորված փնթփնթաց Վազգեն պապը:

-Էդ մատնահետքերը ինչի՞ համար էին,-միամտորեն հարցրեց Զվարթ տատը,-հո մենք ութսուն տարեկանում շպիոն չենք դառնալու:

-Եվրոպան է էդպես պահանջում, մտածում են մեր անվտանգության և մեկ էլ` ահաբեկչության դեմ պայքարելու համար-եզրակացրեց Վազգեն պապը:

Զվարթ տատը և Վազգեն պապը տաքսի ճարեցին, տուն վերադարձան: Մեկ շաբաթ է անցել, դեռ նրանց մկաններն ու ոսկորները խելքի չեն գալիս և ահով սպասում են, թե քսան օր հետո ինչ փորձություններ դեռ պետք է հաղթահարեն, իսկ Զվարթ տատը հաճախ բարձրաձայնում է.

-Ախր, ինչու՞ տարեցներին առանձին չեն սպասարկում կամ թեկուզ տուն հաճախում կամ էլ` ուղղակի անձնագրի պիտանելիության ժամկետը երկարացնում, բա էսպես էլ բան կլինի, տեսնես Եվրոպայում էլ են այսպես անտարբեր մեծերի նկատմամբ…

Իսկ քանի որ Վազգեն պապը մի քիչ հասկանում է տեխնիկայից, քաղաքական և սոցիալական հարցերից` հանգստացնում էր կնոջը:

-Այ, կնիկ, հո էդ սարքերը չեն վերցնելու ու գան քո տուն` նկարելու, ժամանակ է պետք, գուցե մի օր էլ դրան կհասնենք և տարեցներին պետությունը տեր կկանգնի և ուշադրություն կդարձնի:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30