Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախի մերժման հիմնավորումը առաջարկի հեղինակն անհիմն է համարում

Հունիս 21,2014 14:30

«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությունը կառավարությանն առաջարկել էր Երեւանի գործող ավտոշուկաներում տեղակայել մաքսային եւ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) գրասենյակներ, որի շնորհիվ մեր երկիր ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որը արդեն գտնվում է մաքսային ռեժիմի տակ, եւ մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին:

Այս առաջարկին «Առավոտ» օրաթերթն անդրադարձել էր մայիսի 14-ի՝ «Առաջարկում են ավտոշուկաներում մաքսային եւ ՃՈ կետեր բացել» հրապարակմամբ: Սակայն կառավարությունը, այսպես ասած՝ «խելքին մոտ» չի համարել կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանի առաջարկությունը ու մերժել է:

«Տեղեկացնում եմ, որ գրությամբ առաջարկված «մեխանիզմի» ներդրման դեպքում գրեթե անհնար կլինի տարանջատել հետագա վաճառքի համար ներմուծվող ավտոմեքենաները անձնական օգտագործման համար ներմուծվողներից, ինչը գործնականում նշանակում է, որ ներմուծվող ավտոմեքենաների գերակշիռ մասը կներկայացվի որպես հետագա վաճառքի նպատակով ներմուծվող՝ անորոշ ժամանակահատվածում մնալով առանց վերջնական մաքսային ձեւակերպման եւ առանց համապատասխան վճարներով հարկման։ Արդյունքում կստեղծվի ներմուծվող ավտոմեքենաներից գանձման ենթակա մաքսային վճարների վճարումից խուսափելու գործուն մեխանիզմ»,- այսպես է մերժումը հիմնավորել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ առաջարկը նաեւ հակասում է ՀՀ որոշ օրենքների: Նույն հիմնավորմամբ մերժել է նաեւ ՀՀ ոստիկանությունը:
Պարոն Դոստուրյանը որոշել է պայքարել իր առաջարկը կյանքի կոչելու համար եւ վստահեցնում է, որ ֆիննախի եւ ՃՈ-ի հիմնավորումները տեղին չեն:

ՀՀ վարչապետին ուղղված նամակում պարոն Դոստուրյանը նշել է. «Այն, որ ֆիննախն ասում է՝ հնարավոր չի լինի տարանջատել ներմուծվող անձնական օգտագործման մեքենան վաճառքի մեքենայից, եւ այդ պատճառով անորոշ ժամանակով կարող է մնալ չմաքսազերծված, անհիմն է, քանի որ ներկա գործող օրենքի պայմաններում էլ հենց այս պահին ներմուծվող մեքենաները, կարեւոր չէ՝ անձնական օգտագործման, թե վաճառքի, եթե 10 օրվա ժամկետում ինչ-ինչ պատճառներով չեն մաքսազերծվում, կարող են ներկա գործող օրենքի կարգով մեքենան կանգնեցնել Նորագավիթի մաքսային կետի ավտոկայանատեղիում՝ վճարելով կայանավարձ: Այսինքն՝ մեր առաջարկի կարգը ՀՀ-ում արդեն գործում է Նորագավիթի ավտոկայանման համար, իսկ մենք առաջարկում ենք Նուբարաշենի ավտոշուկայի վրա էլ տարածել: Նույնաբովանդակ առարկությունը ուղղում ենք նաեւ ՃՈ-ին՝ մեր առաջարկությունը չի հակասում ՃՈ օրենքին, մենք ասում ենք՝ մեքենաների մաքսազերծման ՃՈ օրենքի դրույթները կիրառել նաեւ Նուբարաշենի ավտոշուկայի համար»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30