Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանաչված մարիմբահարը Երեւանում է

Հունիս 21,2014 14:12

Հարվածային գործիքների մասնագետ
Սիլվի Զաքարյանը վարպետաց դասեր կանցկացնի

Առաջին անգամ հայրենիք է ժամանել ծնունդով Բուլղարիայից, այժմ ամերիկաբնակ, հարվածային գործիքների ճանաչված մասնագետ, Բոստոնի Longy School of Music-ի պրոֆեսոր Սիլվի Զաքարյանը: Նա այսօրվանից Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում կանցկացնի վարպետության դասեր:

«Առավոտի» հետ զրույցում Սիլվի Զաքարյանն ասաց, որ սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Վառնայի քոլեջում, ապա Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում, հետո՝ Բոստոնի կոնսերվատորիայում: Վարպետության դասերի նպատակն է երաժշտական դպրոցների սաների մոտ զարգացնել երաժշտական ռիթմը, կրթել ու նաեւ սեր արթնացնել կամերային երաժշտական մտածողությունից մինչեւ նվագախմբային արվեստ: «Սա նախագիծ է, որը կրում է «Սիստեմ Արմենիա» անունը, կազմակերպիչն էլ բոստոնաբնակ Աննա Մեսչյանն է: Ինձ հետ Հայաստան է ժամանել նաեւ ճանաչված դիրիժոր Դեվիդ Մալեքը, որը երեխաների հետ ավելի երկար ժամանակ կաշխատի ու հավանաբար աշնանը հանդես կգա համերգով՝ ղեկավարելով հայաստանցի երեխաներից բաղկացած մանկապատանեկան նվագախումբ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, թե ժամանակին այս առաքելությամբ իրեն Հայաստան այցելելու խորհուրդ է տվել անվանի ջութակահար Լեւոն Չիլինկիրյանը (Մեծ Բրիտանիա): Մեր հայրենակիցն ասաց նաեւ, թե այս նախագիծը ձեռնարկելիս մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր մենեջեր Արման Պադարյանը, որն իրեն հեռակա ծանոթացրել է Չայկովսկու անվան դպրոցի հարվածային գործիքների դասարանի ղեկավար Արսեն Տեր-Տաճատյանի հետ: Պրոֆեսորը հայտնեց, որ հունիսի 24-ին վարպետության դասընթացներն ավարտելուց հետո, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա համերգ, որտեղ հայ երեխաները հանդես կգան հարվածային գործիքների տարբեր կազմերի անսամբլային կատարումներով: Այդ օրն առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսը կծանոթանա մարիմբահար (մարիմբան ստեղնաշարային հարվածային գործիք է, որի վրա նվագում են հատուկ գլխիկավոր փայտիկներով) Սիլվի Զաքարյանի արվեստին:

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ հնագույն հարվածային գործիքները (լիտավր, քսիլոֆոն, մարիմբա եւ այլն) վերջին 25 տարում իրենց տեխնիկական եւ այլ հնարավորություններով զարգացում են ապրել: Երաժիշտը հիշեց բրիտանացի հարվածային գործիքների գիտակ ու կատարող Էվելին Գլենիի՝ տասնամյակներ առաջ արտահայտած այն միտքը, թե կգա մի ժամանակ, երբ սիմֆոնիկ նվագախմբում երկրորդ պլան մղված հարվածային գործիքները վերջապես առաջ կգան: Ասաց նաեւ, որ այսօր արդեն աներեւակայելի մեծ սոլո գրականություն կա՝ գրված հարվածային գործիքների համար:
Մեր հայրենակիցը ներկայացրեց Չայկովսկու անվան դպրոցի հարվածային գործիքների դասարանի ղեկավարին՝ Արսեն Տեր-Տաճատյանին, որը շուրջ 2 ուսումնական տարի է՝ ինչ աշխատում է դպրոցում, շուրջ 15 տարի էլ՝ իբրեւ նվագախմբի արտիստ, տարբեր ժամանակներում հանդես է եկել Գերմանիայում գործունեություն ծավալած «Ազգությունների ֆիլհարմոնիկ» եւ Աթենքի սիմֆոնիկ նվագախմբերում: Նա նաեւ հանդիսանում է ֆիլհարմոնիկ եւ օպերային թատրոնի նվագախմբերի երաժիշտ: Ի դեպ, Արսեն Տեր-Տաճատյանը հունիսի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլեւանյանի (ԱՄՆ) ղեկավարությամբ, հանդես կգա Էդվարդ Միրզոյանի լիտավրների եւ լարային նվագախմբի համար գրված հանրահայտ երկի կատարումով:

Արսեն Տեր-Տաճատյանն էլ ներկայացրեց Սիլվի Զաքարյանի գործունեության, իր խոսքերով՝ մի շատ կարեւոր հատված: «Սիլվին անդամ է արդեն 10 տարի Բոստոնում գործող հայկական մշակութային բարեգործական ֆոնդի, որի առաքելությունն է հայաստանյան երաժշտական դպրոցներն ապահովել գործիքներով»,- ասաց պարոն Տեր-Տաճատյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նկարում՝ Սիլվի Զաքարյանը (աջից),
Արսեն Տեր-Տաճատյանը՝ Չայկովսկու դպրոցի սաների հետ:

«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30