Հունիսի 23-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Ստացված լուրերն արդեն իսկ հաստատում են, որ նստաշրջանը զերծ չի մնա ադրբեջանցիների սարքած հերթական ինտրիգից: Բաքվում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հայտնի սեմինարից հետո հարեւաններն այժմ էլ պատրաստվում են ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը վերածել հակահայկական քարոզչական հարթակի:
Եվ այսպես. ադրբեջանական պատվիրակությունը ԵԽ ԽՎ քարտուղարությանն է ներկայացրել մի բանաձեւի նախագիծ, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի:
Նախագծի հեղինակը ԵԽ ԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովն է, որը լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսպես է բացատրել իր «հերոսական» քայլը. «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել ադրբեջանական տարածքները, դրա համար բանաձեւի նախագիծ եմ պատրաստել` պահանջելով պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության»:
Եթե Ադրբեջանի հակահայկական գործելաոճն ամենեւին անակնկալ չէ, ապա մտահոգիչն այն է, որ եվրոպական այս կառույցում շրջանառության մեջ դրված անհեթեթ բովանդակությամբ հիշյալ նախագիծը ստորագրել է 14 երկրի 58 պատգամավոր:
Կարդացեք նաև
ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ ՀՀԿ պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ համոզված է, որ Ադրբեջանը կդիմի հնարավոր բոլոր սադրանքներին, ամեն ինչ կանի սեփական սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ անցկացնելու համար, բայց «մեր պատվիրակությունը լուրջ քայլեր կձեռնարկի, նրանք չեն հաջողելու»:
Ինչո՞ւ, այնուհանդերձ, ի հայտ եկավ հիշյալ հակահայկական բանաձեւը, պատճառը պատվիրակության մեկ այլ անդամ Նաիրա Զոհրաբյանը համարում է հետեւյալը. Ադրբեջանի իշխանությունները կանխազգալով, որ երկրի ներքին խնդիրները լուրջ մտահոգության առարկա են դառնում միջազգային կառույցներում, փորձում է կեղծ թեզերով հերթական անգամ շահարկել հայկական գործոնը, շրջանառելով անհեթեթ բովանդակությամբ այս նախագիծը, նպատակ ունի շեղել եվրոպացիների ուշադրությունը իրենց երկրում կատարվող բացասական գործընթացներից:
Իսկ Ադրբեջանում տարիներ շարունակ արհամարհվում է ժողովրդավարությունը, ոտնահարվում են մարդու իրավունքները, անհիմն դատապարտվում են լրագրողները. «43 քաղբանտարկյալ ունի այս երկիրը: Չնայած Ադրբեջանը մշտապես առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, բայց այս անգամ դա նրան չի հաջողվի»:
Ն.Զոհրաբյանը համոզված է՝ եվրոպացի պատգամավորներն այս անգամ չեն խնայի Ադրբեջանին ու այնտեղ տիրող հակաժողովրդավարական իրավիճակի մասին կհնչեցնեն սուր հարցադրումներ: Չբացառեց նաեւ՝ «ՌԴ-ից հետո ԵԽ ԽՎ-ն լրջագույն սանկցիաներ կկիրառի Ադրբեջանի հանդեպ»:
Հայտնի է, որ ԵԽ ԽՎ-ն արդեն իսկ պատժամիջոցներ կիրառել է Ադրբեջանի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց մուտքի վիզա տրամադրել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ, ԵԽ ԽՎ փոխնախագահ Ռընե Ռուկեին՝ այդ կերպ վիժեցնելով նրա մասնակցությունը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունենալիք խորհրդակցությանը: Պաշտոնական Բաքուն իր մերժումը պատճառաբանել էր այսպես՝ Ռուկեն նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ ու փաստորեն դրանով իսկ հայտնվել ադրբեջանական «սեւ ցուցակում»:
Ռընե Ռուկեի հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքը եղավ այն, որ նախ Ստրասբուրգում հանվեցին բոլոր այն պաստառները, որոնք տեղեկացնում են ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության մասին: Մինչդեռ, ընդունված կարգի համաձայն, Ստրասբուրգում մեծարում են այն երկրին, որը Նախարարների կոմիտեում ստանձնում է նախագահությունը, ի պատիվ նրա՝ քաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, Ստրասբուրգի քաղաքապետարանի դիմաց բարձրացվում են նախագահող երկրի դրոշները, փակցվում են զինանշաններ, հանրակառքերը ներկվում այդ երկրի դրոշի գույններով: Սակայն Ադրբեջանի պարագայում Ստրասբուրգը մերժեց նախատեսված այս բոլոր միջոցառումները:
Սանկցիաներից մյուսն էլ այն է, որ ԵԽ ԽՎ բյուրոն կայացրեց որոշում՝ առաջիկա երկու տարիներին կոմիտեների, հանձնաժողովների նիստեր չանցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքում:
Նկատենք, որ տարիներ շարունակ Ադրբեջանի խավիարական քաղաքականությանը տուրք տված եվրոպական շատ գործիչներ ուղղակի աչք են փակել այդ երկրում տիրող խայտառակ իրողությունների առաջ: Կարո՞ղ ենք հուսալ, որ եվրոպական կառույցը այս անգամ ի զորու կլինի համարժեք գնահատական տալու Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումներին, այլեւ հայատյացությունը պետական քաղաքականություն հռչակած երկրի քայլերին, դժվար է ասել, քանի դեռ շրջանառության մեջ կարող են դրվել սուլեյմանովական խայտառակ նախագծեր:
Ու չնայած դրան, շարունակում ենք հուսալ, որ Եվրոպայում այնուհանդերձ կան առողջ ձգտումներով, ադրբեջանական կաշառքն ու շանտաժը արհամարհող քաղաքական գործիչներ:
Ինչ վերաբերում է մեր պատվիրակների տրամադրվածությանը, այն, իրոք, մարտական է. Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է. «Համոզված եղեք, մենք բոլոր հնարավորություններն ունենք եւ հակադարձելու ենք ադրբեջանական ցանկացած անհեթեթության»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: