«Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակը կտրուկ վատացել է 2013թ նոյեմբերից հետո, երբ վերջին անգամ այցելել էի այդ երկիր», – հունիսի 20-ին հայտնել է Էստոնացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում «Եվրախորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերն ու ապահովությունն ամրապնդելու» հարցով զեկուցող Մայլիս Ռեփսը:
«Մշտապես խախտվում են հիմնարար ազատությունները և սարսափելին այն է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը ստանձնել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, մի կազմակերպություն, որի հիմքում ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, – նշել է նա՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանում իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և բլոգերների նկատմամբ անընդհատ ոտնձգություններ են տեղի ունենում, – կամայական ձերբակալություններ, անարդար դատավարություններ, շինծու մեղադրանքներ և, նույնիսկ, խոշտանգումներ կալանքի տակ գտնվելու ժամանակ»:
Ռեփսը հիշատակել է իրավապաշտպան Լեյլա Յունուսին որպես գործիչ, որի նկատմամբ պարբերաբար ճնշումներ են տեղի ունենում, ինչպես նաև Ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամադլիի և Բաքվի Քաղաքական ուսումնասիրությունների դպրոցի տնօրեն Իլգար Մամեդովին՝ կոչ անելով ազատ արձակել վերջիններիս:
«Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները և հիմնարար արժեքների մշտական խախտումները անընդունելի են: Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Իլգար Մամեդովին, Անար Մամադլիին և նրա գործընկերներին՝ Բաշիր Սուլեյմանիին և Էլնուր Մամեդովին, ինչպես նաև մեծ քանակությամբ մյուս «խղճի բանտարկյալներին»», – եզրափակել է զեկուցողը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ