Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մենք պետք է պատերազմենք ռեժիմի դեմ պառլամենտում»

Հունիս 21,2014 18:43

Այսօր, երբ ՀՀԿ-ն անցկացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, դրանից հետո քառյակի հրավիրած ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ն իր առջեւ նպատակ եւ խնդիր է դնում՝ ամեն գնով անցկացնել կոնկրետ օրենքներ:

Ասուլիսից հետո Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն ամեն գնով, լինի իր պատգամավորներին բերման ենթարկելով, լինի խախտումներով, թե ինչ, անցկացնում է այն օրենքները, որոնք ուզում է, այդ դեպքում ո՞րն է իմաստը նրանց հետ աշխատելու, համագործակցության եզրեր փնտրելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ոչ մի համագործակցության եզրեր փնտրելու խնդիր մեր առջեւ դրված չի: Մեր առջեւ դրված է հետեւյալ խնդիրը՝ այս իշխանություններից ազատվել: Դրա համար մենք պետք է օգտագործենք մեր ձեռքում եղած բոլոր լծակները: Գլխավորագույն լծակը, որը ժողովրդի ձեռքում եղած լծակն է, դա իր ներկայությունն է Ազատության հրապարակում: Դա գլխավոր լծակն է, բայց մենք ունենք պառլամենտական լծակ, որը շատ կարեւոր է, մենք պետք է պատերազմենք պառլամենտում, որ նրանց ապօրինությունները բացահայտենք, որ ստեղծենք համապատասխան հանրային մոտեցում, հանրային կարծիք, ինչը թույլ կտա ստեղծել ծավալուն հանրային գործընթաց: Ես միշտ էլ ասել եմ, որ մենք նպատակին կարող ենք հասնել, եթե զուգորդենք ակտիվ պառլամենտական գործողությունները՝ պատերազմը ռեժիմի դեմ պառլամենտում՝ ժողովրդական ակտիվության հետ հրապարակում: Հենց որ մենք դրան հասնենք, իսկ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, իշխանափոխությունն անխուսափելի է լինելու»:

Մեր հարցին՝ «Արդյո՞ք այս ձգձգումները՝ ապրիլից մինչեւ աշուն, ավելի չեն փոքրացնում հավանականությունը՝ արդյունքի հասնելու», Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կոնգրեսը կողմնակից էր շատ ավելի արագ գործելու եւ դրա մասին մենք խոսել ենք: Բայց մենք դիլեմայի առաջ ենք կանգնած՝ կամ պետք է առանձին եւ արագ գործեինք, կամ ավելի ուշ՝ միասին: Մենք ընտրեցինք ավելի ուշ, բայց միասին գործելու ռազմավարությունը, որովհետեւ դա, մեր կարծիքով, ավելի արդյունավետություն կարող է ապահովել, քան եթե գործեինք միայնակ: Այլապես մեզ կարող էին արագ մեկուսացնել , ինչպես դա արեցին 2011թ. շուրջօրյա հանրահավաքների ժամանակ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30