Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատող թաքցնելու պատրվակով գործարարի բիզնեսը հարկայինը «բնաջնջել» է

Հունիս 21,2014 14:35
ashxatavarz

Միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն միլիոնավոր գումարներ են հատկացնում մեր երկրի հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության բարեփոխման համար: Սակայն համակարգը բարեփոխվելու փոխարեն՝ հարկայինի աշխատակիցների «տեռորի» մեթոդներն են գնալով կատարելագործվում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նշանակման առաջին օրերին ամենայն պատասխանատվությամբ հրապարակավ հայտարարեց. «Ես թույլ չեմ տա, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, որեւէ մեկի բիզնեսը խլի… թող մամուլը հետեւի, տեսնի՝ կա՞ արդյոք մեկը, որի նկատմամբ իշխանական լծակներ են օգտագործվել եւ բիզնեսը խլել: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր նման տեղեկատվության մամուլում հայտնվելու դեպքում նույն մամուլի ներկայացուցիչների հետ միասին անձամբ զբաղվել, հետեւել, հետաքննել, տեսնել՝ նման բան կա՞, թե՞ չկա, ու պատժել մինչեւ վերջ նման մարդկանց»:

Այսպես՝ գործարար Հրայր Ավանեսյանը մեկն է այն ձեռնարկատերերից, որն, իր համոզմամբ, ինչ-որ պաշտոնյայի կամ պաշտոնյաների նեղ անձնական շահերից ելնելով՝ հաշված ժամերի ընթացքում զրկվել է տարիներ շարունակ իր աշխատանքի արդյունքում ստեղծած բիզնեսից եւ եկամտի բոլոր աղբյուրներից: Պետական եկամուտները թաքցնելու կասկածանքով հարկայինի աշխատակիցներն այս տարվա փետրվարի 17-ին եւ 20-ին մտել են Հրայր Ավանեսյանին պատկանող ընկերություններ եւ խուզարկել ու առգրավել ընկերության տեխնիկան: Հարկայինի պատճառով գործարարը մոտ 5 ամիս է՝ զրկված է բիզնես ծավալելու հնարավորությունից, քանի որ նրա գրասենյակի ողջ տեխնիկան ներկայումս էլ բռնագրավված է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական բաժնի կողմից: Ամիսներ շարունակ գործարարին պատկանող թանկարժեք տեխնիկան, որով նա հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ է մատուցել, թափված է եղել ՊԵԿ քննչական վարչության միջանցքում՝ զուգարանի դռան կողքին: «Առավոտի» հետ զրույցում» Հրայր Ավանեսյանն ասաց, որ տեխնիկան առգրավելուց հետո այդ սարքավորումները դարսված են եղել մեկը մյուսի վրա՝ առանց փաթեթավորման, դրանց կողքով ամեն րոպե մարդիկ են անցուդարձ արել: Մինչդեռ դրանք գերզգայուն սարքավորումներ են, որոնք հողանցման բացակայության պարագայում կարող են փչանալ:
«Այդ եղանակով պահված սարքավորումներն այլեւս պիտանի չեն լինելու շահագործման կամ զգալիորեն կորցրած են լինելու իրենց պիտանելիությունը»,- ասում է Հրայր Ավանեսյանը: Նրա խոսքերով. «Տարիների ընթացքում զրկանքներով եւ ծանր չարչարանքով կարողացել եմ ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, ընդլայնել պատվիրատուների ցանկը, ստեղծել եւ ավելացնել աշխատատեղեր: Իմ վաստակած գումարները բավարարել են ընտանիքիս գոյությունը պաշտպանելու եւ քայլ առ քայլ բիզնեսն ընդլայնելու համար: Այդ սարքավորումները միակ նյութական արժեքն են, որ ես կարողացել եմ ստեղծել՝ երկար տարիներ շարունակ օրական 12-18 ժամ աշխատելով»:
Ընդ որում, ինչպես գործարարն է վստահեցնում՝ փետրվարի 20-ին հարկայինի աշխատակիցների խուզարկությունը կատարվել է առանց դատարանի որոշման: Իսկ փետրվարի 17-ին, գրասենյակում կատարված խուզարկությանը զուգահեռ, ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն են կատարել նաեւ «Կադաֆոն» ընկերության տեխնիկայի գտնվելու վայրում՝ Օրբելի 22 հասցեում, որտեղից առգրավել են բնակչության հեռախոսազանգերի տվյալները, սակայն ինչպես Հ. Ավանեսյանն է ասում՝ փաստացի որեւէ որոշում կամ արձանագրություն այս փաստի վերաբերյալ գոյություն չունի:
Նշենք, որ Հ. Ավանեսյանը հեռահաղորդակցության ծառայությունը մատուցում էր իր ընտանիքին ամբողջությամբ պատկանող «Կադաֆոն» եւ մասնակի պատկանող «Հարհիմթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաեւ իսպանական «Միկա Էկիսերվինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նրա ղեկավարած հայաստանյան մասնաճյուղի միջոցով:

Գործարարի վկայմամբ. «ՊԵԿ աշխատակիցների կողմից առգրավվել են այնպիսի կրիչներ, որոնցում առկա են մոտ 6-7 հազար՝ «Միկա Էկիսերվինգ» ՍՊԸ-ի, մոտ 2-3 հազար՝ «Կադաֆոն» ՍՊԸ-ի եւ մոտ 3-4 հազար «Հարհիմթել» ՍՊԸ-ի բաժանորդների անձնական կյանքի գաղտնիությանը վերաբերող տվյալներ՝ նրանց ելքային եւ մուտքային հեռախոսազանգերը: Մինչդեռ դատարանի որոշում՝ կապված այդպիսի տեղեկություններ ձեռք բերելու հետ, ՊԵԿ-ի աշխատակիցները չեն ունեցել: Այս հանգամանքը ապօրինի է եւ անվերահսկելի միջամտություն նրանց անձնական կյանքին»:

Հաշվի առնելով, որ մեր երկրում միջազգային հեռախոսակապի ոլորտը վերահսկվում է որոշ «հզոր» պաշտոնյաների կողմից, գործարարը կասկած չունի, որ հարկայինի աշխատակիցների գործելաոճն ուղղված է իր բիզնեսի «տապալմանը», հակառակ դեպքում առգրավված տեխնիկան այդպես անխնա չէր ոչնչացվի. «Նույնիսկ այն սարքավորումները, որոնք կարելի էր անջատել եւ տանել՝ առանց դրանց վնաս պատճառելու, վնասվել են. սարքավորումները անջատվել են՝ առանց անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերը պահպանելու, ինչի արդյունքում դրանցում կարող են առաջացած լինել անուղղելի վնասումներ, թանկարժեք լարերի մի մասը սովորական ձեւով անջատելու փոխարեն արմատախիլ են արվել եւ պատառոտվել, ամբողջությամբ ոչնչացվել է ընկերությունների համակարգչային ցանցը:

Ոչ ոք չի կարող բացատրել, թե ի՞նչ հանրային շահ է հետապնդվել քննիչների կողմից, որոնք բոլոր հնարավորություններն ունեցել են՝ առանց իրենց քննությանը խանգարելու, նվազագույնի հասցնել իմ վնասները, սակայն, դրանով հանդերձ, այնուամենայնիվ, գերադասել են «սպանել» տարիների իմ բիզնեսը»:

ՊԵԿ-ի հետ տեղի ունեցած այդ միջադեպից հաշված օրեր անց ընկերության հեռախոսակապի ծառայությունից օգտվող բաժանորդները գործարարին պատմել են, որ անծանոթ անձանցից հեռախոսազանգեր են ստացել, որոնք նրանց հայտնել են, թե Հրայր Ավանեսյանին պատկանող կազմակերպություններն այլեւս չեն աշխատելու, եւ առաջարկել են այլ ընկերության բաժանորդ դառնալ. «Սա եւս մեկ անգամ ամրապնդում է իմ այն համոզմունքը, որ քրեական գործն օգտագործվել է որպես պատրվակ՝ մեր կազմակերպությունները այդ շուկայից արմատախիլ անելու»,- ասում է Հ. Ավանեսյանը: Գործարարին նաեւ մտահոգում է այն, որ իր ընկերությանը պատկանող սարքավորումները եւ փաստաթղթերը տարվել են առանց փաթեթավորման, առանց կապարակնքման, առանց ապահովելու նրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը տեղափոխման եւ պահպանման ընթացքում. «Սարքավորումները տեղափոխվել են թեթեւ մարդատար մեքենայով՝ մի կերպ խցկելով նրա բեռնախցիկում եւ ոտնատեղերում: Ընկերության փաստաթղթերն առգրավվել են առանց համարակալման, առանց պատշաճ փաթեթավորման եւ կապարակնքման, բաց արկղերով, որի արդյունքում տեղափոխողները ունեցել են այդ արկղերից ցանկացած փաստաթուղթ ավելացնելու կամ պակասեցնելու հնարավորություն»:

Նկատենք, որ «Միկա Էկիսերվինգ» ՍՊԸ-ն աութսորսինգի (դրսի ընկերության աշխատանքներին ՀՀ քաղաքացիների ներգրավում) պայմանագրով իրականացնում է «Մեա Սիսթեմս» ընկերության, որը գրանցված է Դոմենիկյան Հանրապետությունում, իսկ սարքավորումները եւ բանկային հաշիվները՝ Եվրոպայում տվյալների մշակման եւ համակարգերի հեռակառավարման աշխատանքները: Իսկ «Մեա Սիսթեմս» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ստեղծված օրվանից չի գործել եւ երբեւէ որեւէ աշխատակից չի ունեցել: Սակայն ուշագրավ է, որ հարկայինի քննչականը գործը հարուցել է հենց Դոմենիկյան «Մեա Սիսթեմս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության նկատմամբ՝ պատճառաբանելով, որ այս ընկերությունն աշխատակիցներ է թաքցում:
ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վարդանյանը քրգործի հիմքում դրել է այն, որ «Մեա Սիսթեմս»-ը 17 չձեւակերպված աշխատակից ունի: Մինչդեռ քննիչը այդ մասով որեւէ ապացույց ունենալ չէր կարող, քանի որ Հ. Ավանեսյանի խոսքերով՝ այդ հիմնարկը չի գործել: Քրգործի հիմքում նշվում է նաեւ, որ Հ. Ավանեսյանը «Մեա Սիսթեմս» հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է, սակայն նշված ներկայացուցչության տնօրեն է հանդիսանում բոլորովին այլ մարդ (այս մասին հավաստող փաստաթուղթը մեր ձեռքի տակ է):

Անհասկանալի է նաեւ, թե թաքնված աշխատողներին հայտնաբերելու համար հարկայինն ինչո՞ւ է կապի մատուցման սարքավորումները առգրավել եւ հիմնարկի աշխատանքը կաթվածահար արել:

«Այս ամենը հիմք է տալիս ինձ մտածելու, որ այս բարբարոսական հարձակման իրական նպատակը ինձ այդ ծառայությունների շուկայից դուրս մղելն էր: Այլապես, ինչո՞վ կբացատրվեր ինձ նպատակաուղղված տնտեսական վնաս պատճառելը»,- ասում է Հ. Ավանեսյանը: Գործարարը նաեւ զավեշտ է համարում, որ ինքը քրեական գործով ոչ կասկածյալ է, ոչ էլ մեղադրյալ: Հարկայինի քննիչ Կարեն Հակոբյանը, որն այս գործով քննչական խմբի ղեկավարն է, Հրայր Ավանեսյանին հայտնել է, որ նա գործով վկա է հանդիսանում:

«Ուղղակի աբսուրդ է, քրգործի որոշման մեջ ես անցնում եմ որպես կասկածյալ: Իսկ չեն ուզում, որ ես ստանամ կասկածյալի կարգավիճակ, քանի որ վախենում են, որ այդ կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել գործողություններին, ինչի արդյունքում կպարզվեն գործը «սարքելու» արհեստական հիմքերը»:

Հ. Ավանեսյանը բողոքներ է գրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն, ինչպես ինքն է ասում, բողոքների նկատմամբ ձեւական մոտեցում է ցուցաբերվել:

Այս առնչությամբ «Առավոտը» պարզաբանում խնդրեց ՊԵԿ քննիչ Կարեն Հակոբյանից, որը, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով, թե հարցերը գրավոր ուղղենք ՊԵԿ լրատվական ծառայությանը: Հրապարակումը համարեք գրավոր հարցում:

Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30