Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Միջոցառումը համընկնում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան: Հանրապետության Նախագահը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:
Վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած են նոր սերնդի տեխնիկայով, ծառայության պայմանները դյուրին դարձնելու և աշխատանքը ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու անհրաժեշտ միջոցներով:
Հանրապետության Նախագահն այցելել է նաև վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ