«Դեմ եմ» նախաձեռնության անդամները ծափերով դիմավորեցին Արծվիկ Մինասյանին
Այսօր՝ հունիսի 21-ին, ինչպես արդեն հայտնել էինք, Դեմ եմ» նախաձեռնության անդամները հավաքվել էին՝ Ազգային ժողովի մոտ Կուտակային կենսաթոշակի լրացուցիչ օրենքի երկրորդ ընթերցման կապակցությամբ:
Նրանք ԱԺ-ից դուրս եկող Հանրապետական կուսակցության անդամներին դիմավորում էին սուլոցներով եւ «ամո՛թ», «դավաճա՛ն» վանկարկումներով, սակայն երբ դուրս եկավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախաձեռնության անդամները սկսեցին ծափահարել: Պարոն Մինասյանը նախ զրուցեց նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանի հետ, ապա շնորհակալություն հայտնեց նախաձեռնության մնացած անդամներին՝ «Շնորհակալություն, որ այսպես հավեսով պաշտպանում եք»
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հետ համատեղ ժողով են ունենալու, որից հետո պարզ կդառնա քառյակի անելիքները՝ «Քառյակն առանց «Դեմ եմ»-ի ոչինչ չի կարող անել»:
Նա նշեց, որ իրենց գնահատմամբ ներկայացված փաթեթը ոչ միայն չի համապատասխանում Սահմանադրական դատարանի որոշմանը, այլ նաեւ անտեսում է այդ որոշման գրեթե բոլոր պահանջները՝ բացառությամբ մեկ-երկու տեխնիկական դրվագների: Նա հայտարարեց, որ պատրաստ է մինչեւ պայքարել մինչեւ վերջ.
«Մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության, մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու, որովհետեւ սա սկզբունքային հարց է: Սա մեր քաղաքացիների, մեր պետության, մեր արժանապատվության հարցն է, իսկ արժանապատվությունը պետք է պահել մինչեւ վերջ, ոչ թե, ինչպես մեծամասնության առանձին ներկայացուցիչներ, օրվա կեսը լինել արժանապատիվ, մյուս կեսը՝ անարժանապատիվ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ