Այսօր ԱԺ-ում քվեարկության պիտի դրվի Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ օրինագիծը խմբագրել են եւ հաշվի են առել պատգամավորների որոշ առաջարկները, որոնք երեկ հնչեցին քննարկման ժամանակ: Օրինակ, հաշվի են առել Արամ Մանուկյանի ասածը եւ «պարտադիր կենսաթոշակային ֆոնդ» արտահայտությունն են վերանայել, որպեսզի ավելի հստակ լինի այն: Նա նաեւ նշեց, որ Պետական կենսաթոշակների օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ են մշակել եւ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ են պատրաստում, որտեղ առաջարկվում է հանել «պարտադիր» բառը կամ պարտադիր կուտակային բաղադրիչ բառը, թողնել միայն կուտակայինը. «Այդ փոփոխությունները, որոնք կատարվել են, կրում են խմբագրական բնույթ»:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դահլիճից սկսեց կանչել՝ «վարման կարգի վերաբերյալ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անտեսեց նրա պահանջը եւ սկսեց կարդալ օրենքի անունը՝ այն քվեարկության դնելու համար: Տեսնելով, որ Լեւոն Զուրաբյանը շատ է պնդում եւ արդեն տեղից բղավում է՝ Գալուստ Սահակյանը տեղի տվեց. «Ձայնը տրվում է ընդդիմության առաջնորդ Լեւոն Զուրաբյանին»:
Լեւոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ ասելով՝ «Չնայած ձեր պատկառելի տարիքին, ես շատ լավ եմ գնահատում ձեր լսողության եւ տեսողության ունակությունը: Երբ որ ես 20 րոպե ընդմիջում էի խնդրում, դուք չպիտի խախտեիք կանոնակարգը: Ես հիմա պահանջում եմ 20 րոպե ընդմիջում, որ քննարկենք, թե ինչպես եք դուք հետեւողաբար, սիստեմատիկ ձեւով խախտում օրակարգը»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դուք փորձում եք ձախողել ԱԺ-ի աշխատանքը, ես ապահովում եմ բնականոն աշխատանքը»:
Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ