Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ

Հունիս 21,2014 16:46

 Հունիսի 15-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը, ավարտելով իր աշխատանքը, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.

«Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 15-21-ը հավաքվեցինք միաբանական ժողովի համայն հայության հոգևոր կենտրոնում` աղոթական և եղբայրական սիրո մթնոլորտում: Միասնաբար աղոթեցինք մեր Հայրենիքի և առաքելահիմն Սուրբ Եկեղեցու անսասանության ու պայծառության, մեր հավատավոր ժողովրդի բարօրության և բարգավաճման համար` հայցելով ամենակարող Աստծո օգնականությունն ու օրհնությունը:

Ժողովական այս օրերին, խորհրդածության նյութ ունենալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նաև այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարության հույսով և հավատով աղոթելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հոգևոր մխիթարությամբ արձանագրեցինք, որ 2013 թ. Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է սրբադասել Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակներին:

Իջման Ս. Սեղանի առջև նորոգեցինք մեր միաբանական ուխտը` առավել նախանձախնդրությամբ և հավատով իրականացնելու մեր առաքելությունն աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում:

Գոհունակությամբ ենք փաստում հոգևոր-եկեղեցական կյանքում վերջին շրջանում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները և Եկեղեցու գործուն ներգրավվածությունը մեր հասարակական կյանքի զանազան բնագավառներում: Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածասիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի:

Այս առումով մենք ողջունում ենք անաչառ և կառուցողական քննադատությունը, սակայն, ցավոք, հաճախ նաև հնչում են անհիմն մեղադրանքներ, տեսանելի է ուղղորդված հակաեկեղեցական քարոզչություն Հայ Եկեղեցու և միաբանության հասցեին: Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում:

Հայ Եկեղեցին իր պատմական փորձառությամբ, ամբարած իմաստությամբ և ստեղծած մշտամնա արժեքներով ազգային կյանքում եղել է և այսօր էլ մնում է հայ մարդու ինքնության պահպանության և քրիստոնեական արժեհամակարգի կենսագործման հիմնական երաշխավորը:

Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, գիտակից մեր կոչմանն ու առաքելությանը, միասնական ոգով ու կամքով վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը և անմնացորդ սերը Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգիս հոգևոր հոր` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ»:

###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30