Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո հունիսի 21-22-ին Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում Միջազգային օլիմպիական օրվա շրջանակներում կազմակերպելու է մասսայական վազքարշավներ եւ մարզական այլ միջոցառումներ:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Առավոտին» պատմեց նախատեսվող միջոցառումների ու դրանց աշխարհագրության մասին:
«Դուք գիտեք, որ տարեց-տարի ՀԱՕԿ-ն ավելացնում է Միջազգային օլիմպիական օրվա շրջանակներում անցկացվող մասսայական-մարզական միջոցառումների եւ քանակը, եւ որակը: Հիշո՞ւմ եք, թե անցած տարի այս նույն օրը երեւանցիների եւ քաղաքի հյուրերի համար որքան հետաքրքիր ու բազմազան միջոցառումներ էինք կազմակերպել Հյուսիսային պողոտայում: Ցուցադրական մրցելույթներ ունեցան տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները, բազմաբնույթ մրցումներին մասնակցեցին հատկապես պատանիներն ու երիտասարդները: Ու գիտե՞ք, թե դա ինչպիսի արդյունքներ տվեց: Այդ օրվան հաջորդած մի քանի շաբաթներին բազմաթիվ ծնողներ իրենց երեխաներին տանում էին մարզադպրոցներ: Եվ երբ մարզիչները հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ են ընտրել հատկապես տվյալ մարզաձեւը, ծնողները պատասխանում, էին, թե երեխաները Հյուսիսային պողոտայում տեսել են այդ մարզաձեւի ելույթները եւ մարզվելու ցանկություն հայտնել: Բայց այս անգամ, մեր ցանկությունից անկախ, մայրաքաղաքում կսահմանափակվենք միայն Հանրապետության հրապարակից մինչեւ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք վազքարշավով, քանի որ, որքան էլ զարմանալի է, Հյուսիսային պողոտան տարվա այս եղանակին ամբողջովին քարուքանդ վիճակում է: Այսօրվա դրությամբ վազքին մասնակցելու արդեն մոտ վեց հազար հայտ ենք ստացել», – ասաց Հ. Ռոստոմյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞ր այլ վայր ընտրել, գլխավոր քարտուղարը պատասխանեց. «ՀԱՕԿ-ը երեք ներկայացուցչություն ունի Հայաստանի Հանրապետությունում՝ Գյումրիում, Վանաձորում եւ Սյունիքում: Այնտեղ որոշել են տեղերում այդ օրն ավելի տոնական անցկացնել: Բացի վազքարշավից կազմակերպվելու են բազմաթիվ այլ մասսայական մրցություններ ու ելույթներ: Ի վերջո, դա սպորտային զանգվածային տոն է ամբողջ աշխարհում, որին մենք ուզում ենք ավելի շատ մասնակից դարձնել հանրապետության մարզերի ու հեռավոր գյուղերի բնակիչներին»:
Կարդացեք նաև
Հրաչյա Ռոստոմյանը նաեւ ասաց, որ արդեն այսօրվանից օլիմպիական կոմիտեում մտածում են եկող եւ հաջորդ տարիների մասին: Նրա խոսքերով Դավթաշեն թաղամասում օլիմպիական կոմիտեի նորակառույց համալիրը շահագործման հանձնելուց հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է բարեկարգել ու կանաչապատել հարակից տարածքը: Այդպես կհիմնվի մի յուրօրինակ օլիմպիական այգի, որտեղ կկազմակերպվեն ամենատարբեր մարզական մասսայական միջոցառումներ, իսկ Դավթաշենը կդառնա մարզական ուրույն թաղամաս: «Այդ ժամանակ արդեն չենք նայի՝ Հյուսիսային պողոտան քանդվա՞ծ է, թե՞ կառուցապատված»,- ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014