Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Ես այսքան նվաստացած չեմ եղել» (Տեսանյութ)

Հունիս 21,2014 12:53

Այսօր կուտակային կենսաթոշակի մասին օրենքն անցկացնելուց հետո ոչ իշխանական ուժերը մեղադրեցին ՀՀԿ-ին ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ դահլիճում անկախ պատգամավորներն ու ՀՀԿ-ականները միասին 64 հոգի էին, ոչ թե 67:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ՀՅԴ պատգամավորներին, որ հաշվետարի դեր ստանձնեն եւ լավ հաշվեն. «Ինձ թվում է՝ այդ հեղինակությունը կունենաք մինչեւ 67-ը հաշվելու: Չի կարելի նման տիպի ավանտյուրաներով, շանտաժներով հանրությանը գցել շփոթության մեջ: Այսօր քվորումն ապահոված է, եւ խնդրում եմ ավելորդ արտահայտություններ միք անի»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ավանտյուրիստն այն մարդն է, ով նման հայտարարություններ է անում եւ փորձում է վիրավորել մի ողջ քաղաքական ուժի»:

Աղվան Վարդանյանն էլ ասաց՝ «Բնականաբար, ես հարկ չեմ համարում տեղից անկապ ռեպլիկներին պատասխանել, բայց պարոն ՀՀԿ խմբակցության ղեկավար, ձեր հորդորները՝ հաշվապահի ձեզ պահեք: Մենք ձեզ չենք վիրավորել, ընդամենը ձեզ ասում են՝ շարժվեք օրենքով: Եթե այսօր հնարավորություն ունեք առաջ գնալու, 10 օր հետո չեք ունենալու: Դուք եք ասելու հետո՝ պահպանենք օրենքները»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Ուզում եմ ամբողջ հանրությանը տեղեկացնել , որ քառյակի ուժերը, ինչպես նաեւ անկախ պատգամավորները դեմ են այս օրինագծին, բայց չեն քվեարկել զուտ այն պատճառով, որ օրենքը չանցնի»:

Նա եւս մեկ անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց: Մինչեւ քվեարկությունը դարձյալ ընդմիջում էր հայտարարվել: Այս անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թույլ չտվեց ընդմիջում անել՝ասելով. «Կարծում եմ, արդեն քաղաքական դաշտից դուրս եք եկել, տեխնիկական դաշտ եք մտել: Ձեր անկարողությունը չի կարելի տարածել ԱԺ-ի բնականոն աշխատանքի վրա»:

Միջամտեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը. «Ես այսքան նվաստացած չեմ եղել: Չի կարելի այսպես վարել, չէ՞: Երբ որ մեր իրավունքի մեջ է 20 րոպե ընդմիջում խնդրել, ինչի՞ չեք տալիս: Այսօր լրջագույն հարցեր են քննարկում, չէ՞: Այն օրենքը, որ այսօր անցկացրեցիք, գիտեք, որ մարդիկ դեմ են: Մենք խնդիր ունենք այս հարցի շուրջ ավելի լուրջ քննարկում անելու, չե՞ք հասկանում: Մենք կարիք ունենք 20 րոպե ընդմիջման, որոշելու ինչ ենք անելու: Կարո՞ղ է օրենք ենք խախտում»:

Ոչ իշխանական ուժերը ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը:

Գալուստ Սահակյանը չլսեց անգամ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հորդորը՝ 20 րոպե ընդմիջում տալու: Ըստ նրա, ինչ է թե նեղ կուսակցական շահերով ժողովդի փոքրիկ հատվածին ապացուցեն, որ իրենք կան, գոյություն ունեն, ԱԺ-ի աշխատանքն են խաթարում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30