Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում, անդրադառնալով հուլիսի 1-ից սպասվող աշխատավարձերի բարձրացմանը, հայտնեց, որ ընդամենը 9 տոկոսով է բարձրանալու մանկավարժների աշխատավարձը։
Տիկին Բախշյանը զարմանում է՝ ինչպե՞ս են անգամ այդքանը բարձրացնելու, եթե ՊՈԱԿ- ներին ավել չեն ֆինանսավորում. «Ինձ ուղղակի ասել են, որ այդքան բարձրացնելու են, ես էլ վստահում եմ այդ մարդուն»,- պատասխանելով այն հարցին, թե ինչու է միայն 9 տոկոսով բարձրանալու, ասաց տիկին Բախշյանը։
Տիկին Բախշյանի խոսքերով՝ մանկավարժները հուսախաբ վիճակում են, որովհետեւ հունվարից մինչեւ հիմա շատ դպրոցներում ուսուցիչների դասղեկությունը համարյա չի վճարվում կամ կիսով չափ է վճարվում, գրավորների համար ընդհանրապես չեն վճարում. «Այսինքն, ուսուցիչների աշխատավարձը այնքան է նվազել, որ այդ 9 տոկոսը նույնիսկ այս տարբերությունը չի լրացնելու»։
Տիկին Բախշյանը կիսում է մանկավարժների վրդովմունքը, բայց խնդրում է նրանց իրենց վրդովմունքը դասարաններում չարտահայտել. «Կարող են, թող միահամուռ հավաքվեն եւ գնան կառավարության շենքի առաջ պահանջեն իրենց արժանի աշխատավարձը»։
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը մեկնաբանեց վարչապետի այն հայտարարությունը, որում ասվում է, որ դպրոցը եւ կրթությունը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում. «Մի հարցնող լինի, այդ ինչպե՞ս է լինելու, նվաստացուցիչ աշխատավարձով։ Մեր Իշխանություններին բոլորովին ձեռնտու չէ ունենալ այն ուսուցիչները, որոնք չունեն բացառապես պետական մտածելակերպ եւ որոնք իսկապես մտահոգվում են ոլորտի ճակատագրով»։ Նա անբարոյականություն է համարում, երբ նախագահի աշխատավարձը երկու անգամ բարձրանում է, իսկ ուսուցչի աշխատավարձը դեռ մի բան էլ պակասում է. «Այդ 9 տոկոսը խաբկանք է»։
Անահիտ Բախշյանը ցավում է ուսուցիչների համար, բայց. «Ասում եմ, որ իրենց տեղն է։Նրանք, ովքեր հանրապետական կուսակցության ընտրությունների համար գլխապատառ ինչ ասես անում են , հիմա կառավարությունը իրենց տեղը ցույց է տալիս»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ