Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես ենք մենք պահպանում մեր հուշարձանները

Հունիս 21,2014 14:47

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են հրապարակախոս Կարինե Հակոբյանը եւ թատերագետ Արա Խզմալյանը:

Արամ Աբրահամյան.– Դուք տեսնո՞ւմ եք տրամաբանական շղթա՝ Աֆրիկյանների տուն, Զվարթնոց, Գառնի:

Կարինե Հակոբյան.– Օղակաձեւ զբոսայգի, օպերայի շրջակայք, մեր ամբողջ հին Երեւանի վերացում: Կարելի է շարունակել այս շարքը եւ նշել մեր կոթողների եւ եկեղեցիների անմխիթար վիճակը այսօր: Այսինքն` ինչպես ենք մենք վերաբերվում մեր ժառանգությանը, մեր մշակույթին: Մեր գերակայությունները խախտվել են, եւ մշակույթը հետին պլան է մղվել. դրա մեկ դրսեւորումն է այն, ինչ տեղի ունեցավ Գառնիում, Զվարթնոցում: Ետնաբեմ է մղվել մշակույթը, ծառայում է որպես միջոց, եւ դրա խորհրդանշական պատկերը հետեւյալն է. ետնաբեմում Գառնու տաճարն է, դիմացը` այդ խնջույքը, մեջքով նստած տաճարին, ուտում-խմում են: Դա արտացոլումն է մեր այսօրվա իրականության, մեր այսօրվա արժեհամակարգը:

Ա. Ա.- Մարդիկ, որոնք սեղանների շուրջ նստած են, ետնաբեմում Գառնու տաճարն է, ուտում-խմում են, դուք տեսնո՞ւմ եք այստեղ խորհրդանիշ:

Արա Խզմալյան.– Ես փորձում եմ ավելի կոնկրետ նկատել երեւույթները. ես, լինելով գրի, գրավոր աշխարհի մարդ, կարծում եմ` ամեն ինչ սկսվում է տառից, գրից: Մենք խնդիր ունենք օրենսդրորեն կարգավորելու այս ոլորտը: Ասեմ, որ միջազգային պրակտիկայում սա նորություն չէ, վաղուց մշակութային արժեքները անհասանելի հարթություններից իջել են եւ մտել մարդկանց առօրյա կյանք: Սա միջազգային պրոցես է. ամենահարուստ պետությունը անգամ չի կարող 100 տոկոսով զբաղվել իր մշակութային հուշարձանների ժառանգության պահպանման եւ վերականգնման խնդրով, եւ նման միջոցառումներով փորձում են կարգավորել, կոնսերվացնել քարերը, տաճարները եւ այլ արժեքներ: Խնդիրը հետեւյալն է` արդյոք գումարները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: Ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք թանգարանի մասին օրենքի նախագծին, որի վրա մենք շուրջ 1 տարի աշխատում ենք, եւ այդ օրենքը ընդունելուց հետո, կարծում եմ, շատ հարցեր կկարգավորվեն. այնտեղ առանձին կետ կա արգելոց-թանգարանների մասին:

Ա. Ա.– Այսինքն՝ կիսատկլոր մարդիկ զբոսնում են, խմում են, ուտում են Զվարթնոց տաճարում, բայց դա արվում է տաճարի պահպանման համա՞ր:

Կ. Հ.- Իհարկե, թանգարանները, մշակութային կոթողները չպետք է արխիվացվեն, հեռացվեն, պետք է դառնան մատչելի, պետք է իրենք ապրեն: Բայց դրա եղանակները կան: Մեր իրականության մեջ փողը դարձել է Աստված, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես ամբողջ արեւմտյան քաղաքակրթությունը դրանով է առաջնորդվում, եւ ճգնաժամի պատճառը հենց դա է:

Ա. Խ.– Ճիշտ է, որ պետք է եղանակները որոշել, բայց խնդիրն այն է, որ մեր հասարակությունն այսօր սկանդալամոլ է դարձել: Դեմագոգիայի` ամբոխավարության գործոնը շատ մեծ է իրականում, որովհետեւ այսօր մենք նույնքան մեծ խնդիրներ ունենք մեր շուրջը` հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, եւ դրանք երբեք չեն ստանում հասարակական հնչեղություն: Մշակույթի մասին կարող է խոսել ամեն ոք` հասկացողը, չհասկացողը, մտահոգը, անտարբերը, պարզապես սա դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր դժգոհ մարդ իր կյանքից, առողջական վիճակից հնարավորություն ունի դժգոհությունն ու ագրեսիան դրսեւորելու:

Կ. Հ.– Մշակույթը թանգարան չէ, որ պետք է հեռվում դրված լինի, մշակույթը հենց մեր կյանքն է, եւ մենք դա շատ լավ հասկանում ենք, եւ այս ընդվզումը, բողոքը եղավ, որովհետեւ հասկանում ենք, որ մենք, կորցնելով մեր վերաբերմունքը մշակույթի հանդեպ, նաեւ մեր անկախությունն ենք կորցնում, մեր ինքնությունն ենք կորցնում, այսինքն՝ մշակույթը դա հենց մենք ենք, հայ ժողովուրդը:

Ա. Խ.– Հավատո՞ւմ եք, որ բոլոր բողոքողները գիտեն` Զվարթնոցը որտեղ է, եւ պատմությանը քիչ թե շատ ծանոթ են:

Կ. Հ.– Դա երկրորդական հարց է, մեկը գիտի, մեկը չգիտի, մեկը լսելով գիտի, դա չէ հարցը, մենք այսօր խոսում ենք թերի օրենսդրությունից եւ գաղափարաբանությունից, որը մենք որդեգրել ենք, եւ որը հեռանկար չունի:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Մի շատ մեծ, հայ ռեժիսոր գոյություն ուներ և նա տանել չէր կարողանում այս երտասարդի դասախոսին,հիմա ես հասկանում եմ թե ինչու:Կարիերիստ և դատարկ անձնավորություն:

    • Մարտիկ says:

      Թե ով է Արա Խզմալյանը մենք համոզվեցինք նրա կազմակերպած թատերական փառատոնի արդյունքները տեսնելով, երբ մշակույթի նախարարության մեկ միլիոն դրամ մրցանակը տրվեց ուսանողական անհաջող 10 րոպեանոց ներկայացմանը, այն դեպքում երբ նրա կողքին կար շատ արժանի փայլուն ներկայացում։ Դե հիմա պարզ է, որ այս երիտասարդը պիտի պաշտպանի նախարարության կերած բողկերը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30