Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Շիշկերտ բնակավայրի ճանապարհը նորոգման կարիք ունի

Հունիս 21,2014 18:51

Կապանի տարածաշրջանի Ծավ գյուղի բնակիչների հողատարածքների 80 տոկոսը  գտնվում է Ծավ համայնքի վարչական շրջանում ընդգրկված  Շիշկերտ բնակավայրում:  Գյուղացիների խոսքով` իրենց եկամտի հիմնական աղբյուրն այս գյուղից է գալիս, քանի որ խոտհարքները, արոտավայրերը, կարտոֆիլի ցանքսերն այս բնակավայրում են տեղակայված: Սակայն Ծավ գյուղը Շիշկերտին կապող ճանապարհի մի հատվածը խիստ անմխիթար վիճակում է գտնվում եւ գյուղացիները ստիպված են լինում ամեն անգամ երթեւեկել քարուքանդ ճանապարհով:

«Ճանապարհի վրա վիճակ չկա, 5.5 կմ ասֆալտապատվել է Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհահատվածի կառուցման ժամանակ, իսկ մնացած 5.5 կմ նախկին գրունտային ճանապարհն է ու խիստ անմխիթար է: Եթե մենք գյուղացիներով ինչ-որ բարեկարգման աշխատանքներ չանենք, հիմա էդ ճանապարհը վաղուց անանցանելի կլիներ դարձած ու քանդված:  Ոչ մի պետական մոտեցում չկա  այս հարցում ու հաշվի չի առնվում, որ սահմանամերձ բնակավայր է», – նշեցին գյուղացիները:  Խնդրի մասին տարիներ ի վեր բազմիցս  է բարձրաձայնվել, սակայն մինչեւ օրս դրական արդյուք  չի գրանցվել:  Ծավ գյուղական  համայնքի ղեկավար  Սեյրան Զաքարյանի խոսքով` շատ ավելի լավ կլինի, որ ճանապարհն ասֆալտապատվի, այլապես ամեն անգամ ստիպված են լինում գյուղացիների ուժերով բարեկարգել` բազմաթիվ դժվարությունների բախվելով:

«Ճանապարհը պետք է որոշակի բարեկարգվի, դա մեծ գումարների հետ չի կապված, ընդամենը մեխանիզմ է պետք, որ  2-3 օր աշխատի: Նույնիսկ վառելիքի գումարը գյուղացիներով կհավաքենք,  միայն թե մեխանիզմը տան ճանապարհը մի քիչ բարեկարգենք: Կապանի ճամբաժինը օգնեց 100 լիտր վառելիքով, իսկ մենք մոտ 200 լիտր վառելիք ծախսեցինք, մեխանիզմը գտանք բարեկարգման  աշխատանքն արեցինք, բայց պետք է գրեդերով հարթեցման, ջրահեռացման աշխատանքներ արվեն, որ գոնե այդ կատարած աշխատանքները մի քիչ երկար ծառայեն: Եթե ընդամենը այդ 5.5 կմ հատվածը ասֆալատապատվի` շատ ավելի լավ կլինի»,- ասաց Ծավի գյուղապետը եւ հավելեց, որ այժմ անմխիթար ճանապարհով երթեւեկելը բազմաթիվ դժվարություն է առաջացնում գյուղացիների համար եւ մեքենաների անսարքության առիթ հանդիսանում: Ի դեպ, Շիշկերտ գյուղով անցնող ճանապարհը դեպի Խուստուփ սար տանող միակ ճանապարհն է, որից օգտվում են նաեւ տարբեր վայրերից տարածաշրջան ժամանած քաղաքացիները: Իսկ Շիշկերտում մշտական 5 ընտանիք է ապրում, ամռան սեզոնին տնտեսությունների թիվը կրկնակի ավելանում է:  «Կարեւոր չի, թե գյուղում քանի բնակիչ կա, ժողովուրդը սնվում է այդ հողից եւ պետք է պայմաններ ստեղծեն սահմանամերձ գյուղի բնակիչների կյանքը բարելավելու համար»,- ավելացրեց Ծավ գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը:

Լուսանկարը՝ արխիվային

 

Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30