ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին է դիմել Գոհար Բաղրամյանը:
Նա ՊԵԿ նախկին աշխատակից, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արտակ Ղուկասյանի կինն է: Ստորեւ տպագրում ենք նրա նամակից մի հատված:
Ամուսնուս՝ Արտակ Ղուկասյանի առեւանգման հարցով արդեն երրորդ անգամ Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տեղեկացնելով, որ ծանրաբեռնվածության պատճառով քննիչը չի կարող ներկա գտնվել փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությանը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է դատական նիստ, որտեղ քննարկվում է Արտակ Ղուկասյանի առեւանգման հարցը: Արդեն երրորդ անգամ Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան՝ տեղեկացնելով, որ ծանրաբեռնվածության պատճառով քննիչը չի կարող ներկա գտնվել Արտակ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությանը:
Կարդացեք նաև
Մեծարգո պարոն Շահինյան, քննիչը խուսափում է, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի: Ինչո՞վ է բացատրվում ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանի «փախուստը» դատական նիստերից: Թե Արտակ Ղուկասյանը, թե նրա հարազատները մի շարք փաստեր են ներկայացրել, որ Արտակին առեւանգել, խոշտանգումների, ծեծի են ենթարկել Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ՊԵԿ ՕՀՎ-ի բաժնի պետ Արման Սարգսյանը, նրա աշխատակիցներն ու եղբայրը՝ Գուրգեն Սարգսյանը: Քննիչը ոչ միայն քրեական գործ չի հարուցել առեւանգման համար, այլ քրեական գործ չի հարուցել հակառակ՝ սուտ մատնության հիմքով: Նրա որոշման դեմ դատարան բողոք է բերել տնտեսագետ Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:
Քննիչ Հակոբյանը մեկ անգամ ներկայացավ դատարան, ասաց, որ իր ձեռքին չեն մի շարք նյութեր, խոստացավ, որ հաջորդ դատական նիստին կներկացնի նյութերը, որոնց հիման վրա չի հարուցել քրգործ եւ այլեւս չներկայացավ: Երեւի ծանոթացավ նյութերին, հասկացավ, որ խայտառակ գործ է վարել ու այլեւս չներկայացավ: Ա.Ղուկասյանի պաշտպանն արդեն երրորդ անգամ խնդրեց հետաձգել դատական նիստը, օրը, ժամը «հարմարեցնել» պարոն քննիչի հետ:
Մեծարգո պարոն Շահինյան, պետք է, պարտադիր է, որ Ձեր քննիչը ներկա լինի: Վահրամ Մկրտչյան- Արտակ Ղուկասյան առերեսումից, որը կատարվել է ՀՔԾ-ում, արդեն իսկ պարզ է, որ կատարվել է առեւանգում: Տարբեր լրատվամիջոցներ նյութեր են տպում, մեղադրում Ձեր քննիչին՝ փախուստի համար դատական նիստերից, մի՞թե Ձեր քննիչը չի ցանկանում իր հեղինակության ու արժանապատվության համար ներկայանալ: Քննիչը բացահայտ խուսափում է, վախենում է ներկայանալ, քանի որ իր վարած գործին քաջատեղյակ լինելով, վախենում է խայտառակ լինելուց: ՀՔԾ-ի քննիչը մի կերպ կոծկել է այս հանցախմբի հանցանքները ու ջայլամի նման գլուխը թաղել հողի մեջ, վախենում է ներկայանալ ու պատասխան տալ իր արածների համար: Լավ չի հասկանում քննիչը, որ սրանց արարքները կոծկելով, սրանց անպատիժ թողնելով՝ վաղը այս հանցախումբը իր ու իր մերձավորների հետ է այդպես վարվելու:
Քննիչը պարտավոր է պատասխան տալ իր վարած գործի համար, ոչ թե թաքնվի սրա-նրա թիկունքում եւ խնդրի, որ իր փոխարեն պետերն ու «մեջքերը» պատասխան տան: Այս գործով քննիչ Արթուր Ղազարյանը փորձագիտական եզրակացությունը ճիշտ կազմակերպելու համար ամուսնուցս գումար էր պահանջել, ասելով՝ հակառակ դեպքում կամ կգրեն անհայտ ձեռագիր, կամ էլ՝ «Ով փող կտա, նրանց շահերն էլ կպաշտպանեն»: Մենք կաշառք չենք տվել, որովհետեւ մենք արդար ենք եւ հավատում էինք, որ ՀՔԾ-ն էլ գործը կտանի հանցագործներին պատժելու ուղղությամբ, այլ ոչ թե կխեղաթյուրի ճշմարտությունը: Այսօր քննիչ Ղազարյանն արդեն ձերբակալված է, իսկ քննիչ Հակոբյանը շարունակում է կեղծել իրականությունը: Մեր ներկայացրած խոսուն փաստերը ՀՔԾ-ի քննչական խմբի կողմից անտեսելը, քննիչի կողմից դատարան չներկայանալը, իր վարած գործից անտեղյակ լինելը եւ մի շարք այլ հանգամանքներ սկսում են կասկածի տակ դնել ՀՔԾ-ի քննչական խմբի կողմից վարած գործի արդարացի լինելը:
ՀՔԾ-ի քննչական խումբն այս գործը մատների արանքով անցկացրեց, իրենց «ապահովության» համար խաղացին ամուսնուս եւ ընտանիքիս ճակատագրի հետ, ինչ-որ պաշտոնյաների ցանկությունից կամ ակնկալիքներից ելնելով՝ օբյեկտիվ լուծում չտրվեց եւ խեղաթյուրվեց ճշմարտությունը:
Մի՞թե այսպիսի քննիչն անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայությանը, քննիչ, որը պաշտպանում է թալանչի պատգամավորի եւ նրա հանցախմբի շահերը: Մի՞թե նրա նմանը չի վարկաբեկում Ձեր կառույցը:
Խնդրում եմ Ձեր լիազորությունների ուժով հանձնարարել ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանին՝ հաջորդ դատական նիստին ներկայանալ դատարան եւ պատասխանել Արտակ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հարցերին՝ իր վարած գործի վերաբերյալ:
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014