Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «քցե՞ց» ընդդիմությանը

Հունիս 21,2014 14:55

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է,
որ «քառյակը կամաց-կամաց ինքն իր ձեռքով գրում է իր դատավճիռը՝ իր քայլերով
եւ պահվածքով ապացուցելով, որ ո՛չ հրաշալի է եւ ո՛չ էլ միասնական»:

Ապրիլի 22-ին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել էին Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը ՀԱԿ-ը չէր գնացել, իրենք այս կառավարության հետ քննարկելու բան չունեն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարեւորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը եւ պատրաստ է հետագա երկխոսության՝ տարբեր ձեւաչափերով: Հանդիպման ընթացքում վարչապետի հետ փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել՝ համատեղ աշխատելու նոր նախագծի վրա: Սակայն պարզվում է՝ վարչապետի հետ հանդիպման գնացած ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել նոր փաստաթղթի ձեւավորմանը: Այդ մասին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, երբ փաստաթուղթը դեռ խորհրդարանական խմբակցություններին էր ներկայացվել:

Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասել էր. «Այսօրվա հանդիպմանը իսկապես մենք տեսանք փոփոխություններ իրականացնելու պատրաստակամություն: Մենք կփորձենք գտնել ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ, որ իսկապես այս գործընթացը վերանայվի այնպես, որ հասարակությունը հավատա, համոզվի, եւ իսկապես վստահության մթնոլորտ ձեւավորվի»:
Երեկ «Առավոտի» հարցին` ստացվում է, որ վարչապետը «քցեց» քաղաքական ուժերին, հիասթափվա՞ծ եք, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Մի՞թե ես նման եմ մի մարդու, ով հիասթափվում է»: Փոխարենը հիասթափված էր ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորն այնքան էր հիասթափված, որ ասաց՝ առաջիկա օրերին չի ցանկանում հարցերի պատասխանել: Նա ձեռնպահ մնաց մանրամասնել, թե հատկապես ումի՞ց է հիասթափված եւ ինչո՞ւ: Մինչդեռ վարչապետի հետ հանդիպումից հետո Արծվիկ Մինասյանը բավական դրական տրամադրություններ ուներ: «Շատ ենք կարեւորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել, եւ բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցին: Խնդիրը երկու փուլի է բաժանվում, առաջին փուլն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը: Դա նշանակում է, որ այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որոնք թույլ կտան, որ քաղաքացիները բացառապես իրենց կամարտահայտությամբ համակարգին մասնակցեն, չի լինելու որեւէ պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք: Երկրորդ փուլն արդեն նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավում, դա ավելի երկար ժամանակ է պահանջում»,- վարչապետի հետ հանդիպումից հետո ասել էր նա:

«Մենք գնացել ենք, որովհետեւ ունեցել ենք նախագծի մեր օրինակը, մեզ առաջարկել են մի քիչ սպասել, քանի որ իրենք էլ են պատրաստվում նոր նախագիծ ներկայացնել»,- մեզ հետ զրույցում վարչապետի մոտ ապրիլի 22-ին կայացած հանդիպման մասին ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` չցանկանալով գնահատականներ հնչեցնել եւ շրջանցելով կառավարության կողմից քաղաքական ուժերին «քցելու» թեման:
«Ցանկացած պարագայում մեր անելիքը լինելու է հանրային շահի սպասարկումը: Ամեն դեպքում հարցը քննարկվում է ոչ իշխանական ուժերի մեր գործընկերների հետ: Ենթադրում եմ, հավանաբար, մենք կունենաք միասնական դիրքորոշում: Վարչապետի վերաբերյալ Ձեր հարցերը կարող եք ուղղել իր կողմից լիազորված անձանց»,- սա էլ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի պատասխանն էր «Առավոտի» հարցին` ԲՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից խաբված եւ «քցված» զգո՞ւմ են իրենց:

Խորհրդարանի երեկվա արտահերթ նիստին ընդդիմության նախ չմասնակցելը (այդ մասին մանրամասն ծանոթացեք www.aravot.am կայքում), ապա ՀՀԿ-ականներով քվորումի ապահովումից հետո գրանցվելու համար «հերթ կանգնելը» հեգնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` նկատելով, որ ընդդիմադիրները «գիշերը քնում-արթնանում՝ որոշումները փոխում են»: Ի՞նչ պայմանավորվածություններ կային իշխանական ուժի հետ: Համամի՞տ եք Վահրամ Բաղդասարյանի այն դիտարկմանը, որ քառյակում մրցակցություն է ընթանում ընդդիմադիրի տիտղոսի համար` «Առավոտի» հարցերին էլ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խուսափողական եւ ընդհանրական պատասխան տվեց. «Քառյակը արտաբերում է հանրային պահանջը քաղաքական հարթության մեջ, մասնավորապես՝ խորհրդարանում, քառյակի ուժերը ունեն մեկ նպատակ՝ երկրում իրավիճակ փոխել եւ քաղաքացու կյանքը բարելավել: Ինչ վերաբերում է առավոտյան տեղի ունեցածին, ապա պիտի ասեմ, որ խնդիրը խորհրդարան հապճեպ կերպով բերված նախագծերն էին: Մենք չենք ցանկանում կարեւոր նշանակություն ունեցող օրինագծերի քվեարկությանը մասնակցել առանց դրանք լրջագույնս ուսումնասիրելու եւ մասնագիտական մակարդակի վերլուծելու»:

Փոխարենը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը մեր հարցին` ի՞նչ էր ակնարկում ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ի՞նչ պայմանավորվածություններ են ունեցել քառյակի ներկայացուցիչ քաղաքական ուժերը, որոնք խախտել են, ասաց. «Քառյակը ցավալիորեն կամաց-կամաց ինքն իր ձեռքով գրում է իր դատավճիռը՝ իր քայլերով եւ պահվածքով ապացուցելով, որ ո՛չ հրաշալի է եւ ո՛չ էլ միասնական: Քառյակի՝ վերջին շրջանի պահվածքում եւ գործողություններում անառարկելի է մեկ իրողություն՝ մեկը մյուսից առաջ ընկնելով եւ իրենք իրենց հակասելով փորձում են ինքզինքը ներկայացնել որպես ամենաընդդիմադիրը, եւ հենց այս մարաթոնն էլ դառնում է նրանց կարապի երգը: Իրականում ուժեղ ընդդիմությունը շատ կարեւոր գործոն է, ցավում եմ, որ քառյակն այդպես էլ չկարողացավ եւ չի էլ կարող դառնալ ընդդիմություն»:

Դրա պատճառները ՀՀԿ-ական պատգամավորի համար ակնհայտ են, իսկ եթե ոմանք դա չեն տեսնում, ապա, ըստ Մարգարիտ Եսայանի, չեն ուզում տեսնել: «Մեր խմբակցության ղեկավարի խոսքում ակնարկ չկար, կար սթափ եւ ճիշտ գնահատական, եւ այդ գնահատականի հիմքում հենց քառյակի ամենօրյա պահվածքն է. տեսեք, առավոտյան չեն գրանցվում եւ քվորում չի ապահովվում, հետո երբ ՀՀԿ-ն ինքն իրենով ապահովում է քվորումը, եւ ԱԺ նիստը շարունակվում է, նույն քառյակի անդամները հերթ են կանգնում գրանցվելու համար: Ծիծաղելի չէ՞. դե, եթե այդքան սկզբունքային էին, թող գրանցվեին ճիշտ պահին: Կամ՝ ելույթներ ունեցան որոշ ներկայացուցիչներ. ինչո՞ւ, այսինքն՝ ասելիք կար, ուրմեն ինչի՞ համար էր այդ ապաշնորհ թատրոնը: Մեր ասելիքն այն է, որ հրավիրում ենք կառուցողական դաշտ, աշխատելու եւ խնդիրները միասին քննարկելու դաշտ: Դատեք ինքներդ, այս պահվածքի դեպքում էլ ո՞նց լուրջ ընդունես մի ուժի, որի անունը դեռ կա, բայց թե տակն ինչ կա՝ անհասկանալի է: Ուրմեն ինչպե՞ս լուրջ ընդունես տասներկու կետը, կամ ընդհանրապես՝ որեւէ կետ… Ցավում եմ, որ ընդդիմությունն այդպես էլ չի կայանում, գուցե արձակուրդայինի տրամադրություննե՞ր ունեն…»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30