Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանական քառյակը կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի քվեարկությունը անվավեր է համարում (Տեսանյութ)

Հունիս 21,2014 17:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Կուտակային կենսաթոշակների» մասին օրինագիծն Ազգային ժողովն ընդունեց, ըստ ոչ իշխանական քառյակի՝ կեղծիքներով: Արծվիկ Մինասյանը դահլիճում հայտարարեց, որ ոչ թե 67 պատգամավոր է քվեարկել, այլ՝ 64, ինչը նշանակում է, որ օրենքը չէր կարող համարվել ընդունված:

Այդ վիճահարույց քվեարկությունից հետո ոչ իշխանական ուժերը լքեցին դահլիճը, եւ հետո Քառյակը ասուլիս հրավիրեց:

Ասուլիսին ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրանք կրկին պնդեցին, որ քվեարկությունն անվավեր է, ապա Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց Քառյակի հայտարարությունը, որում նշված էր, որ օրենքն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի բազմաթիվ խախտումներով, ոտնահարվել են անհատ պատգամավորների իրավունքները: Մասնավորապես «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է Սահմանադրության, «ԱԺ կանոնակարգ» օրենքի եւ «Իրավական ակտերի մասին» օրենքի խախտումներով:

Ի դեպ, Քառյակն ասաց, որ իրենց այս հայտարարության հետ ՕԵԿ-ը ոչ միայն համամիտ է, այլեւ՝ միանում է:

Հայտարարության մեջ նշված է. «Կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այդօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար»:

«Ազատության» լրագրողի հարցին՝ իսկ ինչո՞ւ քառյակն իր սեփական օրինագիծը՝ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ, չի ներկայացնում Ազգային ժողով, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Աժ դահլիճում մեր ամբողջ ելույթների, քննարկումների, հարցուպատասխանի ժամանակ մենք պահել ենք առավելագույն կոնստրուկտիվիզմ, փորձել ենք ապացուցել, ցույց տալ այս օրենքի բոլոր կողմերը, դրան զուգահեռ երեկ խմբակցության կողմից ելույթի ժամանակ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մանրամասն հայեցակարգ մեր պատկերացրած կուտակային համակարգի վերաբերյալ: Այդ փաստաթուղթը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, Քառյակի մեր ընկերները ինչ-որ չափով մասնակցել են, եւ, բնականաբար, մենք դա փոխանցել ենք նաեւ մեր գործընկերներին: Առաջիկայում այդ հայեցակարգը կփորձենք կարգի բերել, եւ եթե գտանք միասնական, համատեղ նպատակահարմար, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30