Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ քիչ փառատոներ կան, որոնք շեշտը դնում են խաղաղություն, համերաշխություն քարոզող ֆիլմերի վրա». ռեժիսոր

Հունիս 21,2014 16:54

Երևանի Կարապի լճի տարածքում այսօր կմեկնարկի Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը, որը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:

Փառատոնը կինոսերներին կներկայացնի հոգևոր, սոցիալական և համամարդկային խնդիրներ շոշափող խաղարկային և վավերագրական ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք օրեր շարունակ կցուցադրվեն Երևանի և մարզերի անվճար ցուցասրահներում, ճամբարներում, Կարապի լճի տարածքում, եկեղեցիների դահլիճներում և այլուր:

Ցուցադրություններին կհաջորդեն նաև հանրային ու մասնագիտական քննարկումներ՝ ֆիլմարտադրողների, հերոսների, տարբեր մասնագետների մասնակցությամբ:

Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոյի խոսքով՝ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը նախ և առաջ քննարկումների կինոփառատոն է, որին կարող են մասնակցել բոլորը՝ պարզապես ներկա գտնվելով ու ֆիլմերում արծարծված խնդիրների շուրջ խոսելով:

Փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Եսայի քահանա Արթենյանն էլ «Ֆրեսկոն» համարում է աշխարհի մշակույթին մոտիկից ծանոթանալու, համախմբվելու, երկխոսության մեջ մտնելու հիանալի առիթ, ինչպես նաև հնարավորություն հանդիպելու, բացահայտելու լավ ռեժիսորների. «Ի վերջո, սա նաև համագործակցության տեսակ է»,- հավելեց քահանան:

Ինչպես նշեցին կազմակերպիչները, փառատոնին ներկայացված շուրջ 400 ֆիլմերից ընտրվել են 57-ը, որոնցից միայն 21-ն են ընդգրկված մրցութային փուլում:
Տեր Եսայու խոսքով՝ փառատոնին մասնակցում են բոլոր այն ֆիլմերը, որոնք մարդասիրություն են քարոզում. «Մենք չենք գնահատելու ռեժիսորի, օպերատորի աշխատանքը կամ դերասանի խաղը, մենք մրցանակներ ենք շնորհելու սեր պատգամող, հանդուրժողականություն սերմանող ֆիլմերին,- ասում է քահանան,- իսկ գլխավոր մրցանակը կրում է «Վնասվածը վերականգնելու կարիք կա» խորագիրը: Խոսքը վնասված արժեքների մասին է»:

Իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն, որը ոչ միայն փառատոնի ժյուրիի անդամ է, այլև ներկայացնելու է իր «Աստված երկնքում է» կարճամետրաժ ֆիլմը, ուրախ է ինչպես Հայաստանում գտնվելու, այնպես էլ «Ֆրեսկոյին» իր ֆիլմը ներկայացնելու համար. «Ինձ հատկապես փառատոնի ինքնատիպությունը գրավեց,- ասում է ռեժիսորը,- աշխարհում շատ քիչ փառատոներ կան, որոնք շեշտը դնում են խաղաղություն, սեր, համերաշխություն քարոզող ֆիլմերի վրա»:
Հիշեցնենք, որ փառատոնը, որն իրականացվում է կամավորների աջակցությամբ, առանց հովանավորների, կտևի մինչև հուլիսի 6-ը, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 29-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30