«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ
Էդգար Խաչատրյանը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում կարեւորում է նաեւ հասարակության մասնակցությունը:
«Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հասարակությունը գրեթե անտեղյակ է, թե ինչ հարցեր են քննարկվում բանակցության սեղանի շուրջ. «Հասարակությունը նաեւ անտեղյակ է, թե ինչ դիրքորոշում ունի քննարկվող հարցերի շուրջ սեփական երկրի ղեկավարությունը»:
Նա ցավով նկատում է, որ այսօր մենք չունենք հստակ պետական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, հասարակությանն էլ որեւէ անգամ հստակ չի ներկայացվել պետական ուղենիշը՝ ամենատրամաբանական հարցերի շուրջ:
«Օրինակ` որն է, ըստ մեր արտաքին գերատեսչության, խաղաղ կարգավորման կոնցեպցիան: Որն է այս գործընթացում Հայաստանի դերը, որը` Արցախինը, ինչ փոխզիջումների մասին է խոսում ՀՀ նախագահը բարձր միջազգային ամբիոններից արվող իր ելույթներում: Բանակցությունների գործընթացը ենթադրում է որոշակի համոզվածություն սեփական դիրքորոշումներում, հստակություն եւ սեփական պահանջմունքների հստակ արտահայտում: Ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ միակ հասկանալի լեզուն միջազգային իրավունքի եւ դիվանագիտության լեզուն է: Սա ենթադրում է, որ գոնե ինքդ պետք է հստակ պատկերացնես` ինչ ես ակնկալում շահել, ինչ կարող ես կորցնել կամ ինչ զիջումների ես պատրաստ նախանշված նպատակին բանակցությունների արդյունքում հասնելու համար: Ցավոք սրտի` ոչ Ալիեւը եւ ոչ էլ Սարգսյանն այս լեզվին հավանաբար չեն տիրապետում: Նրանք փորձում են առաջնորդվել թաղային հեղինակություններին վայել սադրանքի, դիմացինին վախեցնելու, սաստելու եւ շփոթեցնելու ոճով, որը, ի վերջո, որեւէ դրական արդյունքի նրանց մինչ հիմա չի բերել»,- բացատրում է Էդգար Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Արդյունքում էլ, ըստ նրա, հասարակության մոտ գրեթե կորել է հավատը խաղաղ կարգավորման հնարավորության, անգամ հավանականության հանդեպ:
Ինչ վերաբերում է հակառակ կողմին, ապա, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության նախագահի դիտարկմամբ, Ադրբեջանում քաղաքական այս անորոշությանը կամ ավելի շուտ` անգործությանն են գումարվում խաղաղարար նախաձեռնություններում մասնակցող քաղաքացիական դերակատարների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաները եւ ճնշումները, որը հասարակության մոտ խաղաղության մասին մտքերն անիրական, անգամ անընդունելի են դարձնում:
«Գաղտնիք չէ, որ կողմերի իշխանությունները օգտագործում են այդ չլուծված հակամարտությունը որպես գործիք՝ իրենց նեղ նպատակներին հասնելու համար, իրենց իշխանությունը պահելու, երկրներում տոտալ կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերից ժողովրդի եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու կամ երկրների ներսում այլախոհներին պատժելու նպատակով»:
Էդգար Խաչատրյանը հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության նկատմամբ եղած անվստահությունն էլ ավելի խորացավ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո:
«Հաշվի առնելով Ռուսաստանի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում` նրա կողմից Ղրիմի անեքսիան ավելի խորացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության նկատմամբ եղած անվստահությունը թե տարածաշրջանում եւ թե միջազգային հանրության աչքերում: Ս. Սարգսյանի միանձնյա որոշմամբ, Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության հարցի շուրջ քննարկումների ընթացքում ավելի ակնհայտ եւ շոշափելի դարձավ, որ չլուծված ԼՂ հակամարտությունը շահեկան միջոց է նաեւ Ռուսաստանի իշխանությունների համար` տարածաշրջանում ազդեցությունը պահելու կամ ռուսական շահերը թելադրելու համար: Ըստ էության, մեր հասարակությունը ականատեսը դարձավ այն փաստի, որ Հայաստանի անզոր, ոչ լեգիտիմ, հասարակության վստահությունն ու աջակցությունը չվայելող իշխանություններն ունակ չեն սեփական երկրի շահերին նպաստող որոշումների կայացմանն ու իրագործմանը»,- ասում է Էդգար Խաչատրյանը:
Այս իրավիճակում Էդգար Խաչատրյանը տրամաբանական է համարում այն, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են օգտագործել վերը նշված բացերը՝ բանակցային գործընթացը իրենց համար ավելի բարենպաստ եւ շահեկան ուղղությամբ տանելու նպատակով.
«Իրականում նմանատիպ հակամարտությունների կարգավորման ունիվերսալ միջոցներ չկան, եթե անգամ դրանք գոյություն ունեն, ապա ես չեմ տիրապետում այդ միջոցներին: Ակնհայտ է մեկ բան, որ հակամարտության` պատերազմական ճանապարհով լուծման փորձերը կբերեն անդառնալի եւ ողբերգական հետեւանքների՝ թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի համար»:
Նա նկատում է, որ նախորդ պատերազմում հասած հաջողությունների եւ մարտական փորձի վրա հայերիս հույս դնելը անհիմն ռոմանտիզմ է` մանավանդ հաշվի առնելով ներկայիս ռազմական տեխնոլոգիաները եւ նրանց կիրառման հետեւանքով առաջացող արհավիրքները.
«Միակ ճանապարհն, ըստ իս, սպառազինությունների մրցավազքի բռնվելու փոխարեն, դրսեւորել կամք, մշակել կարգավորման հստակ քաղաքական ռազմավարություն, ներկայացնել հասարակությանը հնարավոր կորուստներն ու ձեռքբերումները եւ հասնել հասարակության կողմից այս որոշումների նկատմամբ վստահությանը: Սկզբունքորեն, իշխանությունների առաջնային դերն է ծառայել սեփական ժողովրդին եւ որոշումներ կայացնել ու գործողություններ իրականացնել` ի նպաստ իրենց ընտրող ժողովրդի: Չեմ կարծում, որ պատերազմը բխում է որեւէ ժողովրդի շահերից: Այսինքն, եթե իշխանությունները գտնում են, որ չեն կարողանում գործել ի նպաստ սեփական ժողովրդի շահերի, թող հրաժարվեն աթոռներից եւ հնարավորություն տան այն ուժերին, որոնք կկարողանան գործել հօգուտ իրենց ընտրողների»:
Էդգար Խաչատրյանը, թեեւ բանակցային գործընթացում չի թերագնահատում հակամարտող երկրների առաջնորդների դերը, անուամենայնիվ, նկատում է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում պակաս կարեւոր չէ հասարակության մասնակցությունը:
«Անհրաժեշտ եմ համարում քաղաքացիների համար փոխվստահության եւ երկխոսության հարթակի ձեւավորումը: Նմանատիպ հարթակի բացակայությունն այսօր բերել է հասարակությունների միջեւ փոխադարձ ատելությանը եւ թշնամանքին, որոնք ավելի են հեռացնում փոխշահավետ խաղաղ լուծում գտնելու հնարավորությունը»,- եզրափակում է հասարակական կազմակերպության նախագահը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014